Միայն այն, որ առաջիկայում բոլոր որոշումները ընդունվելու են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Մելիք Ադամյանում կամ Հանրապետության հրապարակում, կարո՞ղ է որեւէ կերպ բարձրացնել կուսակցությունների դերը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու տարի է՝ նոր Սահմանադրության ջատագովները հավաստիացնում են, որ խորհրդարանական կառավարման համակարգը շեշտակիորեն մեծացնելու է կուսակցությունների դերն ու նշանակությունը՝ դա ներկայցնելով որպես կարեւոր ձեռքբերում:

Սակայն հարց է առաջանում՝ իսկ ինչպես է բարձրանալու կուսակցությունների դերը: Միթե միայն այն, որ առաջիկայում բոլոր որոշումները ընդունվելու են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ Մելիք Ադամյանում կամ Հանրապետության հրապարակում, կարող է որեւէ կերպ բարձրացնել կուսակցությունների դերը: Բնականաբար՝ ոչ /իսկ որ դա այդպես է լինելու, եւ Աժ-ն չի դառնալու որոշիչ դերակատար, թերեւս քչերն են կասկածում/:

Յուրաքանչյուր կուսակցություն մինի քաղաքական համակարգ է, եւ ինչպես որ երկիրը որքան ժողովրդավարական լինի, այնքան ավելի ուժեղ եւ անխոցելի կլինի, այնպես էլ կուսակցությունները. որքան ավելի մեծ լինի այս կամ այն ուժի ներսում ժողովրդավարությունը, բազմակարծությունը եւ որոշումների կայացման թափանցիկությունը, այնքան դժվար կլինի ճնշել այդ ուժին եւ, օրինակ, մեկ ելույթով դրա առաջնորդին հեռացնել քաղաքականութունից:

Մեզանում, սակայն, ինչպես հայտնի է՝ գերիշխում են մարդ-կուսակցությունները, ընդ որում, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր դաշտում: Հենց նույն Ստեփան Դեմիրճյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի, Հրանտ Բագրատյանի, Արամ Զավենի եւ Գասպարի Սարգսյանների կուսակցությունների անունները հանրությունը թերեւս չգիտի էլ, բայց ճանաչում է դրանց անփոփոխ առաջնորդներին: Տարօրինակ է, բայց նույնիսկ Հանրապետական կուսակցությունը, որը տասնյակ հազարավոր անդամներ ունի, այսօր նույնպես մարդ-կուսակցություն է, քանի որ այդտեղ կա մեկ իրական դերակատար, եւ դա Սերժ Սարգսյանն է: Կառավարության վերջին փոփոխությունը, ի դեպ, եւս մեկ անգամ ցցուն դարձրեց այդ իրողությունը:

Սակայն Սահմանադրության փոփոխությամբ պայմանավորված՝ հնարավորություն է ստեղծվել հիմնովին վերափոխել այս փտած համակարգը: Կառավարության հեղինակած կուսակցությունների մասին նոր օրենքի նախագիծն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել ԱԺ-ում, սակայն դրան ծանոթանալով՝ ակնհայտ է դառնում, որ կուսակցությունների իրական դերի բարձրացումն այս իշխանություններին ամենեւին պետք չէ: Նոր օրենքով նախատեսված չէ կառուցվածքային, գաղափարական եւ ծրագրային որեւէ նշաձող կամ սահմանափակում, որը կնպաստեր կուսակցությունների ներքին ժողովրդավարացմանը, հետեւաբար եւ կայացմանն ու ազդեցության իրական բարձրացմանը: Կախված նրանից, թե Աժ-ում առաջիկա քննարկումների ընթացքում այս հարցի շուրջ առաջարկություններ կանե՞ն ընդդիմադիր ուժերը, հատկապես նորաստեղծները, պարզ կդառնա՝ որքանով են վերջիններս շահագրգիռ ՀՀ-ում կուսակցական համակարգի կայացմամբ եւ մարդ-կուսակցությունների վերացմամբ:




Լրահոս