ՀՀԿ-ի հնաբնակներին նոր ԱԺ-ում հայտնվելու բախտ չի վիճակվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը: Այսօր կանդրադառնանք Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագ Ռազմիկ Զոհրաբյանի գործունեությանը: Նկատելի է, որ նա վերջին շրջանում բավականին պասիվ է եւ Սերժ Սարգսյանի հակառակորդներին պատասխանելու բեռը թողել է երիտհանրապետականների ուսերին: Նաեւ այս հանգամանքով պայմանավորված՝ կասկածելի է նրա հայտնվելը 2017թ. խորհրդարանում:

Ռազմիկ Զոհրաբյանը ՀՀԿ-ի հիմնադիր անդամներից մեկն է, որը խորհրդային շրջանում քանիցս ձերբակալվել է այլախոհական շարժմանը մասնակցելու համար: 2007 թվականից լինելով ՀՀ ԱԺ պատգամավոր՝ Զոհրաբյանը երբեք չի զլացել պաշտպանել իշխանության բարձունքում գտնվողին՝ լինի Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը: Զոհրաբյանը

ՀՀԿ խորհրդի անդամ է, ՀՀԿ փոխնախագահ: 2016թ. նոյեմբերին ձեւավորված ՀՀԿ գործադիր մարմնում, սակայն, Ռազմիկ Զոհրաբյանը չի ընդգրկվել, ինչը պատճառաբանվել է առողջական խնդիրներով: 2012-17թթ. խորհրդարանում Զոհրաբյանը այնքան էլ ակտիվ չի եղել, թեպետ որեւիցե անգամ չի բացակայել ԱԺ նիստերից: Պարզվում է, որ Ռազմիկ Զոհրաբյանը կողմ է քվեարկել ԱԺ նիստերի 98.65 տոկոսի ժամանակ, դեմ՝ 0.93 %: Նա ձեռնպահ է եղել միայն 1 անգամ, քվեարկությունից հրաժարվել 3 անգամ: Զոհրաբյանը այդ ժամանակահատվածում որեւէ հարց չի տվել, ինչպես նաեւ ելույթ չի ունեցել ԱԺ ամբիոնից: Դրա հետ մեկտեղ պարտաճանաչորեն կողմ է քվեարկել աղմուկ բարձրացրած ԱԺ օրինագծերին, այդ թվում՝ «ԱԺ կանոնակարգ-օրենք», «1000 դրամների նախագիծ», «Բյուջե 2017», «Ապօրինի հարստացման քրեականացում» եւ այլն:

Ն. Հովսեփյան




Լրահոս