Խորհրդարանական ընտրություններին մասնակցել պատրաստվող ուժերի նախընտրական ցուցակներն արդեն ամբողջությամբ հրապարակված են: Ո՞ր կուսակցությանն է հաջողվել ներկայացնել ամենամրցունակ ցուցակը, եւ արդյո՞ք այդ կազմով ուժերից կարելի է ակնկալել փոփոխություններ. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:
-Պարո՛ն Քոչարյան, օրենքով սահմանված վերջնաժամկետում, ի վերջո, Աժ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը երեկ ներկայացրին իրենց նախընտրական ցուցակները: Ըստ Ձեզ՝ ո՞րն է ամենամրցունակ ցուցակը:
-Գիտեք, եթե խոսքը ցուցակների մասին է, ապա եկեք, այսպես ասենք, որ բոլոր ցուցակները երկու բանի մասին են խոսում՝ ա. գնում է սերնդափոխություն ու լուրջ սերնդափոխություն, ընդ որում, ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ, բ. օդիոզ դեմքերից բոլորը հրաժարվել են: Այս երկու բանը կարող եմ ասել, իսկ մնացածն արդեն ռեսուրսների խնդիր է:
-Բայց այդ օդիոզ դեմքերը առաջադրվում են ռեյտինգային ընտրակարգով…
-Գիտեք, ամենալավը այդ ռեյտինգայինի որն է, որ մինչեւ հիմա շատերը չեն հասկացել: Եթե մի քիչ ավելի ռեալ դաշտում մտածենք, հասկանալի է, որ միանգամից օդիոզ դեմքերից ազատվել հնարավոր չէ հարյուր տոկոսով, բայց եթե Դուք ուշադիր նայեք, կտեսնեք, որ օդիոզ դեմքերն իրար հետ են պայքարում, չորս-հինգ օդիոզ դեմք մի մանդատի համար, ու դա նշանակում է, որ միանգամից յոթանասուն-ութանասուն տոկոսով օդիոզ դեմքերը պակասելու են պառլամենտում: Որովհետեւ եթե Դուք նայեք, ովքեր են իրար դեմ նույն կուսակցությունից, կհասկանաք, որ այդ չորս-հինգ հոգուց ընդամենը մեկն է անցնելու, իսկ դա նշանակում է, որ տասներեք ընտրատարածքից ամեն չորս-հինգ օդիոզից ընդամենը մեկն է անցնելու: Եթե այն ժամանակ կային քառասուն-հիսուն նման դեմք, հիմա առավելագույնը տասներեք օդիոզ դեմք է անցնելու: Այդ առումով, իհարկե, ես համոզված եմ, որ օդիոզ դեմքերը դեռ գլխի չեն ընկել, կեսից գլխի կընկնեն կամ այդպես էլ գլխի չեն ընկնի: Երբ որ չհայտնվեն պառլամենտում, նոր գլխի կընկնեն երեւի: Բայց այդ առումով, իհարկե, շատ մեծ առաջընթաց է:
-Բոլորը կրկին փոփոխությունների մասին են խոսում: Այս անգամ իրականում ակնկալե՞նք որեւէ փոփոխություն:
-Ցուցակով արդեն փոփոխությունները շատ մեծ են, գոնե ֆասադային հատվածում: Պարզ է, որ բավականին երիտասարդ կազմ է գալիս: Այդքանով արդեն կա փոփոխություն, թե հետո ինչ կլինի, ոչ ոք ասել չի կարող, կապրենք, կտեսնենք: Հույս ունենք, որ կլինի շատ փոփոխություն:
-Այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ ամենախոստումնալից ցուցակը ո՞ր ուժինն է:
-Ճաշակի խնդիր է: Հայերի համար կա մեկ-երկու հարյուր տոկոսանոց լավ ցուցակ, Շառլ Ազնավուրն ու Հենրիխ Մխիթարյանն են, մնացածը ճաշակի խնդիր է:
-Իսկ եթե համեմատենք ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակնե՞րը:
-Ճաշակի խնդիր է, ես այնտեղ էլ ունեմ նախընտրելի դեմքեր, այստեղ էլ ունեմ նախընտրելի դեմքեր, որ ասեմ՝ այնտեղ իդեալական է, կամ այնտեղ շատ վատն է, չկա այդպիսի բան: Դա շատ սուբյեկտիվ է, որովհետեւ կան մարդկային հարաբերություններ՝ սկսած ընկերականից, վերջացրած զուտ ինչ-որ վերաբերմունքով տվյալ քաղաքական գործչի նկատմամբ: Ինձ համար ամենալավը Շինդլերի ցուցակն է:
-Ասում եք՝ լավն այն է, որ սերնդափոխություն է լինելու, բայց արդյո՞ք այս ցուցակների «նոր սերունդ»-ն ունի այնքան ներուժ, որ փոփոխություններ իրականացնի:
-Երբ մարդիկ նոր են ի հայտ գալիս, երբ նրանց դեռ ոչ ոք չի ճանաչում, միշտ կա «հայրեր եւ որդիներ»-ի պրոբլեմը, որ հայրերը միշտ ասում են՝ դե, նրանք փորձ չունեն, ինչ պետք է անեն, երեխեքն էլ ասում են՝ դե, նրանք հոգնած են, հին են եւ այլն, եւ այլն: Բոլոր ցուցակներում կան շատ ներուժ ունեցող մարդիկ: Հասարակությունը չպետք է ձեռքերը լվա եւ ասի, որ իրենք մտել են խորհրդարան, թող իրենք էլ լուծեն բոլոր խնդիրները, հասարակությունը որոշ դեպքերում պիտի պահանջի, որոշ դեպքերում դեմ գնա, որոշ դեպքերում կանգնի սարի պես:
«ՄԵՐ ԿՈՆՏԻՆԳԵՆՏԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐ ԵՆ, ԶՏԱՐՅՈՒՆ»
Երեկ, ի թիվս այլ կուսակցությունների, խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրեց նաեւ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը: Արդյո՞ք կուսակցությունը նոր է նման որոշում կայացրել, որեւէ դաշինքի մաս կազմելու ցանկություն չի ունեցե՞լ. այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, Կոմունիստական կուսակցությունը եւս ԿԸՀ է ներկայացրել իր փաստաթղթերը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այդ որոշումը նո՞ր եք կայացրել, թե՞ վաղուց նման մտադրություն ունեիք:
-Ուրեմն, նախորդ՝ 2012 թվականի ընտրություններում ոչ օբյեկտիվ ընտրական կամպանիա ծավալելու եւ իշխանությունների կողմից ընտրությունները կեղծելու պատճառով մենք չհայտնվեցինք Ազգային ժողովում: Դրանից անմիջապես հետո Կոմունիստական կուսակցությունը որոշում կայացրեց, որ պետք է, ինչպես կարգն է, պատրաստվել եւ մասնակցել 2017 թվականի ընտրություններին եւ հաղթահարելով հինգ տոկոսի շեմը՝ անցնել ԱԺ: Եթե մենք չունենք լրատվամիջոց մեր տրամադրության տակ, չունենք մամուլ, չունենք հեռուստատեսություն, դա չի նշանակում, որ մենք չենք նախապատրաստվում եւ չենք մասնակցելու ընտրություններին: Վերջին մեկ տարին մենք ամբողջությամբ պատրաստվել ենք եւ ԿԸՀ ենք ներկայացրել 173-174 հոգուց բաղկացած ցուցակ: Ընդ որում, ասեմ, որ շատ շատերին մենք մերժեցինք եւ մեր ցուցակում չընդգրկեցինք:
-Վերջին շրջանում բազմաթիվ նախընտրական դաշինքներ ստեղծվեցին: Դուք մտադրություն չե՞ք ունեցել որեւէ դաշինքի մաս կազմել:
-Ուրեմն, քանի որ քաղաքական դաշտում չկա այն կուսակցությունը, որը համահունչ լինի, կիսի մեր գաղափարախոսությունը, հետեւաբար մենք հարմար չգտանք միավորվել որեւէ կուսակցության՝ բացառությամբ Առաջադիմական կոմունիստական կուսակցությունից, որի գաղափարը նույնն է, ինչ որ մերը: Դրա համար մենք որոշել ենք, որ միասին գնալու ենք Առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ:
-Իսկ Ձեզ այլ դաշինքներից առաջարկ եղե՞լ է:
-Այդ հարցին հիմա հարմար չեմ գտնում պատասխանել, թույլ տվեք չպատասխանել:
-Դուք կարծում եք, որ գալիք խորհրդարանում հայտնվելու համար բավարա՞ր շանսեր ունեք:
-Գիտեք ինչ, մենք այնպիսի մարդկային բազա ունենք: Նա, ով տիրապետում է հանրապետության բնակչության տոկոսային հարաբերությանը, կտեսնի, որ ամենամեծ բազան ունի Կոմունիստական կուսակցությունը, որովհետեւ Կոմունիստական կուսակցությունը 70 երկար ու ձիգ տարիներ ստեղծելով, արարելով հանրապետությունը՝ այդ մարդկանց մեծ մասը դեռեւս ապրում է, մեզ հետ է եւ մեր համակիրներն ու մեր կուսակիցներն են, դրա համար մեծ բազա ունի Կոմունիստական կուսակցությունը եւ հետեւաբար՝ մեծ հնարավորություն ԱԺ տեղափոխվելու համար:
-Իսկ ռեյտինգային թեկնածուների խնդիր չե՞ք ունեցել:
-Բոլոր 13 ընտրական տեղամասերում մենք ունենք 10-12 թեկնածուներ, հեղինակավոր, ճանաչված, հարգված մարդիկ: Մեր շարքերում չկա մի մարդ, ով մեկ այլ կուսակցությունից եկած լինի մեզ մոտ: Մեր կոնտինգենտը հաստատուն կոմունիստներ են, զտարյուն:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՐԱՖՖԻՆ ԿՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի հաջորդականությունն անակնկալ էր. չնայած Րաֆֆի Հովհաննիսյանի անունը նաեւ դաշինքի անվան մաս է, եւ ասվել էր, որ նա լինելու է ընտրացուցակում 2-րդը, սակայն պարզվեց` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի անունը 11-րդ հորիզոնականում է: Փոխարենը դաշինքի երկրորդ հորիզոնականում գրված է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի անունը: Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդ հորիզոնականում է ընդգրկվել իր ցանկությամբ. «11-րդ տեղում է Րաֆֆի Հովհաննիսյանը, որովհետեւ համոզված է, որ այդ հորիզոնականը եւս անցողիկ է: Դա իր նախընտրած տեղն է»,-ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյո՞ք Հովհաննիսյանը մտադրություն ունի խորհրդարանական ընտրություններից հետո կրկին մեկնել ԱՄՆ եւ բնակվել այնտեղ, ու որոշել է 11-րդում լինել, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ո՛չ, ո՛չ, ու՞ր գնա, մնալու է, դա վաղուցվա հեքիաթներ են»:
Մինչ այդ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունները, թե ինքը ուզում է ցուցակում երկրորդը չլինել եւ տեղը զիջում է Արմեն Մարտիրոսյանին, գործընկերների մոտ պարզապես շոկ է առաջացրել, եւ նրանք դժգոհել են, որ համագործակցության փաստաթուղթ ստորագրելուց մի քանի օր չանցած արդեն խախտվում են պայմանավորվածությունները, այլապես ինչ իմաստ ուներ դաշինքի անվան մեջ Րաֆֆիի անունը գրելը: Այս թեմայի շուրջ դաշինքի ներսում երեկ վիճաբանություն է ընթացել, եւ կրքերն այնքան են թեժացել, որ անգամ առաջարկ է եղել համագործակցությունը դադարեցնելու եւ ԿԸՀ ընտրացուցակները չտանելու վերաբերյալ: Բայց, այնուամենայնիվ, որոշվել է գնալ ընտրությունների, թեկուզ եւ այս տեսքով:
ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ
«Ազատամարտիկների դաշինքը» դեռ մինչեւ վերջերս ակտիվ համագործակցում էր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ, սատարում նրանց նախաձեռնությունները: Ընդ որում, այդ դաշինքից ՀԱԿ-ի հետ ամենամտերիմ հարաբերություններն ունեցողները ազատամարտիկ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը ու պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն էին: Միայն թե ԱԺ ընտրություններին «Ազատամարտիկների դաշինքը» սատարում է ոչ թե Կոնգրես-ՀԺԿ դաշինքին, այլ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարած «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Ավելին՝ Ռազմիկ Պետրոսյանը հիմա Օհանյանի դաշինքով առաջադրվել է ռեյտինգային ընտրակարգով: Երեկ «Ժողովուրդը»-ը նրանից հետաքրքրվեց` ինչու Կոնգրեսի ցուցակով չառաջադրվեց, այլ գնաց ուրիշ դաշինք: «Ես միշտ էլ ընդդիմադիր դաշտում եմ եղել, հիմա էլ: Սեյրան Օհանյանը մեր մարտական ընկերն է, իր հետ ենք, բայց դա չի նշանակում, որ Կոնգրեսին դեմ ենք: Տարբերություն չկա, քանի որ պայքարում ենք նույն թիրախի դեմ»,-ասաց նա: Մեր հարցին, թե Տեր-Պետրոսյանն էլ նրա գլխավոր գերագույն հրամանատարն է եղել, Պետրոսյանն ասել է, որ ՀՀ առաջին նախագահը միշտ իր հրամանատարն է:
Հավելենք, որ նրանց որոշման վրա դերակատարություն է ունեցել Արցախի հերոս Սամվել Բաբայանը: