ՍՊԱՍՈՒՄՆԵՐԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ԱՎԵԼԻՆ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ-ում երեկ սկսվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը: Եթե որեւէ անտեղյակ մեկը հետեւեր խորհրդարանի քննարկումներին, գուցե տարակուսեր պատգամավորների, այդ թվում նաեւ իրենց ընդդիմություն հռչակածների կողմից նոր վարչապետին հիմնականում գովեստի խոսքեր շռայլելու երեկ արձանագրված շքահանդեսից: Սակայն իրողություն այն է, որ նախորդ` Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագիրը քննարկելուց եւս պատկերը գրեթե նույնն էր: 2014-ի մայիսին էլ բոլորը «լիահույս» էին, իսկ այսօր նույն այդ մարդիկ ընդունում են, որ Հայաստանը շատ ծանր կացության մեջ է: Իսկ պատճառն այն է, որ պատգամավորների մեծամասնությունը՝ ի դեմս վարչապետի եւ կառավարության անդամների, տեսնում են ինչ-որ մի բան «կպցնելու» օղակի: Իրականում Կարեն Կարապետյանի կառավարության շուրջ ձեւավորված այս աժիոտաժն իր մեծ վտանգն ունի։ Ինչու, որովհետեւ չարդարացված հույսերն, ի վերջո, վերածվում են հուսահատության: Սակայն Կարեն Կարապետյանի կառավարության դեպքում նման հուսահատությունը ավելի խորքային հետեւանքներ կարող է ունենալ, քանի որ ձախողվելու դեպքում արժեզրկվելու է կիրթ պաշտոնյայի կերպարը։ Բանն այն է, որ ներկա կառավարության անդամների մեծ մասը հենց այդ դերի մեջ է փորձում հանդես գալ:

 

 
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում որոշվել է, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը կշարունակի պաշտոնավարել: Մինչ այս համառ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արարատի մարզպետն առաջիկայում փոխվելու է, եւ այդ պաշտոնը վստահվելու է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին, որը 2013-2014 թվականներին արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը, սակայն, որոշել է չփոխել Արարատի մարզպետին եւ Ռուբիկ Աբրահամյանին այդ պաշտոնում պահելով՝ մարզում ունենալ ազդեցության եւս մեկ լծակ: Ռուբիկ Աբրահամյանը մինչ այս եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կադրը: Սակայն եկող տարվա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նա Սերժ Սարգսյանին պետք է ապացուցի, որ հավատարիմ է։ Ի դեպ, նույնը պետք է անեն նաեւ նրա պաշտոնին աչք դրած Արամայիս Գրիգոյանը եւ նրա եղբայրը` ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը՝ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով։

 

 
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով տնտեսական աճի` վերջին յոթ տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ է արձանագրվել: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական վիճակագրությունում տնտեսական աճը ներկայացվում է «տնտեսական ակտիվության ցուցանիշ» անվան ներքո: Եվ այս տարվա 9 ամիսների արդյունքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա համեմատ, աճել է ընդամենը 1,6 տոկոսով: Նկատենք, որ ավելի ցածր ցուցանիշ վերջին յոթ տարիների կտրվածքով արձանագրվել էր հեռավոր 2009 թվականին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամով պայմանավորված Հայաստանում երկնիշ տնտեսական անկում արձանագրվեց. մասնավորապես 9 ամիսների կտրվածքով տնտեսական անկումը կազմել էր 18,3 տոկոս: 9 ամիսների արդյունքներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2,6 տոկոսով նվազել են, ինչը եւս պաշտոնական վիճակագրության տեսանկյունից աննախադեպ վատ ցուցանիշ է:

 

 
Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ի խմբագրությունը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանը իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների կողմից հայտարարված մրցույթները ուղղորդում է։ Օդում կախված լուրեր կան այն մասին, որ բացվում են տարբեր ՍՊԸ-ներ ու Ա/ձ-ներ, որոնք մասնակցում են այս կամ այն մրցույթին եւ առանց մրցակցության շահում, քանի որ Արտեմ Ասատրյանի հովանավորության տակ են։ Իսկ այն ընկերությունները, որոնք օրենքի տառին համապատասխան հաղթում են, նախարարը չեղյալ է հայտարարում մրցույթները, որպեսզի իր «հավատարիմները» շահեն։ Երեկ «ժողովուրդ»-ը այս խնդրի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանից: Ի պատասխան՝ նա ասաց, թե փաստեր չկան: Այսինքն՝ եթե անուն չկա, եթե անձը վախենում է հրապարակային հանդես գալ, ապա խնդիրը գոյություն չունի, լուրերն էլ բամբասանք են, ինչպես միշտ: Հուսանք՝ ՀՀ վարչապետը կարձագանքի այս իրողություններին՝ հրահանգելով լրջորեն զբաղվել սպիտակ ձեռնոցներով ներկայացող նախարարին։

 

 

 
ՇՔԱՆՇԱՆԸ՝ ԿՐԾՔԻՆ
Հայաստանի իշխանական եւ դիվանագիտական շրջանակները դեռ չէին հասցրել պատշաճ կերպով արձագանքել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում արած հայտարարությանն այն մասին, որ Թուրքիան կարող է դրական դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, երեկ պաշտոնական Կրեմլի այս տեսակետը երկրորդեց, ավելի ճիշտ՝ անցած երեք ամիսների ընթացում արդեն երրորդեց այդ երկրի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում փոփոխությունների շուրջ քննարկումներ չեն ընթանում, սակայն Մոսկվան միայն կողջունի, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները, այդ թվում եւ Թուրքիան, կառուցողական դերակատարում ունենան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է նա՝ հավելելով, թե «Մինսկի խմբի բոլոր անդամների ուղղակի պարտականությունն է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:
Հիշեցնենք, որ 1992թ. ձեւավորված Մինսկի խումբը բաղկացած է 11 անդամներից, որոնց թվում են նաեւ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆինլանդիան, Շվեդիան կամ Իտալիան: Բայց Ռուսաստանը երբեւէ չի հիշատակել, որ, օրինակ, Ֆինլանդիան չի կատարում իր «ուղղակի պարտականությունը՝ ղարաբաղյան հակամարտության հարցում ներդրում ունենալու» առումով: Իսկ, ահա, Թուրքիայի դեպքում, չգիտես ինչու եւ ամենակարեւորը՝ ինչպես, հուլիսից սկսած ռուս-թուրքական նոր սիրախաղի մեկնարկից ի վեր Կրեմլում սկսել են շատ դրական ակնկալիքներ ունենալ: Եվ սա այն դեպքում, երբ ապրիլի 22-ին նույն Սերգեյ Լավրովը Երեւանում հայտարարում էր, որ ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիայի պահվածքը ոչ թե խաղաղությանը միտված երկրի վարքագիծ էր, այլ ուղղակիորեն պատերազմի կոչ:
Եվ, ահա, հիմա պատերազմի կոչ անող երկրից Կրեմլում ակնկալում են «դրական դերակատարություն» եւ կառուցողական առաջարկներ»: Թե ինչով է դա պայմանավորված, թերեւս դժվար չէ հասկանալ. միջազգային մեկուսացման էլ ավելի մեծացող վտանգի առջեւ Ռուսաստանը պատրաստ է ցանկացած գնով սիրաշահել Թուրքիային՝ վերջինիս ծառայեցնելով սեփական աշխարհաքաղաքական շահերին:
Սակայն այստեղ հարց է ծագում. իսկ ուր են մնում Հայաստանի շահերը, եւ ով պետք է դրանց տեր կանգնի: Ինչու են լռում պաշտոնական Երեւանը եւ ի հեճուկս բոլորի՝ վերանշանակված ԱԳ նախարարը: Լավ, եթե Լավրովն արդեն իսկ խոսում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ միմյանցով պայմանավորված լինելու մասին եւ այդպիսով, ըստ էության, այլեւս չեղյալ հայտարարում «հարաբերությունների հաստատում՝ առանց նախապայմանների» սկզբունքը, միթե Հայաստանը չպետք է հանդես գա «որեւէ» հայտարարությամբ: Ի վերջո, նման գերկրավորականությունը ոչ միայն վտանգավոր է, այլ պարզապես ամոթ է:




Լրահոս