Իգնատի Առաքելյանն ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչներին:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Գյուղական խորհրդատվական ծառայություններ» և «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի և դիզելային վառելիքի ձեռքբերման համար» բյուջետային ծրագրերի գնահատման արդյունքները: Գնահատումները կատարվել են Օքսֆամի և Տնտեսական Զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում Եվրոպական Միության աջակցությամբ:

Հիմնվելով ծրագրերի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վրա` հյուրերը ներկայացրել են իրենց առաջարկները, որոնք, մասնավորապես, վերաբերում էին պետության կողմից գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի սուբսիդավորմանը, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների աշխատանքի արդյունավետությանը և մարզերում խորհրդատվական ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև գյուղաբնակների համար խորհրդատվական նյութերի մատչելիության ապահովմանը:

Կարևորելով պետական այս երկու ծրագրերի վերաբերյալ իրականացված հետազոտությունները` նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան մասնագետները կուսումնասիրեն գնահատման արդյունքները և հետազոտության մեջ նշված և հանդիպման ընթացքում բարձրաձայնված առաջարկները հաշվի կառնվեն հետագա ծրագրերը մշակելիս:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս