Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ իշխանությունները կարծես թե պատրաստվում են ֆինանսական միջոցների բացակայության պատճառաբանությամբ հրաժարվել նաեւ ընտրական գործընթացը թափանցիկ դարձնող եւս մեկ կարեւորագույն բաղադրիչից՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումից եւ գործընթացի առցանց հեռարձակումից:
Համենայն դեպս, նախօրեին հայտնի դարձավ, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու հայտ է ներկայացրել միայն մեկ ընկերություն: Սահմանված վերջնաժամկետն արդեն լրացել է, իսկ հայտ ներկայացրած միակ ընկերության առաջարկն էլ կրկնակի թանկ է, քան այդ նպատակով միջազգային դոնորների հատկացրած միջոցներն են:
Ինչպես եւ նախորդ անգամ, երբ հունիսին ընդունված փոփոխությունները օգոստոսի վերջին չեղարկվեցին միջոցների բացակայության պատրվակով, այնպես էլ հիմա իշխանությունները նույն մարտավարությամբ ասում են՝ իհարկե, մենք ամեն ինչ արել եւ դեռ անելու ենք՝ տեսախցիկների առկայությունն ապահովելու համար, բայց ինչ արած… փող չկա:
Եվ ամենատխուրն այն է, որ այս նույն «խայծին» ընդդիմադիր ուժերը վերստին խաբվեցին, կամ էլ չխաբվելով նորից գնացին ի սկզբանե դատապարտված նոր համաձայնության: Ամեն դեպքում՝ ընդդիմադիր ուժերից ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը հայտարարում են, թե դեռ ամեն ինչ կորած չէ, թե իրենք կփորձեն բանակցել հայտ ներկայացրած ընկերության հետ եւ ծայրահեղ դեպքում կգնան տեսախցիկների քանակը նվազեցնելու ճանապարհով, սակայն գոնե մեկական տեսախցիկի առկայությունն ու առցանց հեռարձակումը դիտարկում են որպես պարտադիր պայման:
Ընտրական օրենսգրքի համահեղինակներից Դավիթ Հարությունյանը, սակայն, արդեն երեկ ընդգծեց, որ տեսախցիկների մասին ԸՕ պահանջը կրում է ոչ թե պարտադիր, այլ ֆակուլտատիվ բնույթ, եւ չբացառեց, որ դրանք առհասարակ չտեղադրվեն: Թեեւ դա համեմեց «ամեն ինչ անում ենք իրագործելու համար» տրաֆարետային ձեւակերպումներով:
Ի դեպ, տեսախցիկների տեղադրման հետ կապված այս պահանջի եւ այն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցների բացակայության մասին խոսակցությունները լսելիս դժվար է չհիշեցնել, որ ՀԱԿ փոխնախագահ, 4+4+4 ձեւաչափի «կնքահայր» Լեւոն Զուրաբյանը ժամանակին ասում էր, թե տեսանկարահանման գործընթացը կարող է իրականացնել իր ընկերը, ընդ որում, ամեն ընտրատեղամասում 20 դոլարով:
Դավիթ Հարությունյանն էլ խոստանում էր Զուրաբյանի ընկերոջը տրամադրել անհրաժեշտ 40.000 դոլարը: Մինչդեռ հիմա պարզվում է, որ ոչ թե 40. 000, այլ 1,5 միլիոն եվրոն բավարար չէ: Իհարկե, իշխանությունների կողմից այս կարեւոր մեխանիզմի կիրարկման արդեն իսկ սպասելի վիժեցումը որեւէ կապ չունի դրա հետ, բայց ամեն դեպքում՝ քաղաքական գործիչը, որ դաշտից էլ որ լինի՝ իշխանական թե ընդդիմադիր, հարկ է, որ պատասխանատու լինի իր հայտարարություններում: