ՖՈՏՈ. Երբ Բելառուսը Լապշինին արտահանձնեց, վարչապետ Կարեն Կարապետյանն իր կայացրած որոշումը չեղյալ է ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը նախօրեին խստագույն հսկողությամբ տեղափոխվեց Բաքու: Լապշինը Մինսկում ձերբակալվել էր դեկտեմբերին: Նրա նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել իր պետության սահմաններն անօրինական հատելու մեղադրանքով: Մի քանի անգամ Արցախ այցելելու համար բլոգերը հայտնվել էր Ադրբեջանի սեւ ցուցակում եւ իրավունք չուներ մուտք գործել Ադրբեջան, այնինչ 2016-ին այլ անձնագիր օգտագործելով նա գնացել էր Բաքու:

Այս իրադարձությունը բուռն քննարկումների տեղիք է տվել: Մասնավորապես, կարծիքներ հնչեցին, որ սա քայլ է ընդդեմ Հայաստանի: Իսկ որոշ կարծիքների համաձայն էլ` Հայաստանը քաղաքական առումով անելիքներ չունի:

Ըստ երևույթին, դուր չի եկել նաև ներպետական իշխանություններին: Այսպես, ՀՀ կառավարությունը մեր տնտեսական գործընկերոջից «վիրավորված», դեռեւս փետրվարի 7-ին ընդունած որոշում է չեղյալ հայտարարել:

Այսպես, վարչապետի որոշումներն ուսումնասիրելով` պարզեցինք, որ փետրվարի 7-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանին 2017 թվականի մարտի 2-5-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար:

Իսկ արդեն այսօր վարչապետը որոշել է չեղյալ համարել որոշումը. «Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի` Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:

 

 

 




Լրահոս