Եվ այսպես՝ հակառակ շատերի կանխատեսումների, ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Այս փաստը, բնականաբար, իսկական ցնցում առաջացրեց միջազգային մեդիա եւ փորձագիտական դաշտում առավել հաճախ հնչող՝ աշխարհն այլեւս երբեք նախկինը չի լինի ընդհանրական ձեւակերպմամբ:
Ինչ խոսք, Թրամփի նման օդիոզ, ցինիկ, ագրեսիվ եւ դասական իմաստով ապաքաղաքական գործչի հաղթանակն ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հետեւից կբերի նշանակալի փոփոխություններ ինչպես երկրի ներքին կյանքում, այնպես էլ արտաքին աշխարհաքաղաքական իրողություններում: Թե ինչպիսին կլինեն դրանք, այսօր կարելի է միայն կռահել, քանզի մեկ բան է նախագահի թեկնածու Թրամփը՝ իր սկանդալային հայտարարություններով, որոնց արդյունքում, ի դեպ, կարողացավ բարձր ռեյտինգներ ապահովել, մեկ այլ բան՝ արդեն ԱՄՆ նախագահ Թրամփը, որը, վստահաբար, նկատելիորեն մեղմելու է իր էքսցենտրիկ վարքագիծն ու ներկայացնելու է պաշտոնական Վաշինգտոնի շահերը: Արդեն իսկ երեկ՝ ընտրություններում տարած հաղթանակից հետո, իր առաջին ելույթում Թրամփը նկատելիորեն հավասարակշիռ եւ իր նախկին սկանդալային հայտարարություններից տարբերվող ուղերձով հանդես եկավ՝ ասելով, թե լինելու է բոլոր ամերիկացիների նախագահը եւ նշելով. «Սա տարբեր ռասաների, կրոնների, հավատքի պատկանող ամերիկացիներից կազմված շարժում է, ամերիկացիների, որոնք ցանկանում են եւ ակնկալում են, որ մեր կառավարությունը ծառայի ժողովրդին, եւ այն կծառայի»:
Ամեն դեպքում, Թրամփի հաղթանակի հետ կապված ամենատխուր իրողությունն այն է, որ ակնհայտ դարձավ. ԱՄՆ՝ մարդու իրավունքների ջահակիր երկիր լինելու շուրջ պատկերացումներն այլեւս ժամանակավրեպ են: Եթե Միացյալ Նահանգների ազատ քաղաքացիներն իրենց քվեն տվեցին ռասիստական, կրոնական ու սեռային խտրականության աննախադեպ դրսեւորումներով աչքի ընկած Թրամփին՝ հակառակ ինտելեկտով եւ դասական քաղաքական գործունեությամբ տարբերվող Քլինթոնի, նշանակում է, որ հենց ռասիզմն ու խտրականությունն են այսօրվա Միացյալ Նահանգների քաղաքացիների մեծամասնության ցանկալի գաղափարախոսությունը: Եվ իրական վտանգը ոչ թե Թրամփի նախագահական գործունեության ընթացքում հնարավոր ծայրահեղական քայլերի հեռանկարն է, այլ ԱՄՆ հասարակության՝ այս աստիճան դեգրադացված նախասիրությունները:
Սոցիալական ցանցերում հակադարձելով Թրամփի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ի փլուզման մասին օգտատերերի գրառումներին՝ քաղաքագետներից մեկը գրել էր. «Մի՛ մտահոգվեք, ԱՄՆ-ն Թրամփի նման նախագահ ունենալու ռեսուրս ունի»: Արդյոք դա այդպես է: Նոյեմբերի 8-ից հետո կասկածելի պնդում է: