ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ովքե՞ր չեն կարող հրաժարվել կուտակային բաղադրիչին մասնակցությունից:
Իրինա Առաքելյան (46 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ի Առաքելյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝
1. 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված պետական համակարգի բոլոր վարձու աշխատողները: Ընդ որում, եթե նշված անձինք ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, ապա իրավունք ունեն իրենց սոցիալական փաթեթի գումարը (բացառությամբ առողջապահության փաթեթի համար նախատեսված 52 000 դրամից)՝ որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին:
2. 2014թ. հուլիսի 1-ից հետո աշխատաշուկա մուտք գործած, 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված բոլոր անձինք, ովքեր 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ չեն աշխատել:
Եթե անձը ծնվել է 1996 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո եւ 2014թ. հուլիսի 1-ից հետո մուտք է գործում աշխատաշուկա (2014թ. հուլիսի 1-ի դրությամբ չի աշխատել), ապա նրա կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը, մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը, նվազեցվելու է մասնակցի եկամտային հարկի գումարից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ զինծառայողները եւ զինծառայողներին հավասարեցված անձինք (ՀՀ զինված ուժերի ծառայողները, ոստիկանները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ծառայողները, հարկադիր կատարողները, քրեակատարողական ծառայողները, փրկարարական ծառայության ծառայողները)՝ անկախ տարիքից, կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցներ չեն: Կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է անձի կողմից կուտակելու ժամանակահատվածով: