ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նոյեմբերի 10-ին մասնակցեց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի («ISTC») բացման պաշտոնական արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, «IBM» համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովը, հյուրեր «IBM»-ից, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակից (ՄԶԳ), ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և բիզնես ոլորտներից:
Բացմանը ներկա պաշտոնյաներն ու հյուրերը ծանոթացան կենտրոնի կրթական և տեխնիկական հնարավորություններին, զրուցեցին ուսանողների և դասախոսների հետ։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, իր խոսքում կարևորելով այս ծրագիրը, ընդգծեց, որ Հայաստանում Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը նշանակալի ձեռքբերում է՝ ուղղված Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքով՝ «ISTC» կենտրոնի հիմնումը հնարավորություն կտա Հայաստանում վերապատրաստել ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ։
Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, «IBM»-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: «ISTC»-ի նպատակներն են՝ զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն