Վարչապետի` պետական միջոցները տնտեսելու պահանջի ֆոնին քաղաքապետարանը կրկին շռայլ ծախսեր կանի (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանը մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների ձեռքբերման նպատակով բաց ընթացակարգի մասին հայտարարություն է հրապարակել: Ըստ այդմ, քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 2017 թվականի ընթացքում Սուրբ Սարգիս տոնակատարության օրվան եւ Հայոց բանակի տոնին նվիրված տոնական ձեւավորման ծառայություններ:

Օրինակ՝ սիրո տոնի առիթով Սուրբ Սարգսի տոնակատարության օրվան նվիրված ծառայությունների համար քաղաքապետարանը պահանջել է 15 հատ գովազդային վահանակներին ուրվանկարներ տեղադրելու համար տպագրության աշխատանքներ: Ի դեպ, գովազդային նյութերը նախապես պետք է համաձայնեցվեն քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության հետ:

Իսկ միջոցառման վայրերի թեմատիկ ձեւավորման աշխատանքների համար 15 էլեկտրոնային էկրաններին մինչեւ 15 վայրկյան նյութեր պետք է տեղաբաշխվեն՝ 10 օր, օրական 150 անգամ յուրաքանչյուր էկրանին: Բացի այս՝ Սուրբ Սարգսի տոնին քաղաքապետարանը կարիք ունի 4մ տրամագիծ ունեցող մետաղական սրտի, որը պետք է տեղադրվի Կարապի լճի շրջակայքում՝ ձեւավորված ծաղիկներով եւ գիշերային գեղարվեստական լուսավորությամբ։

Հայկական բանակի օրվան նվիրված միջոցառման վայրերում նույնպես քաղաքապետարանը նախատեսում է 15 էլեկտրոնային էկրաններին մինչեւ 15 վայրկյան նյութերի տեղաբաշխում։ Բացի այս՝ քաղաքապետարանի հայտարարության մեջ նշված է, որ այդ օրվա համար անհրաժեշտ է ձեռք բերել դրոշակազարդարման եւ հանման ծառայություններ։ Նշենք, որ հայտարարության մեջ նշված չէ, թե քաղաքապետարանը որքան գումար է նախատեսում հատկացնել միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար: Բնականաբար դրանց իրականացման համար քաղաքային բյուջեից կհատկացվեն միլիոնավոր դրամներ: Չէ որ մեր քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ է սիրում նման տոնակատարություններին շռայլ ծախսեր անել վարչապետի պետական միջոցները տնտեսելու պահանջի ֆոնին։

Մանրամասները ՝  ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս