2017 թվականի հունվարի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ կառավարության նիստում ներկայացնելով ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը, նշել էր, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն պետք է փակվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախարարի այս հայտարարությունն իրականում բավականին խորը արմատներ ունի:
Եվ այսպես՝ նախարարը իր նոր հայեցակարգով առաջարկել էր հիվանդանոցային ձեւով բժշկական օգնության եւ սպասարկման որակի բարելավման, ծառայությունների բարեփոխման մի քանի տարբերակ։
«Առաջին՝ ազատությունից զրկված անձանց երկրորդային մասնագիտական բժշկական օգնություն տրամադրել միայն քաղաքացիական հիվանդանոցներում եւ փակել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, եւ երկրորդ՝ վերազինել «Դատապարտյալների հիվանդանոցը» եւ այն վերափոխել որոշակի մասնագիտական ձեւով բժշկական օգնություն եւ սպասարկում մատուցող հաստատության»,- ասել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Թերեւս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի փակման մասին խոսք չէր լինի, եթե 2016 թվականի աղմկահարույց բացահայտումը չլիներ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի տեսակցությունների կազմակերպման եւ իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում փաստացի կազմակերպել եւ իրականացրել են մարմնավաճառությամբ զբաղվող կանանց՝ Ալլային, Լուիզային եւ Դիաննային, հիշյալ քրեակատարողական հիմնարկի երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակում տեսակցել 3 դատապարտյալների հետ: Ավելին՝ պաշտոնատար անձինք հանդիպումը կազմակերպել էին տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող հիշյալ դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, կալանավորվեց քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը: Այսքանով ամեն ինչ չավարտվեց. մեղադրանք առաջադրվեց նաեւ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանին:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ դեպքից հետո ՔԿՀ-ի հսկողությունն ուժեղացվել է: Բայց դա, կարծես թե, ելք չդարձավ, եւ իրավապահների կողմից ՔԿՀ-ում տիրող իրավիճակի մասին բացահայտումները ստիպեցին նոր քայլերի գնալ: «Ժողովուրդ»-ին լուրեր հասան այն մասին, որ բացի մարմնավաճառների աղմկահարույց դեպքերից՝ իրավապահները այլ բացահայտումներ են արել: Մասնավորապես, օրինակ, հիվանդանոց-ՔԿՀ-ում գտնվում են այնպիսի դատապարտյալներ, որոնք բուժման անհրաժեշտություն չունեն: Այսինքն՝ այն բարձրաձայնումները, որ դատապարտյալները որոշ գումար վճարելով՝ բանտից հայտնվում են հիվանդանոցում, իրականությանը համապատասխանում են: Ավելին՝ մեզ լուրեր հասան, որ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել դեղորայքի պահպանման, բացթողնման եւ հաշվառման պարտականությունը, որոշ խախտումներ են թույլ տվել: Հիշեցնենք՝ դեռես 2014 թվականին ՀՔԾ-ում քննվում էր նմանօրինակ քրեական գործ: Հիվանդանոցում ստուգման արդյունքներով հայտնաբերվել էր հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ եւ ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:
Եվ ահա այսօրինակ դեպքերն են, ամենայն հավանականությամբ, հիմք դարձել ՔԿՀ-ն փակելու կամ վերափոխելու համար: Իսկ թե նոր հայեցակարգը ինչ կփոխի, ցույց կտա ժամանակը: Նշենք, որ վերոնշյալ աղմկահարույց գործերով նախաքննությունը դեռեւս շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ գործի շրջանակներում նաեւ հարցաքննվել է ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը, բայց մեղադրյալների թիվը այսքանով չի սահմանափակվի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՄԵՂՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 2016թ. անդրադարձել էր քրեական հեղինակության՝ Յուրի Ուտոեւի դատական պրոցեսին: Անցած տարի քրեական հեղինակությունն ու նրա եղբայրը հայտնվել էին իրավապահների ուշադրության կենտրոնում: Յ. Ուտոեւը, որը առավել հայտնի է Կիեւյանցի Յուրա ածականով, նրա ընկերները եւ հարազատ եղբայրը` Ռոստիկ Ուտոեւը, ազգությամբ եզդի են, որոնց մոտից մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր առգրավվել: «Ժողովուրդ»-ը պարզել էր՝ 2015թ. դեկտեմբերի 29-ին քրեական հեղինակություն համարվող Յ. Ուտոեւին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քր. օր. 112 հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործով սուտ ցուցմունք է տվել: Թեեւ իրավապահները նրան նախազգուշացրել են՝ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության կենթարկվի ՀՀ քր. օր-ի 338 հոդվածով, բայց չի ազդվել։ Այս գործը գտնվում էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, եւ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո քրեական հեղինակությունն արդարացվեց: Չի բացառվում, որ դատարանը նրա նկատմամբ բարի կամքի դրսեւորում ցուցաբերեց, քանի որ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, եւ քրեական հեղինակությունները այստեղ եւս անելիք ունեն:
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը, որը շուրջ մեկ ամիս գտնվում էր հացադուլի մեջ, տեղափոխվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոց: Երեկ այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց Ն. Պողոսյանի մայրը՝ Սաթենիկ Պողոսյանը: Վերջինիս խոսքով՝ հացադուլից հետո որդու մոտ առողջական լուրջ խնդիրներ են առաջ եկել, ՔԿՀ-ի բժիշկները ստուգել են եւ անհրաժեշտություն համարել, որ պետք է տեղափոխվի հիվանդանոց եւ գտնվի բժիշկների հսկողության տակ: Տիկին Սաթենիկը նշեց, որ որդուն չի տեսել, բայց մոտ օրերս թույլտվություն կտրվի։ Հիշեցնենք, որ Ն. Պողոսյանը դեկտեմբերի 15-ից անժամկետ հացադուլ էր հայտարարել եւ այն դադարեցրեց մոր խնդրանքով: Ն. Պողոսյանը պահանջում էր փոխել խափանման միջոց կալանքը: Ն. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը, պահելը:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինյեի հետ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների ընթացքին առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի աշխատանքներին, որի համանախագահներն են հայկական կողմից Սուրեն Կարայանը, եվրոպական կողմից` Լյուկ Դեվինյեն:
ԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ
2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերն ուսումնասիրելու, ըստ ենթակայության ուղարկելու, այդ հաղորդումների քննարկման, դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի ղեկավար է նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ. Ասլանյանը: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ապահովել դիտորդական առաքելություն իրականացնող եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը եւ աշխատանքի հրապարակայնությունը:
ԿԱՐՏԱՀԱՆՁՆԵՆ
Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սեւ ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաեւ իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ: Այսպիսով՝ որոշում է կայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) եւ 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ ներկայացնելով նաեւ կայացրած որոշման քաղվածքը: Նա միաժամանակ հայտնել է, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով եւ իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին, քանի որ «Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի»: