Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ով մեկուկես տարի առաջ ստանձնել էր Օդեսայի նահանգապետի պաշտոնը, հրաժարական է տվել: Ընդ որում, նա դա արել է իրեն հատուկ սկանդալային ձեւով. «Ինձ երբեք այնքան չեն խաբել, որքան Ուկրաինայում: Չնայած Ուկրաինայում իշխանափոխությանը՝ երկրում ծաղկում է կոռուպցիան, եւ ինչպես թալանում էին առաջ, այնպես էլ հիմա են թալանում: Ի՞նչ տարբերություն ուկրաինացիների համար, թե ով իրենց վրա թքած ունի՝ Պորոշենկո՞ն, թե՞ Յանուկովիչը»,- հայտարարել է Օդեսայի՝ այլեւս նախկին նահանգապետը:
Սահակաշվիլիի այս հրաժարականը շատ ուշագրավ է այն առումով, որ անցած երեք տարիներին Հայաստանում քաղաքական գործիչների, փորձագետների եւ լրագրողների մի ստվար հատված, որպես անհաս երազանք, ի ցույց էր դնում Ուկրաինայի օրինակը՝ ասելով, թե՝ տեսեք, ինչ կարող էինք ունենալ եւ ինչ կորցրինք: Մյուս կողմից էլ այդ նույն մարդիկ, որպես կոռուպցիայի դեմ պայքարի սիմվոլ, գերագույն հիացմունքով մատնանշում էին Սահակաշվիլիին՝ ամեն անգամ խորը «ախ» քաշելով ու ասելով, տեսնես՝ մենք էլ մի Սահակաշվիլի կունենա՞նք:
Մենք, իհարկե, չունեցանք եւ դժվար էլ ունենանք: Բայց եթե մի կողմից Ուկրաինան այդքան լավն էր, այդքան ժողովրդավարական, բարեփոխվող, «Եվրոպայից 5 պակաս» մի երկիր, ինչու է այդ դեպքում կոռուպցիայի դեմ պայքարի «սիմվոլը» հայտարարում, որ իրեն երբեք այդքան չեն խաբել, որքան Ուկրաինայում, եւ ինչու է պնդում, որ Ուկրաինայի՝ դեպի ԵՄ ընտրությամբ ոչինչ չի փոխվել: Մյուս կողմից էլ՝ եթե Սահակաշվիլին ինքն այդքան ազնիվ բարեփոխիչ էր, վրացիները պիտի որ անցած երեք տարում «դարձի գային» ու հասկանային, թե ինչ են կորցրել՝ ընտրելով Բիձինա Իվանիշվիլուն, ու պետք է անցած ամիս կայացած խորհրդարանական ընտրություններում միահամուռ ձեւով իրենց քվեն տային Սահակաշվիլու քաղաքական ուժին: Նման բան, սակայն, տեղի չունեցավ:
Եվ, ուրեմն, հետեւություն. որեւէ երկրի ներքին բարեփոխումը այդ երկրի ժողովրդի հավաքական կամարտահայտության արդյունքում պետք է լինի: Եթե կա այդ հավաքական կամքը, ապա դրան ո՛չ Եվրասիական տնտեսական միությունը կարող է խանգարել, ո՛չ էլ, դրա բացակայության դեպքում, Եվրամիությունը կարող է օգնել:
Թող չափազանցված չհնչի, բայց դրա վառ ապացույցն է մի կողմից Ուկրաինան, բայց մյուս կողմից էլ, որոշ չափով, Հայաստանը, որը չնայած ԵՏՄ-ի «բռնապետների ակումբին» անդամակցությանը, այնուհանդերձ, առանձնապես չի զիջել ազատականության այն մակարդակը, որը մինչ այդ ուներ: Անշուշտ, այստեղ կա տեսլականի խնդիրը, բայց այդ տեսլականը կարելի է ունենալ նաեւ առանց անդամակցության: Կարեւորը ներքին եւ համընդհանուր ձգտումն է: