Չեմ սիրում դժգոհել, բայց 2016-ը ֆինանսական առումով կարող էր ավելի լավ տարի լինել. Աննա Խաչատրյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ»-ը շարունակում է Ամանորին ընդառաջ ընթերցողներին ներկայացնել հայ հայտնիների հետ զրույցներ, որոնց միջոցով միասին կամփոփենք 2016-ը, կպարզենք` որոնք են եղել մեր զրուցակիցների` այս տարվա ձեռքբերումներն ու կորուստները, ինչո՞վ է չարաճճի կապիկի տարին անակնկալի բերել նրանց եւ ինչ սպասումներ ունեն վերջիններս գալիք տարվանից: Կհետաքրքրվենք նաեւ, թե որտեղ են աստղերը պատրաստվում դիմավորել Նոր տարին` բեմո՞ւմ, թե՞ մեկ այլ միջավայրում: Այսպիսով` մեր հերթական զրուցակիցը երգչուհի Աննա Խաչատրյանն է:

15328258_1226328824114848_818104517_n

-Աննա՛, ստեղծագործական կյանքում 2016-ի ամենամեծ ձեռքբերումը ո՞րն է եղել:

-Թեեւ ինքս էլ ծնվել եմ կապիկի տարում, 2016-ն ինձ համար այնքան էլ ակտիվ տարի չեղավ: Եթե անկեղծ` մասնագիտական առումով հանգիստ տարի էր: Առանձնապես լայնածավալ գործունեություն չեմ ունեցել, օրինակ` տեսահոլովակ չեմ թողարկել, բայց փոխարենը հայթայթել եւ ձայնագրել եմ մի քանի էստրադային երգեր` ժողովրդական «շեղումով»: Հուսով եմ` հաջորդ տարի կկարողանամ ներկայացնել դրանք` վիզուալ տարբերակով:

-Այս տարվա ամենամեծ անակնկալը Ձեզ համար ո՞րն եք համարում:

-Այն, որ մտերիմ ընկերուհիս` երգչուհի Լուիզա Նավասարդյանը, վերադարձավ հայրենիք` մշտական բնակության:

-2016-ի ամենատպավորիչ ճամփորդությունը ո՞րն էր:

-Դա նոր է լինելու. չէ՞ որ տարին դեռ չի ավարտվել: Օրերս մեկնելու եմ Գերմանիա, լինելու եմ Դրեզդեն եւ Բեռլին քաղաքներում: Առաջին անգամ եմ մեկնելու այդ երկիր, այցիս նպատակը պարզապես հանգստանալն ու Գերմանիան վայելելն է:

-Այս տարի Ձեր ստացած ամենահետաքրքիր առաջարկը ո՞րն է եղել:

-Դա առնչվում է «Վենդետտա» բազմասերիանոց ֆիլմում նկարահանվելուն: Ինձ այդ նոր աշխատանքը բավական գրավեց:

-2016-ի ամենագունեղ արտիստը, ըստ Ձեզ, ո՞վ է:

-Շատ են: Անդրադառնալով համաշխարհային շուկայի ներկայացուցիչներին` կառանձնացնեմ հատկապես Բեյոնսեին, որն այս տարի եւս փայլեց իր աշխատասիրությամբ: Իսկ հայկական շոու-բիզնեսին նախընտրում եմ չանդրադառնալ (ծիծաղում է):

15301243_1226328830781514_1292863462_n

-Ֆինանսական առումով կապիկն այս տարի Ձեր հանդեպ շռայլ գտնվե՞ց:

-Ընդհանրապես չեմ սիրում դժգոհել ֆինանսականից, բայց այդ առումով իրավիճակը կարող էր ավելի լավը լինել:

-2016-ի Ձեր հուսահատությունը ինչի՞ հետ էր կապված:

-Ասեմ, որ շատ օպտիմիստ եմ եւ ամեն վատ բանի մեջ փորձում եմ փնտրել լավը, այնպես որ, նման պահեր առանձնապես չեղան:

-Գալիք տարվա հետ կապված ի՞նչ պլաններ եք կազմում:

-Առհասարակ չեմ սիրում պլաններ կազմել: Ասում են` եթե ուզում ես Աստծուն զվարճացնել, պատմի՛ր նրան քո ծրագրերի մասին:

-2017-ին Ձեր մենահամերգին սպասե՞նք:

-Մենահամերգը շատ ծախսատար է, ես այդքան գումար չունեմ, որ ներդրում կատարեմ, հատկապես, որ վստահ չեմ` այդ գումարը կկարողանամ հետ բերել, թե ոչ:

-Ո՞րն է 2016-ի ընթացքում կարդացած գիրքը, որն անչափ տպավորել է Ձեզ:

-Շատ գրքեր եմ հասցրել ընթերցել, բայց ամենաշատը դուր է եկել «Կապույտ թելերից կծիկը» (հեղինակ` Էնն Թայլեր):

-Իսկ այս տարի Ձեր լսած ամենայուրահատուկ երգը ո՞րն է եղել:

-Ադելի « Hello »-ն:

-Նոր տարին դիմավորելու եք բեմո՞ւմ, թե՞ բեմից դուրս:

-Դեռ չգիտեմ, հուսամ` բեմում: Ես այդպես կուզեմ: Սիրում եմ իմ աշխատանքը եւ ինձ երջանիկ մարդ եմ համարում, կարծում եմ` այսօր քչերին է դա վիճակված:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին գալիք տարվա համար:

-Բարեկեցություն, ժպիտներ ու լավ երաժշտություն:

15356030_1226328827448181_715075981_n

-Իսկ ի՞նչ եք խնդրում Ձմեռ պապիկից:

-Խաղաղ երկինք եմ ուզում. մնացածը կարելի է ձեռք բերել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս