ՀԱՐՑ. Ես ուզում եմ մանրամասն տեղեկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայանցում ժառանգությունը, եւ ի՞նչ՝ կտակը: Խնդրում եմ բացատրել դրանց տարբերությունը:
Սիլվա Խանոյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ժառանգությունը սահմանված օրինական կարգով մահացող քաղաքացու (ժառանգատուի) գույքային եւ որոշ անձնական ոչ գույքային իրավունքների ու պարտականությունների անցումն է մեկ կամ մի քանի անձանց: Վերջինս իրականացվում է ըստ կտակի եւ ըստ օրենքի: Ընդ որում, կտակը առավելություն ունի. ինչքան էլ բարեկամները դժգոհ լինեն, ժառանգությունը կանցնի օտար մեկին, եթե դա էր հանգուցյալի կամքը՝ գրավոր տեսքով ձեւակերպված եւ նոտարով հաստատված: Սակայն կա մի բացառություն. դա ժառանգության պարտադիր մասնաբաժինն է, որի իրավունքն ունեն առաջին հերթի ժառանգորդների ցուցակի անաշխատունակ բարեկամները. նրանք ստանում են կտակի առկայության դեպքում իրենց հասնող բաժնի կեսը:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ժառանգությունը գույք է, որը բաղկացած է գույքային իրավունքներից, գույքային պարտականություններից, իրերից եւ այլ գույքից, դրամական միջոցներից: Ժառանգորդների գույքային պարտականությունները առաջանում են ժառանգության ընդունումից առաջ, ժառանգության բացումից անմիջապես հետո՝ մահվան կամ ժառանգողին մահացած ճանաչելու դատարանի որոշման ուժի մեջ մտնելու օրվանից: