Էքստրեմալ ելույթ՝ առանց պատրաստվելու. 2 դրվագ՝ Արթուր Ալեքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ Արթուր Ալեքն է:

Նա մեզ պատմեց երկու «էքստրեմալ» դեպք, որոնք կապված են բեմի հետ: Մեկը տեղի է ունեցել համերգի ժամանակ, որին մասնակցել է երեք երգչախումբ, այդ թվում՝ «Հովեր»-ը, որի կազմում երգում է Արթուրը. «Կային նաեւ մենակատարներ, խոռն ու նվագախումբը պետք է ձայնակցեին նրանց: Եվ այնպես ստացվեց, որ համերգից ընդամենը մեկ ժամ առաջ երգիչներից մեկը կա՛մ հրաժարվեց, կա՛մ չկարողացավ երգել, հստակ չեմ հիշում: Եվ ես ստիպված էի մեկ ժամում սովորել Ռոբերտ Ամիրխանյանի նոր, ինձ բացարձակ անծանոթ երգերից մեկը:

Ռոբերտ Բաբկենիչն ասաց. «Պետք է երգես, իրավիճակը փրկես»: Մի կերպ սովորեցի, հետո ասացի. «Գոնե նվագախմբի հետ մեկ փորձ անեմ մինչեւ բեմ դուրս գալը»: Բայց դա էլ չստացվեց. նվագախումբը գնացել էր ընդմիջման: Այդպիսով, վստահելով նախախնամությանը` բեմ դուրս եկա ու, փառք Աստծո, թեեւ շատ լարված էի, բայց կարողացա ջրից չոր դուրս գալ»,- ծիծաղելով հիշեց երգիչը:

Նա պատմեց նաեւ մեկ այլ դեպք, որը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի շրջանակում կազմակերպված համերգներից մեկի ժամանակ. «Երբ վերջում բոլոր արտիստներով բեմում էինք եւ կատարում էինք Ֆրանսիայի օրհներգը, իմ կողքին կանգնած երգչուհիներից մեկը, չեմ ասի՝ ով, շատ լուրջ դեմքով բերանը կիսատ բացել-փակելով, ականջիս ասաց. «Էնքան մեծ հաճույքով շաուրմա կուտեի»: Ծիծաղելի էր ոչ այնքան նրա ասածը, որքան այդ իրավիճակը, եւ ես հազիվ եմ ինձ զսպել, որ հրապարակավ չծիծաղեմ, մի կերպ անցկացրինք այդ պահը»,-ասաց Արթուրը:
Նա հավելեց, որ նմանատիպ դեպքեր իր կյանքում շատ են եղել. դրանք արդեն դարձել են կենսակերպ, եւ հաճախ դժվար է լինում առանձնացնել որեւէ մեկը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս