Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Հին ու նոր Գյումրի» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես վաճառք: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը ցուցահանդես վաճառքը նվիրված է Սպիտակի երկրաշարժի 28-րդ տարելիցին, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած ընտանիքներին:
Ցուցահանդես-վաճառքին մասնակցում են ճանաչված լուսանկարիչներ՝ Գյումրիից, ՀՀ մարզերից, մայրաքաղաքից և արտերկրից: Ծրագրի կազմակերպիչներն են` Վորլդ Վիժն Գյումրու Տարածքային ծրագիրը, ՍՔԱՅ Գյումրի երիտասարդական ակումբը« «ԱՌՏ» երիտասարդական, խորհրդատվական և բնապահպանական ՀԿն, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Լուսանկարների գինը որոշել է մասնագիտական խումբը՝ 10 հազարից մինչև 30 հազար դրամ արժեքով: Ի դեպ, այս նախաձեռնության համար ստեղծված լուսանկարներն այլ նպատակի չեն ծառայի՝ այլ մրցույթների չեն ներկայացվի, կամ չեն վաճառվի: Նախաձեռնության համար ընտրված է 43 լուսանկար: Երիտասարդական ակումբի առաջնորդ Գոռ Թորոսյանը «Արմենպրես»ին տեղեկացրեց, որ նախաձեռնության միակ գաղափարը երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքներին աջակցելն է, որի շուրջ համախմբվել են լուսանկարիչները: «Գումարի ողջ հասույթը կծառայի այդ նպատակին: Մենք գումարը շահառու դարձած ընտանիքին տրամադրում ենք միայն այն նպատակի համար, ինչի անհրաժեշտություն առավել է՝ լինի առողջապահական խնդրի լուծում, վառելիքի ձեռքբերում, հագուստի կամ այլն, դրա համար իրականացվելու է կարիքի գնահատում»,-նշեց Գոռ Թորոսյանը՝ հավելելով, որ ուրախությամբ զարմացած է լուսանկարիչների պատրաստակամության վրա:»Կարծում էինք, որ շատերը կհամախմբվեն գաղափարի շուրջ, բայց այսքան շատ չէինք սպասում:
30-40 լուսանկարիչ է մասնակցել, նրանցից ընտրվեց 19 հեղինակ»,ավելացրեց պատասխանատուն: Նախաձեռնության հեղինակների որոշմամբ՝ ակցիային միացած կազմակերպությունները արժանացան պատվոգրերի ու հուշանվերների: Վոլդ Վիժն Հայաստանի ՍՔԱՅ (SKYESkills and Knowledge for Youth Economicempowerment) ոչ ֆորմալ կրթական ակումբները երիտասարդներից բաղկացած խմբեր են, որոնք շաբաթական հանդիպումներում սոցիալական ծրագրեր, ձեռնարկատիրական նախագծեր են մշակում և իրականացնում հայանքներում` առկա խնդիրները լուծելու նպատակով։ Վորլդ Վիժն Հայաստանի 14 տարածքային ծրագրերում գործում են 18 ՍՔԱՅ ակումբներ: