Քաղաքական դաշտը շարունակում է քննարկել անցած շաբաթ օրը Մարզահամերգային համալիրում չպատճառաբանված ճոխությամբ անցկացված ՀՀԿ 16-րդ համագումարը, դրա ընթացքում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթն ու տված խորհուրդները եւ, ամենակարեւորը, մեկ օրում 7 հազար հոգու անդամագրումը ՀՀԿ-ին: երեկ Աժ-ում այդ թեման հատկապես ակտուալ էր «Կուսակցությունների մասին» նոր օրենքի քննարկման շրջանակներում:
Անշուշտ, այս ամենի շուրջ ընդդիմադիր պատգամավորների հնչեցրած հարցադրումները միանգամայն տեղին էին, եւ ՀՀԿ-ի համագումարն էլ հիշեցնում էր ԽՄԿԿ պլենումները: Սակայն ամեն դեպքում ի հակադարձումն այդ հարցադրումների, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթի՝ երեկ բավականին ուշագրավ մի միտք արտահայտեց Աժ նախագահ Գալուստ Սահակյանը /երբեմն, իհարկե, շատ հազվադեպ, այդպես էլ է լինում/: Նա մասնավորապես ասաց. «ՀՀԿ-ի համագումարով, անդամագրվողների քանակով կամ գործունեությամբ մենք չենք կանխում ձեր գործունեությունը»: Ասել է թե՝ դաշտը ազատ է, թե կարող եք, դուք էլ արեք:
Դաշտը, իրականում, այդքան էլ ազատ չէ, սակայն այնպես էլ չէ, որ անազատ է: Եվ այս համատեքստում հետաքրքիր են դառնում դեկտեմբերի 10-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարից սպասելիքները: Ի վերջո, եթե իշխող կուսակցությունն իր վարչական ռեսուրսների հաշվին մեկ գիշերում մարդկանց 7 հազարանոց «գլխաքանակն» ապահովելով է փորձում զարմացնել, Մարզահամերգային համալիրը լցնելով եւ կամ կրծքին անճաշակ վարդեր փակցրած շպարված տիկնանց քծնանքաշարով, ապա ընդդիմությունը, այս դեպքում՝ ՀԱԿ-ը, կարող է «պատմական» համագումար անցկացնել եւ հանրությանը զարմացնել՝ հենց ՀՀԿ-ի այդ փքուն ճոռոմաբանությանն ու ինքնասիրահարվածությանը հակադրվելով:
Օրինակ՝ իսկապես աննախադեպ եւ հուսադրող կինի, եթե ՀԱԿ առաջիկա համագումարում ազնվորեն բարձրաձայնվեն այն բոլոր սխալները, որոնց արդյունքում նախորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ՀԱԿ դաշինքը հայտնվեց ներկայիս տխուր վիճակում: Հակառակի մասին պնդողներին բավական է հիշեցնել Գյումրիի եւ Վանաձորի ՏԻՄ ընտրությունները, որտեղ ՀԱԿ կուսակցությունն առաջինն էր հետնապահների շարքում:
Լավ կինի, որ այդ համագումարում քննարկվեն եւ վերլուծվեն այն բոլոր քայլերը, որոնք հանգեցրին այս իրավիճակին՝ սկսած իշխանությունների հետ չստացված երկխոսությունից, ապա քաղաքագիտական վերլուծությունից ու ձախողված բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, ավարտած Սերժ Սարգսյանին ՀԱԿ ղեկավարի գրած նամակներով ու հանդիպման խնդրանքներով: