Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալները շարունակում են նվազել։ Ըստ ԱՎԾ տվյալների` 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղղակի ներդրումները կազմել են 44.4 մլրդ դրամ, մինչդեռ 2014թ. նույն ժամանակահատվածում դրանք մոտ երկու անգամ ավելի շատ էին` 80.2 մլրդ դրամ։ Բնականաբար, նման ցուցանիշների առկայության դեպքում ոչ միայն հնարավոր չէ խոսել առողջացող տնտեսության մասին, այլեւ ակնառու է դառնում, որ բացասական այս դինամիկայի շարունակության դեպքում Հայաստանի տնտեսությունը հայտնվելու է օրհասական վիճակում։
Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը փորձում է մեծացնել ներդրումների ծավալը եւ համոզել գործարար միջավայրին, որ Հայաստանը շահեկան երկիր է ներդրումներ կատարեlու համար: Վարչապետը բազմիցս է նշել, որ կառավարության ծրագիրը նախատեսում է արագընթաց բարեփոխումներ՝ ներգրավելով համայն հայության ողջ ներուժը: Կառավարության ղեկավարն առաջնահերթ է համարել ներդրումների խթանմանը, բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանից փորձել է պարզել, թե ինչպե՞ս է նախարարությունը կանխելու ներդրումների նվազումը, եւ արդյո՞ք հաջողվել է գործարարներին համոզել, որ Հայաստանը բարենպաստ երկիր է ներդրումներ իրականացնելու համար:
-Պարո’ն Կարայան, ամսեամիս շարունակվում է ներդրումների ծավալի անկումը մեր երկրում: Ո՞րն է այդ բացասական դինամիկայի հիմնական պատճառը:
-Ես միայն կարող եմ փաստել, որ ներկայումս սկսելու են աճել: Մենք մեծ ակնկալիքներ ունենք, որ այս տարի արդեն իսկ լուրջ ներդրումների աճ կունենանք: Հենց առաջին եռամսյակում մենք աճ կարձանագրենք:
-Տնտեսագետների պնդմամբ՝ ներդրումների ցուցանիշի նվազումը փաստում է, որ մարդիկ ուղղակի մեր երկրում ապագայի հետ կապված դրական սպասելիքներ չունեն, եւ այդ իսկ պատճառով երկարաժամկետ՝ ապագային միտված ծրագրեր չեն իրականացնում՝ բավարարվելով առօրյա խնդիրների լուծմամբ կամ կարճաժամկետ ծրագրերով:
-Հիմա ունեն:
-Հունվարի 25-ին Ռուսաստանի Դաշնությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է գործարար համայնքի հայազգի ներկայացուցիչներին։ Վարչապետն ընդգծել է, որ թե՛ արտաքին, թե՛ ներքին ներդրողների համար կառավարությունը կապահովի թափանցիկ, հավասար, մրցակցային պայմաններ՝ Հայաստան օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով։ Միաժամանակ, գործարար համայնքին են ներկայացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ, որոնք ուղղված են տնտեսության առաջնային ոլորտների զարգացմանը։ Ի վերջո, հաջողվեց գործարարներին համոզել, որ ներդրումներ կատարեն Հայաստանում:
-Այո՛, այո՛:
-Կոնկրետ ո՞ր ընկերություններն են պատրաստվում ներդրումներ կատարել:
-Այն կազմակերպությունները, որոնց հետ մենք արդեն իսկ աշխատանքներ իրականացրել ենք: Նաեւ ունենք օտարերկրյա ներդրումներ իրականացնող կազմակերպություններ:
-Երկրի տնտեսության համար կարեւոր ճյուղերից մեկի՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Անկախ տնտեսագետների կանխատեսումներով՝ այս տարվա ընթացքում դրական զարգացման համար որեւէ նախադրյալ տեսանելի չէ:
-Ես համաձայն եմ, որ շինարարության ոլորտում ներդրումները երկրի տնտեսության զարգացման համար շատ կարեւոր են, մենք ներկայումս քաղաքաշինության պետական կոմիտեի հետ միասին մշակում ենք նաեւ ներդրումային ծրագրեր քաղաքաշինության ոլորտում եւ փորձելու ենք ներդրողներ ներգրավել նաեւ այդ ոլորտում:
-Պարո՛ն Կարայան, արդյո՞ք կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իր գործունեությամբ հաճախ խոչընդոտներ չի ստեղծում գործարարների համար:
-Ո՛չ, որովհետեւ պետական եկամուտների կոմիտեի աշխատանքներն ուղղված են հավասար մրցակցային դաշտ ապահովելուն, եւ պետական եկամուտների կոմիտեն այսօր աշխատանքներ է իրականացնում, որպեսզի ստվերը բացահայտվի: Եվ մոտեցումը բոլորի համար լինելու է նույնը, դա չի խանգարում ոչ մի ներդրողի:
Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ
ՈՐՏԵ՞Ղ Է ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆԸ
Երեկ տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը մի շարք հանձնարարականներ տվեց: Առաջին հանձնարարականը վերաբերում էր ՌԴ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելուն:
Ամեն ինչ հարթ էր ընթանում եւ սովորականի պես հանգիստ մինչ այն պահը, երբ վարչապետը հանձնարարեց մշակել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ:
Տուրիզմի խթանման վերաբերյալ հունվարի 24-ին` Մոսկվայում պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցած ԱԳՆ նոտարների փոխանակման ընթացքում, հնարավոր է դարձել ՌԴ քաղաքացիների՝ առանց արտասահմանյան անձնագրի ՀՀ մուտք գործելը: Վարչապետը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարեց հարցի տեխնիկական լուծումները կարգավորել մինչեւ մարտի 1-ը, որպեսզի ապահովվի միայն ներքին անձնագիր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Երբ Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի հանձնարարականը, այն էր՝ այլ շահագրգիռ կառույցների եւ մասնավոր հատվածի հետ աշխատելով՝ ապահովել ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջության ծառայության լայն փաթեթ, դիմեց զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին.«Մինչեւ մարտի 15-ը կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն՝ կատարված աշխատանքների մասին,-ասաց Կարապետյանը, այնուհետեւ նշեց,-մարտի 15-ը շատ է: Տիկի՛ն Զեյթունցյան, չկա՞ տիկին Զեյթունցյանը»: Այդպես էլ չգտնելով զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին՝ վարչապետը մտորելով դիմեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին. «Պարո՛ն Կարայան, մարտի 1»: Կառավարության նիստից հետո «Ժողովուրդ»-ը ողջ օրվա ընթացքում փորձեց գտնել տիկին Զեյթունցյանին եւ հասկանալ՝ որտե՞ղ էր գտնվում նա նիստի ժամանակ: Սակայն մեր փորձերն այդպես էլ ապարդյուն անցան: Տիկին Զեյթունցյանը չկար ու չկար:
«ԷԼԻՏԱ ՇԵՆՔ ԿԱ, ԷԼԻՏԱ ՄԱՍՍԱ ԿԱ»
Նախօրեին «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել էր. «Շատ բան կա փոխելու: Պետք է փոխել էլիտայի կերպարը, էլիտայի վարքը, պետք է փոխել որոշումներ կայացնելու գործընթացը: Այսպես երկար կարող եմ խոսել»: «Ժողովուրդ»-ը ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա իրեն համարում է էլիտայի մաս:
-Պարո՛ն Մանուկյան, վարչապետը «Միր» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Պետք է փոխել էլիտայի կերպարը, էլիտայի վարքը»: Դուք Ձեզ էլիտայի մաս համարու՞մ եք:
-Ի՞նչ է նշանակում էլիտա, ովքե՞ր են էլիտան:
-Ըստ Ձեզ՝ ովքե՞ր են էլիտան:
-Էլիտա շենք կա, էլիտա մասսա կա:
-Անշուշտ՝ խոսքը մարդկանց մասին է, քանի որ նշվում է՝ պետք է էլիտայի կերպարը, վարքը փոխել: Շենքը, բնականաբար, վարք չի կարող ունենալ:
-Դե, երեւի նկատի ունեն մարդկանց դեմքերը փոխեն, նոր դեմքեր եւ այլն… Էլիտան հո տեսքով ու ձեւով չի: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի եթե խելք ու միտք ունի, ուրեմն կարա, ասենք, էլիտա համարվի:
-Օրինակ՝ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանը կարո՞ղ է, ըստ Ձեզ, այդպիսին համարվել, նա, ի դեպ, հայտարարել է, որ սատարելու է ՀՀԿ-ին…
-Տեղյակ չեմ: Հիմա ով ինչ ասես՝ կարող է ասել:
-Կարո՞ղ է նա լուրջ աջակցություն ցուցաբերել կուսակցությանը:
-Ես չեմ ճանաչում իրեն: Լսել եմ ինչ-որ կայքերից, բայց չեմ ճանաչում:
Վ. ՀԱԿՈԲՅԱՆ
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶ»-Ը ԿԼՈՒԾԱՐՎԻ
Բազմաբնակարան շենքերի կառուցմամբ զբաղվող «Գլենդել Հիլզ» ընկերությունը կլուծարվի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` հունվարի 25-ի որոշմամբ ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում: Տեղեկացնենք, որ դեռեւս 2015 թվականի մայիսի 5-ին «Գլենդել Հիլզ»-ին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ պահանջելով բռնագանձել ավելի քան 138 մլն դրամ: Եւ 2015 թվականի դեկտեմբերի 22-ին դատարանը բավարարեց ՀԷՑ-ի պահանջը՝ ընկերությանը սնանկ ճանաչելով: Սակայն դա էլ չօգնեց, որ «Գլենդել Հիլզ»-ը մարի ՀԷՑ-ին ունեցած պարտքերը:
ԷԼԷՆԵՐԳԻԱՆ ՔԻՉ Է ԱՐՏԱԴՐՎԵԼ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունը 6.2 տոկոսով նվազել է: Համեմատության համար նշենք, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը 2015 թվականին, 2014-ի համեմատ, աճել է 0.6 տոկոսով, իսկ 2014-ին, 2013-ի համեմատ՝ 0.5 տոկոսով: Ու հիմա էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների նման կտրուկ անկումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Ի վերջո, ժամանակին Հայաստանը եղել էլեկտրաէներգիա արտահանող երկիր. դեռ 90-ականներից սկսած՝ Հայաստանն էլեկտրաէներգիա է վաճառել հարեւան Վրաստանին, այնինչ՝ հիմա միանգամայն այլ պատկեր է:
ՉԵՆ ՊԱՏԺԵԼՈՒ
ՀՀ արդարադատության խորհուրդը մերժել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ նման միջնորդություն ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Թե որն է դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու պատճառը, արդարադատության խորհուրդը չի գաղտնազերծել: Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Աիդա Դավթյանը նախկինում արդարադատության խորհրդի կողմից ստացել էր նկատողություն եւ 6 ամիս շարունակ զրկվել աշխատավարձի 25 տոկոսից:
ԱՌԵՐԵՍՎԵԼ ԵՆ
2016թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում միջադեպ էր տեղի ունեցել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի ու ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի միջեւ. պատգամավորը հայհոյել էր լրագրողին, հարվածել նրան: Միջադեպից հետո ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս պատգամավորն ու լրագրողը հրավիրվել են ՀՔԾ, որտեղ եւ նրանց միջեւ տեղի է ունեցել առերեսում: Մինչ այդ հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել ԱԺ միջանցքներից մեկում, որտեղ չկան տեսախցիկներ: