Խաղաղության հիմնախնդիրների հետազոտման ստոկհոլմյան ինստիտուտը (SIPRI) նախօրեին հրապարակել է տարեկան զեկույցը, որի արդյունքները մեզ համար, մեղմ ասած, մտահոգիչ են: Ըստ այս հեղինակավոր կառույցի տվյալների՝ վերջին 5 տարիներին Ադրբեջանը 20 անգամ ավելի շատ զենք է ներկրել, քան Հայաստանը: Եվ որ ուշագրավ է՝ զենքի մեծ մասը՝ ավելի քան 80%, Բաքուն ձեռք է բերել Ռուսաստանից: Ադրբեջանին, իհարկե, զենք են մատակարարել նաեւ Բելառուսը, Ուկրաինան, Իսրայելը եւ Թուրքիան:
Առհասարակ, Ադրբեջանը ՌԴ-ից ամենից շատ զենք ձեռք բերած երկրների հնգյակում է՝ զիջելով Ալժիրին, Չինաստանին, Վիետնամին եւ առաջատար Հնդկաստանին, որը ռուսական զենքի 38 տոկոսի գնորդն է: Իսկ ահա մեր հակառակորդ երկրին բաժին է հասնում ռուսական ռազմական արդյունաբերության ծավալների չորս տոկոսը:
Ընդ որում, նկատենք, որ իր առաջատար դիրքերը Ադրբեջանը պահպանում է վերջին ութ տարիներին: Մասնավորապես 2009-2013թթ-ին Ադրբեջանի կողմից զենքի ներմուծումը 378 տոկոսով ավելացել էր: Ավելին՝ 2014թ. տվյալներով՝ եվրոպական երկրների մեջ /Ադրբեջանը դասված էր իբրեւ այդպիսին/ մեր հակառակորդ երկիրը հանդիսանում էր երկրորդ զենք ներմուծող երկիրը՝ Մեծ Բրիտանիայից հետո, որին հաջորդում էր Հունաստանը:
Ելնելով այն փաստից, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը անգամ ապրիլյան պատերազմի օրերին չվարանեց հայտարարել, որ Մոսկվան շարունակելու է Բաքվին զենք վաճառել, առաջիկա տարիներին նմանատիպ զեկույցներում Ադրբեջանն էլ ավելի բարձր հորիզոնականներ է զբաղեցնելու՝ թքած ունենալով սպառազինությունների մրցավազքը սահմանափակող բոլոր միջազգային կոնվենցիաների վրա:
Իսկ ինչ է անում Հայաստանն ի պատասխան: Կամ ինչ կարող է անել: Իրականում Հայաստանը չունենալով նավթագազային ռեսուրսներ՝ ուներ եւ ունի այլ՝ ոչ պակաս կարեւոր ռեսուրս՝ սփյուռքի ռեսուրսը: Սակայն անկախության քսանհինգ տարիներին մեր ապաշնորհ իշխանությունների հետեւողական ջանքերով այս ռեսուրսը մանրացվել է՝ հասցվելով ընդամենը Հայաստան հիմնադրամի՝ տարեցտարի ավելի ու ավելի քիչ հավաքվող դրամաշնորհների մակարդակին:
Հատուկ ընդգծենք, որ սփյուռքի ռեսուրս ասելով՝ նկատի ունենք ոչ այնքան ֆինանսական, որքան մտավոր ռեսուրսը:
Այսօր աշխարհը առաջ են տանում տեխնոլոգիաները, որոնց շնորհիվ հաճախ փոխվում է փոքրի ու մեծի հարաբերակցությունն, ու տրամագծորեն վերանայվում ուժեղի ու թույլի մասին պատկերացումները: Ու փոխանակ օգտագործելու համայն հայության մտավոր անգին ռեսուրսը, փոխանակ այդ ամենը համախմբելու եւ ուղղորդելու մեկ՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության մեծացման նպատակին, մեր իշխանավորները ՀՀ ինքնիշխանության վերջին փշրանքներն են նվիրում Ադրբեջանին զինող Ռուսաստանին, ինչ է, թե իրենց աթոռները պահեն: