Արդեն մի քանի օր է, ինչ Ազգային ժողովում շարունակվում են 2017 թվականի պետական բյուջեի քննարկումները: Նախօրեին Ազգային ժողովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ներկա էին ՀՀ մարզպետները, բացառությամբ Կոտայքի մարզպետի:
«Ժողովուրդ»-ը մարզպետներից հետաքրքրվեց, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ որոնք են իրականացրել, եւ արդյոք վարչապետը գոհ է նրանց աշխատանքից: Պարզվեց, որ մինչեւ դեկտեմբերի կեսը մարզպետները պետք է ներկայացնեն իրենց մարզերի զարգացման ռազմավարական ծրագրեր:
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյան
-Պարո՛ն Հակոբյան, թեեւ Դուք կարճ ժամանակ է, ինչ պաշտոնավարում եք, այնուամենայնիվ, նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներից կոնկրետ ո՞րն եք կատարել:
-Դեռ չեմ հասցրել, վարչապետի հանձնարարականները ստացել ենք գրեթե մեկ շաբաթ առաջ:
-Կասեք, թե կոնկրետ ի՞նչ էր հանձնարարվել Սյունիքի մարզի մասով:
-Կոնկրետ ինքը Սյունիքը այլ մարզերից չէր տարանջատել, մենք բոլոր մարզպետների հետ միառժամանակ ստացել ենք հանձնարարականները, հիմնականում դա վերաբերում էր ֆերմերային տնտեսությունների զարգացմանը, եւ մենք այդ եւ այլ ուղղությամբ մինչեւ դեկտեմբեր ամսի կեսը պետք է ներկայացնենք ծրագիրը, ինչի վրա աշխատում ենք:
-Կմանրամասնեք, թե, օինակ, ֆերմերային տնտեսությունների զարգացման ի՞նչ ծրագիր եք պատրաստում:
-Գաղտնիք է, մինչեւ դեկտեմբեր ես կներկայացնեմ, ինչին Դուք եւս կծանոթանաք:
-Դուք Կարեն Կարապետյանի նշանակած մարզպետն եք, այս ընթացքում Ձեր կատարած աշխատանքից նա գո՞հ է եղել:
-Չեմ կարող ասել, վարչապետը դեռ գնահատական չի տվել:
զրուցեց Քնար Մանուկյանը