ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խորհրդարան է ներկայացրել 2016թ. ամենամյա զեկույցը: Սակայն այս փաստաթղթից տպավորություն է, որ Հայաստանում գործ ունենք ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի, այլ կիսապաշտպանի հետ: Նախկինում ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը կարծես փորձել է այս փաստաթղթում ի ցույց դնել հայաստանյան եւ միջազգային օրենսդրության մասին իր գիտելիքներն ու վերլուծելու ունակությունները. 314 էջանոց փաստաթուղթն ավելի շատ իրավական ակտերի վերլուծական է հիշեցնում:
Այնինչ՝ նկատենք, որ Հայաստանում մարդու իրավունքները շարունակում են մնալ անմխիթար վիճակում, եւ այդ մասին պարբերաբար խոսել են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Այդ մասին խոսվել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ մարդու իրավունքների մասին զեկույցում: Օրերս էլ Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն էր հրապարակել «Անցումային շրջանում գտնվող երկրներ» վերնագրով զեկույցը, որտեղ Հայաստանը ճանաչվել է «կիսակոնսոլիդացված ավտորիտար համակարգով պետություն». «Հայաստանը, ինչպես նաեւ Ղրղըզստանը անցած երկու տարում նախագահականից խորհրդարանական համակարգի են անցնում՝ փորձելով է՛լ ավելի դժվար դարձնել այդ քաղաքական փոփոխության հնարավորությունը», – ասված է Freedom House-ի զեկույցում:
Իսկ ահա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցն ընթերցելիս միանգամայն այլ տպավորություն է. այնտեղ հանդիպում ենք վախվորած արձանագրումների, որ այս կամ այն ոլորտում կան խնդիրներ, եւ վերջ: Ավելին՝ եթե նախկինում ՄԻՊ ամենամյա զեկույցներում անդրադարձ կար ամեն մի նախարարությանն ու կառավարությանն առընթեր մարմիններին առանձին-առանձին, կար «Քաղաքական իրավունքներ» վերնագրով բաժին, ապա հիմա դա չկա:
Մինչդեռ 2016թ. կարելի է համարել քաղաքական բուռն իրադարձություններով լեցուն տարի. հիշում եք «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, երբ երկու շաբաթ շարունակ այնտեղ նաեւ պատանդներ էին պահվում: Հիշում եք նաեւ այդ օրերին ՊՊԾ գնդի գրավմանը զուգահեռ Խորենացու փողոցում անցկացված հանրահավաքներն ու այդ հանրահավաքի մասնակիցների, ինչպես նաեւ լրագրողների նկատմամբ ոստիկանական բռնությունները:
Եւ ահա ՄԻՊ-ն իր ամենամյա զեկույցում փորձել է այդ թեմային հնարավորինս մեղմ մոտենալ. «Հավաքների ազատություն» բաժնում ընդամենը արձանագրված է. «2016 թվականի հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում մի խումբ զինված անձանց կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես էլ բռնությամբ ուղեկցվող հավաքներ: Հավաքների ընթացքում տեղի ունեցան նաեւ հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներ: Այդ խախտումները կապված էին առանց հիմքերի պարզաբանման ոստիկանության բաժիններ բերման ենթարկելու, հավաքի ընթացքում հատուկ միջոցներ օգտագործելու ու ցուցարարներին վնաս պատճառելու հետ եւ այլն»:
Իսկ «Կարծիքի արտահայտման եւ տեղեկություններ ստանալու իրավունք» բաժնում էլ խոսք կա այդ օրերին լրագրողների նկատմամբ բռնությունների մասին. «Լրատվական աշխատանքի ապահովման տեսանկյունից պետք է համարել 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ընթացքում լրագրողների օրինական գործունեության խոչընդոտման դեպքերը… Լրագրողների նկատմամբ գործադրվել է նաեւ բռնություն: Վերը նշված գործողությունները լրագրողական ազատության անօրինական միջամտություն են»:
Ճիշտ է, ՄԻՊ-ը նաեւ նշել է, թե այդ իրադարձությունների թեմայով առանձին զեկույց է պատրաստվում, եւ, ըստ նրանց, հիմա այն գտնվում է ամփոփման փուլում: Բայց համաձայնեք՝ արդեն 8 ամիս է անցել այդ սկանդալային դեպքերից, մինչդեռ ՄԻՊ զեկույցը դեռ գրվում է ու ամփոփվում: Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտը վերջերս հրապարակած զեկույցում հասցրել էր անդրադառնալ նաեւ «Սասնա ծռերի» դեպքերին ու այդ օրերին անցկացված հանրահավաքներին, մասնակիցների ու լրագրողների նկատմամբ բռնություններին:
ՄԻՊ-ն իր զեկույցում փորձել է անդրադառնալ նաեւ բուհերի ուսխորհուրդների քաղաքականացվածության խնդրին՝ այն դիտելով կրթության իրավունքի իրացման սահմանափակումների համատեքստում: Սակայն ՄԻՊ զեկույցից այդպես էլ չի երեւում, թե բուհերի ուսխորհուրդներն ի՞նչ քաղաքական ուղղվածություն ունեն, ո՞ր կուսակցություններն են իրենց քաղաքական հայացքները թելադրում: «Տարիների ընթացքում որոշ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդներ դրանց անդամների գերակշռող մասի՝ որեւէ քաղաքական կուսակցության անդամակցելու հանգամանքով պայմանավորված, ձեռք են բերել քաղաքական ուղղվածություն եւ խնդիրներ են ստեղծել բուհերում ակադեմիական ազատության պահպանմանը: Վերջիններս ուսխորհրդով իրենց վերապահված լիազորությունները հաճախ օգտագործում են բուհում կուսակցական քարոզչության, կուսակցական շահերի պաշտպանության նպատակով»,- ասված է զեկույցում: Եվ նկատեք՝ Արման Թաթոյանը խուսափել է հասցեական գնահատականներ տալուց:
Չնայած բոլորի համար պարզ է, որ բուհերի ուսխորհուրդները հանրապետականացված են, որ իշխող կուսակցությունն իր մետաստազները տարածել է նաեւ այստեղ՝ քայքայելով կրթական համակարգը: Ու եթե ՄԻՊ-ն իր գնահատականներում կոնկրետ անուններ հնչեցներ, միգուցե եւ հնարավոր լիներ իրագործել զեկույցում նշված խորհուրդը. «…անհրաժեշտ է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ եւ այլ միջոցներ բուհերի ուսանողական խորհուրդների գործունեության անկողմնակալության ապահովման եւ վերջիններիս անդամներին քաղաքական ազդեցությունից զերծ պահելու ուղղությամբ»:
Ի դեպ, այս զեկույցում անդրադարձ կա նաեւ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին, երբ մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարվեց 10 հոգի: Բայց այստեղ էլ ընդամենը կրկնվել են նախորդ զեկույցներում նշված մտքերը, թե չնայած ՀՔԾ-ի կողմից արված քննչական գործողություններին, չի ապահովվել քննարկվող քրեական գործերի վերաբերյալ հանրային իրազեկվածության պատշաճ մակարդակ, եւ որ քրեական գործերի քննության ողջամիտ ժամկետների խախտումը կարող է հանգեցնել մահացած անձանց իրավահաջորդների իրավունքների խախտմանը:
Այսպիսով՝ մեր երկրում մարդու իրավունքների պաշպանությունը իրապես գտնվում է «կիսապաշտպան» վիճակում:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ