Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը համաձայնեցրել է «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագիծը եւ այն ուղարկել կառույցի անդամ պետություններին՝ վավերացման համար: Այս մասին երեկ հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
««Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին» որոշման նախագծում համաձայնություն է ձեռք բերվել այն երկրի վերաբերյալ, որի թեկնածուն կդառնա ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը: Դա Հայաստանն է: Բացի այդ՝ որոշվել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարն ընտրվելու է 3 տարով»,- տեղեկացրել է Զայնետդինովը:
Որոշման նախագիծը ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների կողմից կքննարկվի Կազմակերպության՝ 2017թ. ապրիլին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում, եւ եթե բոլորը հավանություն տան նախագծին, կնշանակվի ՀԱՊԿ նոր քարտուղար:
Այսպիսով՝ Հայաստանի ներկայացուցչի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման հարցը կրկին ընդգրկվում է օրակարգ, եւ, փաստորեն, անցած հոկտեմբերին, ապա դեկտեմբերի վերջին համաձայնության հասնելու գործում ձախողումները հարցը դուրս չեն բերել օրակարգից: Ասել է թե՝ հայկական կողմը չի ցանկացել այս հարցում գնալ զիջումների, ինչը մեծ հաշվով դրական լինելով հանդերձ, այնուամենայնիվ, պարունակում է որոշակի վտանգներ:
Ինչպես հիշում ենք՝ 2016թ. հոկտեմբերին, չնայած որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարծես թե արդեն լուծված էր համարվում /ինչի մասին անգամ Ն. Բորդյուժան էր հայտարարել/, դա տեղի չունեցավ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ Երեւան չժամանելու պատճառով: Արդեն դեկտեմբերի վերջին Հայաստանի ներկայացուցչի նշանակումը տապալեց Բելառուսի նախագահը՝ չմասնակցելով Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովին:
Եվ հիմա, երբ Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցի քննարկումը տեղափոխվել է 2017թ. ապրիլին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգ, մեծ հարց է՝ արդյոք այս երկու «դաշնակից» երկրները վերստին չեն ընդդիմանա ՀՀ ներկայացուցչի նշանակմանը:
Այս հեռանկարի հավանականությունը բավականին մեծ է, իսկ այն չեզոքացնելու ռեսուրս Հայաստանն ուղղակի չունի:
Հետեւաբար, այս խնդրի լուծումը տեղափոխվում է բացառապես ռուսական տիրույթ: Եվ միակ գործոնը, որը կարող է որոշակիորեն ազդել ռուսական դիրքորոշման վրա եւ վերջինիս մղել Ղազախստանի եւ Բելառուսի վրա ճնշումներ բանեցնելու, դա ՀԱՊԿ-ի՝ որպես կայացած, ինստիտուցիոնալիզացված ռազմաքաղաքական դաշինքի հեղինակության հարցն է: Իսկ դա շատ կարեւոր է Ռուսաստանի համար, որը ՀԱՊԿ-ն փորձում է խաղարկել որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ: