Լեռնիկ Ալեքսանյանը կհետևի իր գործընկերների օրինակին և կլքի՞ ՀՀԿ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի համամասնական ցուցակներից պարզ է դառնում, որ նոր Ազգային ժողովում հնաբնակներին փոխարինելու են գալու զգալի թվով նոր դեմքեր: Ասել է, թե ներկայիս շատ պատգամավորների օրերն ԱԺ-ում հաշված են: Այս անգամ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի հետ:

-Պարո՛ն Ալեքսանյան, բավականին երկար տարիներ պատգամավոր եք եղել, բայց այս անգամ ընդգրկված չեք կուսակցության համամասնական ցուցակում: Ինչո՞ւ:

-Դե, դա իմ որոշելիքը չէր, կուսակցությունն է որոշել, ինձ չպետք է ուղղել այդ հարցը, ես հանգիստ եմ վերաբերվում, համենայն դեպս:

-Ձեր կուսակցության ցուցակում ընդգրկված են բավականին անփորձ թեկնածուներ: Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին:

-Այդ հարցը ինձ չպետք է ուղղվի, եթե ինձ եք ուղղում, ասեմ, որ ես շատ հանգիստ եմ ընդունում, առանձնապես արտառոց բան չեմ տեսնում, դա կուսակցության որոշելիքն էր, եւ այդպես է որոշվել, ես ի՞նչ պետք է ասեմ, պիտի ասեմ վատ եմ ընդունում, լավ եմ ընդունում, ճիշտ չէ, էլի: Ես հանգիստ եմ ընդունում: Ցուցակի մեջ անունը գրելով, պատգամավոր դառնալով չէ, որ գնահատվում են, գնահատման ուրիշ ձեւեր էլ կան:

-Ձեզ գնահատելու ուրիշ ձեւ արդեն գտե՞լ են:

-Ես չգիտեմ, ես չեմ սիրում իմ մասին տենց բաներ ասել, անկեղծ ասեմ՝ չեմ ուզում: Ոնց կգնահատվի, ինչ կարվի, կյանքը ցույց կտա, կերեւա այդ ժամանակ:

-Բայց նորից առաջադրվելու ցանկություն ունեի՞ք:

-Ես այն մարդկանցից չեմ, որ շատ ամբիցիոզ, ուզում էի անպայման, իրոք, եթե այդ տեղը կուսակցությունը գտնում է՝ այդպես պետք է լինի, ուրեմն այդպես պետք է լինի: Ես առանձնապես ոչ մի բան չեմ կապում, ո՛չ իմ մարդկային հարաբերություններն եմ կապել պատգամավոր դառնալու կամ չդառնալու հետ, ո՛չ էլ մնացած բոլոր հարցերում:

Իմ ամբողջ կենսագրության ընթացքում դրանով չեմ պայմանավորել ոչ մի բան, ես շատ լավ գիտեմ, որ այսօր կարող է՝ պատգամավոր լինենք, վաղը կարող է՝ չլինենք:

-Երբ հաջորդ խորհրդարանը սկսի իր աշխատանքները եւ այնտեղ չլինեք, փոխարենը տեսնեք այլ դեմքերի, այդժամ ցավ չե՞ք զգա:

-Բացարձակ, կոպիտ ասած՝ իմ «պորտը հո ԱԺ-ում չեն կտրել», տասնութ տարի է՝ ես պատգամավոր եմ, ցավ զգալու պատճառ չունեմ… տենց չի, որ այդ պատգամավորությունը մի հրաշալի բան է, դա ունի նաեւ իր պատասխանատվությունը: Համենայն դեպս, ես իմ պատգամավորության տարիներին պատասխանատվություն եմ զգացել իմ ամբողջ խոսքի համար, իմ աշխատանքի համար: Այնպես չէ, որ դա միայն վայելք է, ու ես վայելել եմ: Համենայն դեպս, ես այդպես չեմ նայել պատգամավոր լինելուն: Եվ ցավ ապրելու խնդիր չկա:

-Բայց այս անգամ կաջակցե՞ք կուսակցությանը:

-Իհարկե, աջակցելու եմ, իմ բոլոր հնարավորություններով, բնականաբար:

-Այսինքն՝ չե՞ք նեղացել կուսակցությունից եւ չե՞ք պատրաստվում լքել այն:

-Ո՛չ, ոչ, դա բացառվում է, ես չեմ հարգում այն մարդկանց, ովքեր, չգիտեմ, թիմ են փոխում, կուսակցություն են փոխում, հատկապես, եթե դա կապված է անձնական ամբիցիաների հետ, համենայն դեպս, ես այդ կարգի մարդ չեմ:

-Բայց Ձեր շատ գործընկերներ նեղացան եւ այդ պատճառով հեռացան կուսակցությունից:

-Ես տենց չեմ համարում, ես համարում եմ, որ դա ներքին խոհանոցային հարց է, իհարկե: Բայց ասեմ Ձեզ, որ գուցե կուսակցության ներսում, չգիտեմ, խոսակցություններ եւ այլն, եւ այլն, բայց դրսում կուսակցությունը լքել, մեկ ուրիշ թիմ անցնել… Ես դա ճիշտ չեմ համարում, բոլոր դեպքերում:

-Լավ, իսկ ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել:

-Կտեսնենք, հիմա դժվար է դա ասելը, համենայն դեպս, քաղաքական գործընթացներում ես լինելու եմ:

Վահագն Հակոբյան




Լրահոս