Քրիստինա Մարիա Ագիլերան ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 18-ին Նյու Յորք քաղաքում, ԱՄՆ զինված ուժերի սերժանտ Ֆաուստո Վագներ Խավյերի ու իսպաներենի ուսուցչուհի Շելլի Լորեյն Ֆիդլերի ընտանիքում։ Քրիստինայի մայրը ազգությամբ իռլանդացի է. նա պրոֆեսիոնալ ջութակահար է ու դաշնակահար, ելույթ է ունեցել Youth Symphony Orchestra կազմում։ Քրիստինայի ընտանիքը հաճախ է տեղից տեղ տեղափոխվել։ Քրիստինան ուներ կրտսեր քույր՝ Ռեյչելը (ծնվ. 1986 թ.)։ Երբ լրանում է Քրիստինայի 7 տարին, նրա ծնողներն ամուսանալուծվում են. Շելլին գնում է մոր մոտ՝ հայրենի քաղաք Ուեկսֆորդ (Պիտսբուրգի արվարձան), հետո ամուսնանում է երկրորդ անգամ։
Քրիստինան իր երաժշտական կարիերան սկսել է 8 տարեկանում։ Այդ ժամանակ նա ելույթ է ունենում երիտասարդ տաղանդների Star Search մրցույթում, որտեղ ներկայացնում է Ուիթնի Հյուսթոնի «The Greatest Love of All» երգը և գրավում երկրորդ տեղը։ Երեք տարի անց նրան հրավիրում են Պիտսբուրգում (որտեղ նա ապրում էր այդ ժամանակ) անցկացվող սպորտային խաղերի ժամանակ կատարելու ԱՄՆ պետական հիմնը։ 1992 թվականին բացվում է «Միկի Մաուսի ակումբ» հեռուստաշոուն, և Քրիստինան դառնում է նրա մասնակիցներից մեկը։
Այստեղ էլ նա հանդիպում է Բրիթնի Սփիրսի ու կինոյի ու երաժշտության այլ աստղերի հետ, այդ թվում՝ Ջեսիկա Սիմփսոն, ինչպես նաև Ջասթին Թիմբերլեյքի ու JC Chasez-ի հետ, ովքեր հետագայում դարձան ’N Sync խմբի անդամ։ Այսպիսով՝ Քրիստինան երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ դպրոցական տարիներից ու այնքան հաջող է սկսում իր կարիերան, որ 8-րդ դասարանից թողնում է դպրոցն ու կրթությունն ավարտում հեռակա կարգով։