ՊԵԿ-ը որոշել է ավելի քանի 2 մլն դրամ գանձել. ինչ խախտում է թույլ տվել ընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի էր դարձել, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետ Արման Մանուկյանը, ուսումնասիրելով «Մասուկ» ՍՊ ընկերության վարչական վարույթի վերաբերյալ նյութերը, պարզել է, որ համաձայն հարկային մարմնում առկա անձնական հաշվի քարտի տվյալների` «Մասուկ» ՍՊԸ-ի չկատարած հարկային պարտավորությունները հոկտեմբերի 17-ի դրությամբ կազմում են մոտ 2 մլն 84 հազար դրամ:

Այդ իսկ պատճառով քննելով առկա տվյալները՝ Մանուկյանը որոշում է կայացրել հարկային պարտավորությունները չկատարելու համար Իջեւան քաղաքում գտնվող այդ ՍՊԸ-ից գանձել ավելի քան 2 մլն դրամ:

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նշյալ ընկերությունը հիմնականում զբաղվում է կառուցապատմամբ: Քանի որ որոշման մասին ՊԵԿ-ն արդեն պետք է տեղեկացրած լիներ տվյալ կազմակերպությանը, «Ժողովուրդ»-ը փորձեց ընկերության տնօրեն Անահիտ Ճաղարյանից պարզել` արդյո՞ք իրենք հիմնավոր են համարում ՊԵԿ-ի կայացրած որոշումը:

Հեռախոսազանգին պատասխանեց տիկին Ճաղարյանի ամուսինը: Սակայն նրա խոսքերից սկզբում պարզվեց, որ այդ գումարի մասին անգամ մոռացել են, բայց զրույցի ընթացքում պարոն Ճաղարյանը հիշեց այդ մասին եւ քանի որ տեղյակ էր այդ ամենից, համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

-Բարեւ Ձեզ, ես պարոն Ճաղարյանի հե՞տ եմ խոսում:

-Ո՛չ, ո՛չ, այո՛, այո՛, լսում եմ, ասե՛ք:

-Կարծում եմ` տեղյակ եք, որ պետական եկամուտների կոմիտեն որոշում է կայացրել Ձեր կազմակերպությունից գանձել ավելի քան 2 մլն դրամ:

-Ինչի՞ համար:

-Դուք «Մասուկ» ՍՊԸ-ի տնօրե՞նն եք:

-Այո՛:

-Ձեզ չե՞ն տեղեկացրել այդ որոշման մասին:

-Այո՛, տեղեկացրել են:

-Որ տեղեկացրել են, նշանակում է` տեղյակ եք:

-Այո՛, ճիշտ է, տեղեկացրել են, հիշեցի, հետո՞:

-Հիմնավո՞ր եք համարում այդ որոշումը:

-Այո՛, ուրեմն ես մի մասը վճարել եմ, մնում է մի փոքր մասը, մինչեւ ամսվա վերջ ես դա էլ եմ վճարելու:

-Պատճառը հարկային պարտավորությունները չմարե՞լն է…

-Ուրեմն առաջացած հարկը չի մարվել, որովհետեւ խնդիրներ են եղել, ֆինանսական պրոբլեմներ եմ ունեցել:

Վահագն Հակոբյան




Լրահոս