Զորախումբը չի հանձնվելու միայն ռուսական կողմի կառավարմանը. Գագիկ Ջհանգիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14-ին ռուսական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել հայ-ռուսական զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրին: ՌԴ նախագահի կարգադրության համաձայն` Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է ՌԴ ԱԳՆ մասնակցությամբ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ եւ պայմանավորվածության հանգելուց հետո Ռուսաստանի անունից ստորագրել վերոհիշյալ համաձայնագիրը: Թե ինչ կտա համաձայնագիրը, եւ, առհասարակ, որն է լինելու դրա գործառույթը, «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել ԱԺ պատգամավորներից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյան

-Պարո՛ն Ջհանգիրյան, հայ-ռուսական զորքերի միավորում ստեղծելու մասին համաձայնագիրը ի՞նչ կտա Հայաստանին:

-Անվտանգության, պաշտպանունակության մակարդակի բարձրացում: Այսօր մենք մի անվտանգության համակարգի մեջ ենք, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը մեր գործընկերն է, եւ մենք այլ անվտանգային համակարգի անդամ չենք: Եթե այդ գործընկերությունը ՀԱՊԿ-ի շրջանակներից բացի՝ ամրապնդվում է տարբեր պայմանագրերով, իմ կարծիքով, դա ճիշտ է:

-ԱԺ պատգամավորներից շատերը այն կարծիքն են, որ նմանօրինակ համաձայնագրերի փոխարեն ՀՀ իշխանությունները պետք է հասնեն նրան, որ մեր դաշնակից երկիրը զենք չվաճառի մեր թշնամի երկրին: Իսկ քանի դեռ դա այդպես չէ, որեւէ նոր համաձայնագիր ընդամենը մեծացնելու է մեր առանց այն էլ չափազանց մեծ կախվածությունը Ռուսաստանից:

-Դա դրա հետ որեւէ կապ չունի, համատեղ զորախմբի ստեղծումը ուղղված չէ միայն ադրբեջանի դեմ, մեր տարածաշրջանում էլի այլ պետություններ կան, հզոր պետություններ, ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ ենք սահմանակից: Այդ հարցը մյուսի հետ, կներեք, խառնում են այն մարդիկ, որոնք, այսպես ասեմ, մակերեսային պատկերացում ունեն պաշտպանության խնդիրներից:

-Իսկ մտավախություն չունե՞ք, որ Ռուսաստանը կարող է այս համատեղ զորախումբը ապագայում օգտագործել մեր հարեւան երկրների, մասնավորապես Վրաստանի հետ խնդիրների դեպքում, ինչը, բնականաբար, չափազանց անցանկալի կլինի Հայաստանի համար:

-Ձեր հարցը նման է ՀՕՊ պայմանագրի մեկնաբանություներին, երբ մարդիկ չէին ընթերցել պայմանագիրը կամ ընթերցել էին, ճիշտ չէին ընկալել դրա դրույթները եւ ասում էին, որ մենք մեր օդային տարածքը հանձնում ենք մեկ այլ պետության: Վստահ եմ, որ կգա ժամանակը, եւ համատեղ զորախմբի ստեղծման վերաբերյալ պայմանագիրը կլինի մեր տրամադրության տակ, եւ այդ ժամանակ դուք կտեսնեք, որ այդ համատեղ զորախումբը չի հանձնվելու միայն ռուսական կողմի կառավարմանը կամ ղեկավարմանը, այդպիսի բան չի կարող լինել:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս