ՀՀ վերահսկիչ պալատը անցած տարի ստուգումներ է իրականացրել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» եւ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ներում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՎՊ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ:
Ըստ այդմ, խախտվել է տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգի պահանջը: Նշենք, որ խնամքը տրամադրվում է դրա կարիքն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ծերության սոցիալական կենսաթոշակի տարիքը լրացած, չաշխատող քաղաքացիներին: Սակայն ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» եւ «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ների մեկական խնամվողներ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ գործատուների հետ:
Բացի այս՝ պարզվել է նաեւ, որ 2015-2016 թվականների ընթացքում մատակարարված սննդամթերքի գները զգալիորեն աճել են 2014 թվականին մատակարարված փաստացի գների համեմատ: Եւ սա այն դեպքում, երբ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ ՊՈԱԿ-ների կողմից ձեռքբերված ապրանքատեսակների համար գնաճ տեղի չի ունեցել:
Օրինակ՝ եթե «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին 2014 թվականին հացը մատակարարվել է 1 կգ-ը 264 դրամով, ապա 2015-ին այն կազմել է 348 դրամ, իսկ 2016-ին` 298 դրամ: Իսկ ընդեղենի՝ ոլոռի, պահածոյացված ոլոռի, սիսեռի, լոբու, լոբու հատիկի, ոսպի, միջին գները 2014թ-ին կազմել են 1կգ-ի համար 518 դրամ, 2015-ին՝ 569 դրամ, 2016-ին` 666 դրամ: Ձավարեղենի (բրինձ, բլղուր, հնդկաձավար, ցորենաձավար, հաճար) եւ 6 այլ ապրանքատեսակների միջին գինը 2014-ին կազմել է 1կգ-ը 282 դրամ, բայց 2015-ին՝ 378 դրամ, իսկ 2016-ին` 381 դրամ: Նույն պատկերն է արձանագրվել նաեւ բանջարեղենի, մսամթերքի, քաղցրավենիքի համար: Գնանկում արձանագրվել է միայն կաթնամթերքի մասով: Իսկ «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում գնաճ է արձանագրվել հացի, մսամթերքի, բանջարեղենի, համեմունքների, մրգերի մասով: Այսպես՝ եթե 2015-ին 1կգ հացը մատակարարվել է 282 դրամով, ապա 2016-ին՝ 336 դրամով:
Ի դեպ, ՊՈԱԿ-ները միեւնույն ժամանակ նույն ապրանքատեսակը ձեռք են բերել զգալիորեն տարբեր գներով: Օրինակ՝ եթե Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը 2014-ին ձավարեղենը ձեռք է բերել 282 դրամով, ապա Նորքի տուն-ինտերնատը այն գնել է 395 դրամով: Իսկ ահա խոզի միսը Նորքի տուն-ինտերնատը 2014 թվականին գնել է 1430 դրամ, բայց միեւնույն ժամանակ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը այն ձեռք է բերել 1800 դրամով: Սա այն դեպքում, երբ ըստ ԱՎԾ-ի կողմից հրապարակված տվյալների՝ վերոհիշյալ ապրանքատեսակների համար գնաճ տեղի չի ունեցել:
Բացի այս՝ ՎՊ ստուգմամբ պարզվել է, որ մատակարարված կանացի գուլպա, բամբակյա անդրավարտիք, տղամարդու բամբակյա կիսագուլպա եւ բարձի երես ապրանքատեսակների համար պայմանագրով տրված տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել սոցապ նախարարի՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանով սահմանված պահանջին:
Նաեւ՝ կանացի աշնանային վերարկու, շրջազգեստ, ներքին սպիտակեղեն՝ կանացի, զուգագուլպա, կիսագուլպա կանացի, աշնանային վերարկու՝ տղամարդու, ներքին սպիտակեղեն՝ տղամարդու, հողաթափ, սավան, ծրար անվանումներով ապրանքների բնութագրերը էականորեն տարբերվել են նախարարի հրամանով առաջարկվածից:
Խախտումներ են արձանագրվել նաեւ «Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ին 2015 եւ 2016 թվականների խնամքի համար անհրաժեշտ բժշկական խալաթների մատակարարման դեպքում: Ըստ գնման պայմանագրերի՝ որպես տեխնիկական բնութագիր նշված է միայն «բատիստե կտորից» արտահայտությունը, իսկ նախարարի՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանի համաձայն՝ բժշկական խալաթը պետք է լինի. «Բատիստե կտորից, հատուկ բժշկի համար: Չափսեր…, գույնը….: Ցանկացած արտադրության, համապատասխան պիտակավորմամբ: Մակնշումը լվանալու եղանակի եւ բաղադրության մասին պարտադիր՝ արտադրողի կողմից»: Սակայն արձանագրվել է, որ մատակարարված խալաթները որեւէ կերպ չեն բնորոշում, որ դրանք հատուկ բժշկի համար են, առավել եւս չկա համապատասխան պիտակավորում, նշված չէ արտադրողի անվանումը, ինչպես նաեւ որեւէ մակնշում չկա կտորի բաղադրության, լվանալու, մանրէազերծելու եղանակի մասին:
ՎՊ բացահայտումների շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ե՛ւ Երեւանի թիվ 1 եւ Նորքի տուն-ինտերնատների տնօրենների հետ: Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարկոսյանն ասաց. «Նախ՝ ես տնօրենի ԺՊ նշանակվել եմ անցած տարվա հոկտեմբերին, իսկ նշված ապրանքատեսակների մասով գնումները տեղի են ունեցել մինչ իմ՝ տնօրենի պաշտոնում նշանակվելը: Բայց նշեմ, որ հացի եւ մյուս ապրանքատեսակների մասով գնումների մրցույթին հաղթել է այն մասնակիցը, որը ցածր գին է առաջարկել»:
Իսկ Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը, անդրադառնալով ԲՊ բացահայտումներին, հայտարարեց, որ իրենք անցած տարի հացը ձեռք են բերել 1 կգ-ն 264 դրամով:
Հուսանք՝ նշված բնագավառում ՎՊ-ի կողմից արձանագրված խախտումները ընթացիկ տարում չեն կրկնվի, իսկ դրանք իրականացնողները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԵՎՍ 2 ՏԱՐԻ՝ ՔԱՐՈՒՔԱՆԴ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Չնայած նախորդ տարվա կեսերից մեկնարկել են M-3 Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի նորոգման աշխատանքները, սակայն Վանաձոր քաղաքի ամենաբանուկ Նարեկացի փողոցը շարունակում է գլխացավանք մնալ վարորդների համար: Նախորդ տարի նշված ճանապարհի վրա որեւէ փոսային նորոգման կամ այլ տիպի աշխատանքներ չեն իրականացվել: Բազմաթիվ փոսերի պատճառով երթեւեկությունը նշված ճանապարհահատվածի վրա շատ հաճախ գտնվում է կաթվածահար վիճակում:
Նարեկացի փողոցի վրա կան հատվածներ, որոնք գնալով փլուզվում են, իսկ ճանապարհը՝ սահում դեպի գետը: Այս առիթով մենք հարցում էինք ուղարկել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ նախ ներկայացնելով ճանապարհի վրա ստեղծված իրավիճակը, ապա նաեւ խնդրել էինք նշել, թե ըստ ծրագրի՝ երբ է փողոցը նորոգվելու:
Ի պատասխան՝ նախարարությունից միայն հիշեցրել են, որ նշված ճանապարհահատվածն ընդգրկված է կապիտալ նորոգման ծրագրի մեջ եւ շինարարական աշխատանքներն ավարտվելու են 2018թ-ին: Նշենք, որ ներկայումս շինարարական աշխատանքներն ընթանում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում: Վանաձորի գլխավոր փողոցներում, սակայն, որեւէ նորոգման աշխատանքներ չեն իրականացվում: Ստացվում է, որ մինչեւ 2018թ-ը վարորդները ստիպված են լինելու շարունակել երթեւեկել քարուքանդ եղած ճանապարհով, որտեղ ոչ ճանապարհային երթեւեկության նշաններ կան տեղադրված, ո՛չ արգելապատնեշներ ու ո՛չ էլ որեւէ այլ տիպի ենթակառուցվածքներ: Իսկ հսկա փոսերն էլ շարունակում են տեղումներից հետո առավել քան վտանգավոր մնալ:
ԷԴՎԱՐԴ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Վանաձոր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎԵԼ Է
Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով ժամանակավորապես արգելվել է այդ երկրից մի շարք ապրանքների ներմուծումը: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից տեղեկացնում են, որ ժամանակավորապես արգելվել է այդ երկրի Ղազվին, Թեհրան, Քերմանշահ, Գիլան, Մերքեզի եւ Գոլեստան նահանգներից Հայաստանի Հանրապետություն կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ միջադիրների ներմուծումը՝ մինչեւ այդ երկրում բարձր ախտածին թռչնի գրիպ հիվանդության վերացման մասին տեղեկատվության հրապարակումը:
Արգելանքը չի տարածվում այդ երկրից մինչեւ 2017 թվականի հունվարի 20-ը ներմուծված նշված ապրանքների վրա:
ՄԵՐԿԱՍԱՌՈՒՅՑ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Աբովյանի տարածաշրջանի Երեւան-Գառնի, Արզնի-Նոր Գեղի ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Տեղեկացնում ենք նաեւ, որ հունվարի 23-ին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
ԱՆՏԻՑԻԿԼՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՊԱՀՊԱՆՎԻ
Հունվարի 23-24-ին, 25-ի գիշերը հանրապետության տարածքում անտիցիկլոնի ազդեցությունը կպահպանվի, սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում եւ Երեւանի ցածրադիր գոտում առավոտյան սպասվում է նաեւ մառախուղ:
Հունվարի 25-ի երեկոյան ժամերից մինչեւ հունվարի 28-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում: Հունվարի 25-ի երեկոյան ժամերից, հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, լեռնային մարզերում եւ լեռնանցքներում նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը մինչեւ հունվարի 25-ը էապես չի փոխվի, իսկ հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով, այնուհետեւ մինչեւ հունվարի 28-ը կմնա անփոփոխ: Երեւանում հունվարի 24-25-ին օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է -14 -16, ցերեկը` -5 -7, հունվարի 26-28-ին գիշերը` -5 -7, ցերեկը` -1 -3 աստիճան ցուրտ: