ՀԱՐՑ. Վերջին շրջանում հաճախ եմ նկատում, որ բազմաթիվ վարորդներ իրենց մեքենայի պետհամարանիշերը որեւէ կերպ փակում են: Ուզում եմ իմանալ՝ ի՞նչ պատիժ է սահմանվում նրանց համար: Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ճանապարհային ոստիկանությունը:
Համլետ Հայրապետյան (58 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող անձնակազմի կողմից անընթեռնելի (տվյալ դեպքում՝ հաշվառման համարանիշերի թիվը կամ տառը փակված վիճակում) տրանսպորտային միջոցներ վարելու փաստերը հայտնաբերելու դեպքում վարորդը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Նշենք նաեւ, որ տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: