Դեռևս 2016թ.-ի ապրիլին ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը:
Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի Մաթևոսյանը տեղում մահացել է, 6-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունն ավարտվել: Ըստ մեղադրանքի` ՀՀ ՊՆ N զորամասի նյութաապահովման վաշտի պայմանագրային զինծառայող, վարորդ ԱԱզիզյանի, ավտոծառայության պետ, մայոր Կ.Վահանյանի, տեխնիկական ստուգման հսկիչ տեխնիկական կետի պետ, ենթասպա Հ.Հովհաննիսյանի կողմից ավտոմեքենայի շահագործման կանոնները խախտելու հետևանքով «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան շահագործվել է՝ արգելակման համակարգի անսարք լինելով հանդերձ։
Բացի այդ, նույն զորամասի 3-րդ գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով մարտական դիրքից գույքը և հերթապահություն իրականացնող անձնակազմը զորամաս են տեղափոխվել բեռնատար ավտոմեքենան համապատասխան նստարաններով չկահավորված և թափքը գույքով բեռնված։
Վիրավորներց Արայիկ Նավասարդյանն ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց, որ վթարի հետևանքով կոտրվել է աջ ոտնաթաթը: Նրան շտապ տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ երկու անգամ ենթարկվել է վիրահատության. «Մեքենան անսարքության պատճառով ձորն ա ընկել: Ոտքս պտուտակներով հավաքած էր, հետո էլի վիրահատեցին դրանք հանեցին»:
Արայիկը հրաժարվել է իրեն հասանելիք հաշմանդամության կարգից, որպեսզի այն խոչընդոտ չհանդիսանա աշխատանք գտնելու մեջ:
Նավասարդյանների ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում: Տանից ոչ ոք չի աշխատում: Ունեն 12 հազար դոլարի վարկ: Բնակարանն ունի վերանորոգման կարիք. «Շենք ենք երցրել սարքելու համար, որը մնաց կիսատ»:
Լիդա Եղիազարյան