ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ԱՆՀԱՅՏ ԷՋԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր շփման ամենատարածված ու մատչելի տարբերակը սոցիալական կայքերն են` Facebook, Twitter, My space, Одноклассники, Мой Мир, В Контакте Hayland  եւ այլն, որոնց  միջոցով աշխարհի տարբեր մասերում գտնվող մարդիկ շփումներ են հաստատում, ծանոթանում, ընկերանում, ամուսնանում… Լինում են նաեւ դեպքեր, երբ արվեստի բնագավառի մարդիկ են միմյանց հետ կապ հաստատում ու սկսում համագործակցել: Սակայն սոցիալական կայքերն ունեն ինչպես դրական, այնպես էլ շատ բացասական ազդեցություն:  Երբ որեւէ սոցիալական կայքում փնտրում ես հայտնի մարդու, պարզվում է, որ այդ մարդու անունով կա ոչ թե մեկ, այլ մի քանի էջ: Վերջին շրջանում ամենից շատ ակտիվություն գրանցվում  է Facebook եւ Одноклассники սոցիալական կայքերում: Ըստ վիճակագրական տվյալների` միայն Facebook-ում այսօր գրանցված է ավելի քան 200 միլիոն մարդ: «Ժողովուրդ» օրաթերթը կատարեց փոքրիկ հետաքննություն, ինչի արդյունքում պարզվեց, որ Одноклассники սոցիալական կայքում կա մի քանի Սիլվա Հակոբյան, Էրիկ Կարապետյան, Արսեն Սաֆարյան, Սյուզի Մելիքյան, Սիրուշո եւ էլի շատ ուրիշ հայտնի մարդիկ: Երբ զանգահարեցինք Սիլվա Հակոբյանին` ճշտելու, թե ինքն արդյոք տեղյակ է այս ամենից, լսափողը վերցրեց նրա հայրը` Հակոբ Հակոբյանը, որն էլ դստեր փոխարեն պատասխանեց մեր հարցերին:- Տեղյա՞կ եք, որ Սիլվա Հակոբյան անուն-ազգանունով 20-ից ավելի էջ կա Одноклассники կայքում:  – Ասեմ Ձեզ, որ Սիլվիկի անունով շատ տարբեր էջեր կան բացված, շատերից մենք նույնիսկ տեղյակ էլ չենք: Մեկը կար, որ Սիլվա Հակոբյան անուն-ազգանունով էջ էր բացել Facebook-ում ու իրան շատ վատ էր պահում: Սկզբում մենք խնդրեցինք փակել այդ էջը, նա չփակեց: Հետո ջղայնացանք, էլի չփակեց: Ում հասնում «դրուժիտ» էր տալիս, ինչ ասես գրում էր: Շատ ապուշ բաներ էր անում, հետո, չիմացա ոնց, այդ էջը ջնջեցին: Կան մի քանի ֆան ակումբներ, ում հետ նույնիսկ մենք ենք համագործակցում: Նրանք  մեզ հետ կապի մեջ են, շատ անգամ մենք իրենց նկարներ ենք տալիս: Մի 2-3 «ֆան կլաբ» կա, որ մեր լավ բարեկամներն են, հաճախ են զանգահարում, կիսվում ինֆորմացիայով: Շատ լավ էրեխեք են, բայց մնացածից տեղյակ ու խաբարություն չունենք: – Ուզում եք ասել, որ Սիլվան ինտերնետից հեռո՞ւ է:- Սիլվան ինտերնետից շատ է օգտվում: Բայց սոցիալական կայքերում ժամանակ չի անցկացնում: Սիլվան ոչ մեկին իր գործունեությամբ նեղություն չի տալիս, ի՞նչ կարիք կա խաղալ նրա անվան հետ:Երգիչ Էրիկ Կարապետյանի անունով էլ մոտ 15 էջ կար:  – Էրի՛կ, դու ինքդ գրանցվա՞ծ ես, թե՞ բոլոր էջերը կեղծ են:- Ես ինքս կամ Одноклассники կայքում, ընկերներ էլ շատ ունեմ, նույնիսկ շփվում եմ մի քանիսի հետ: Իմ իրական էջում երեւի թե մի 10 ընկեր կլինի: Մնացածը մարդիկ են, ում չեմ ճանաչում, բայց որ ընկերություն են առաջարկել, ընդունել եմ: Պահ կար, որ ուզում էի ջնջել իմ էջը, քանի որ շատերը նեղանում էին, որ չեմ ընդունում իրենց ընկերության առաջարկը: Դե արի՛ ու բոլորին բացատրի՛, որ 500 հոգուց ավել ընկեր ունենալ չես կարող, իսկ իմ ընկերների թիվն արդեն 500 է: – Գիտե՞ս, թե քանի Էրիկ Կարապետյան կա:- Հստակ չգիտեմ: Չգիտեմ նույնիսկ, թե  ով ինչ է խոսում: Երեկ էլ մի դեպք տեղի ունեցավ: Ընկերոջս հետ գնացել էի սրճարան, մատուցողուհիներից մեկը մոտեցավ եւ ասաց. «Քո ընկերներից մեկը մի 2 ամիս առաջ ինձ ասել էր, որ ուզում է կլիպ նկարի ու հրավիրում է ինձ` որպես սիրուն աղջկա, նկարահանվելու»: Այդ աղջիկն էնպիսի մարդու անուն տվեց, որ ես չգիտեի էլ, թե դա ով է: Ախր ես չեմ կարող վերահսկել այդ պրոցեսը:Մի զավեշտալի դեպք էլ հիշեցի: Մի օր ընկերոջս էջով սայթ էի մտել, մեկ էլ տեսա` մեկը իմ նկարով  էջ է բացել: Գրեցի. «Ողջո՛ւյն, քեզ շատ եմ սիրում»: Ինքն էլ ինձ շատ լուրջ պատասխանեց. «Ես Էրիկը չեմ»: Հարցրի` բա քեզ ո՞վ է թույլ տվել, որ նրա անունով էջ բացես, նա էլ պատասխանեց, որ հենց նոր Էրիկի հետ էր խոսում, որն իրեն խնդրեց բացել այս էջը: Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը, երբ դա լսեցի: – Չե՞ս փորձել բողոքել կայքի ադմինիստրացիային:- Չգիտեմ, թե  ինչպես են բողոքում: Բացի այդ,  կարծում եք` կօգնի՞: Ուզում եմ տեղյակ պահել այն մարդկանց, որոնք, կարծելով, թե ինձ են գրում, գրում են ուրիշի ու ստանում կոպիտ պատասխաններ, որ դա ես չեմ, հավատացե՛ք:  ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս