Հայ-ռուսական հարաբերությունները վաղուց են լարված, ավելին՝ Հայաստանն այսօր չունի բարեկամ. Կարեն Քոչարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ռուսական հարաբերությունները օրի օրի լարվում են, կողմերը ամենաբարձր մակարդակով պարբերաբար մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին:

Նախ Նիկոլ Փաշինյանն է Ռուսաստանի ռազմական ներկայությունը «սպառնալիք» համարում Հայաստանի համար,իշխանության տարբեր ներկայացուցիչներ ռուսական կողմին մեղադրում են Լաչինի միջանցքը փակելու հարցում Ադրբեջանին աջակցելու մեջ, իսկ ահա երեկ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է Հայաստանին մեղադրել էր, թե «տարիներ շարունակ «օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջանները». «Ռուսաստանն այս ընթացքում առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի դեռևս նախորդ ղեկավարությունը ոչ այնքան դրական էր ընդունել՝ փորձելով պահել տարածքները, որոնց Երևանը նույնիսկ չէր էլ հավակնում։ Ադրբեջանը վերադարձրել է այն տարածքները, որոնք պատկանում են իրեն»,-ասել էր Լավրովը:

Լավրովի այս հայտարարությունը շատ քննարկվեց հայաստանյան փորձագիտական և հասարակական շրջանակների կողմից, սակայն պաշտոնական Երևանը դեռևս ձեռնպահ է մնում ռուսական կողմին արձագանքելուց:

ArmLur..am-ը այս առիթով զրուցել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

-Պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ Լավրովը Հայաստանի հասցեին նման մեղադրանքեր հնչեցրեց, ինչի՞ հետևանք էր սա:

-Ես չեմ կարող բացատրել՝ ինչո՞ւ Լավրովը նման հայտարարություն արեց, կամ ո՞ւմ էր այն ուղղված՝ այսօրվա իշխանությունների՞ն, թե՞ նախկին, թե՞ ընհանրապես Ռուսաստանը որոշել է փոխել իր ռազմավարական գործընկերոջը Հարավային Կովկասում կամ ուզում է դուրս գալ Հարավային Կովկասից, դեռ չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ժամանակը ցույց կտա, երևի թե պետք է սպասել զարգացումների: Իսկ թե ի՞նչ հետևանքներ կունենա, դա թող որոշեն նրանք, ովքեր արդեն 5 տարի է զբաղվում են այս հարցով, չեմ կարծում, որ լավ են զբաղվում, բայց, այնուամենայնիվ, հնարավոր է կան ինֆորմացիաներ, որոնց մենք չենք տիրապետում:

-ՌԴ ԱԳՆ-ն վերջերս նաև բավականին կոշտ արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման որոշմանը, Լավրովի երեկվա հայտարարությունը սրա շարունակությո՞ւնն էր:

-Այն, որ Ռուսաստանին դուր չի եկել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայելու որոշումը և ամեն ինչ անելու են, որ դա իրականություն չդառնա, նրանք հենց առաջին օրվանից չեն թաքցրել:

-Պարո՛ն Քոչարյան, Հայաստանը մինչ օրս պաշտոնապես չի արձագանքել ռուսական կողմի հայտարարություններին:
ձեզ համար հասկանալի է՝ ինչո՞ւ է Հայաստանը խուսափում արձագանքել, ինչո՞ւ է մեր ԱԳՆ-ն լռում:

-Իսկ Հայաստանում, ընդհանրապես, որևէ ինստիտուտ հիմա աշխատո՞ւմ է, հենց դա ինձ համար ամենահասկանալին է, որ Հայաստանից լոկ բառեր են մնացել, ոչ մի ինստիտուտ չի գործում, դրա համար էլ արձագանք չկա:

-Կարո՞ղ ենք արձանագրել, որ ողջ պատմության ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները երբևէ այսքան լարված չեն եղել, որքան հիմա

-Հայ-ռուսական հարաբերությունները վաղուց են լարված, ավելին՝ Հայաստանն այսօր չունի բարեկամ, հասել է այն վիճակին, որ վաղուց արդեն սուբյեկտ չէ, միայն օբյեկտ է: Իսկ հայ-ռուսական հարաբերությունները բավականին լարված են հիմա:
Միայն այն հայտարարությունները, որ արվում են ՌԴ ԱԳՆ մակարդակով շատ բաց տեքստով ասվում է սրա մասին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս