Այսօր՝ հունիսի 11-ին, Ազգային ժողովում քննարկման կդրվի կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում ներդնել նոր հասկացություն՝ «ծնողական ժամ»։ Եթե նախագիծն ընդունվի, հազարավոր աշխատող ծնողներ կստանան օրական մինչև մեկ ժամ վճարվող ազատ ժամանակ՝ երեխաների խնամքի համար՝ առանց աշխատավարձի կորստի։
Սակայն սոցիալական նշանակություն ունեցող այս նախաձեռնությունն արդեն հասցրել է բուռն քննարկումների առիթ դառնալ. մինչ կառավարությունը խոսում է ընտանիքների աջակցության մասին, մասնագետները զգուշացնում են հնարավոր անհավասարությունների և գործատուների վրա ավելացող ֆինանսական բեռի մասին։
Ովքե՞ր կկարողանան օգտվել
Նախագծով նախատեսվում է, որ «ծնողական ժամ» ստանալու իրավունք կունենան.
մինչև 12 տարեկան երեխա ունեցող աշխատող ծնողները,
մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխա խնամող ծնողները։
Աշխատողը պետք է գրավոր դիմում ներկայացնի, իսկ տրամադրված ժամանակը կհամարվի աշխատաժամանակ և ամբողջությամբ կվճարվի։
Որքա՞ն ազատ ժամանակ կտրամադրվի
Կառավարության առաջարկով՝
մինչև 2 երեխա ունեցող ծնողները կկարողանան ստանալ օրական մինչև 30 րոպե,
3 և ավելի երեխա ունեցողները՝ օրական մինչև 1 ժամ,
ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխա խնամող ծնողները՝ մինչև 1 ժամ՝ անկախ երեխաների թվից։
Սոցիալական աջակցությո՞ւն, թե՞ իրավական անորոշություն
Թեև նախաձեռնության սոցիալական նպատակը լայնորեն ընդունելի է, ԱԺ փորձագիտական և վերլուծական վարչությունը մատնանշել է մի շարք ռիսկեր։
Գլխավոր մտահոգությունն այն է, որ նախագծում օգտագործված «մինչև 30 րոպե» և «մինչև 1 ժամ» ձևակերպումները հստակ չեն սահմանում, թե իրականում որքան ժամանակ պետք է տրամադրվի աշխատողին։ Արդյունքում նույն պայմաններում գտնվող երկու աշխատող կարող են ստանալ տարբեր չափի արտոնություն՝ կախված գործատուի որոշումից։
Փորձագետների գնահատմամբ՝ նման մոտեցումը կարող է ստեղծել խտրական կամ կամայական որոշումների վտանգ։
Գործատուները վճարելո՞ւ են նոր արտոնության համար
Ֆինանսատնտեսագիտական փորձաքննությունն էլ ուշադրություն է հրավիրել մեկ այլ խնդրի վրա. նախաձեռնությունը լրացուցիչ ծախսեր է առաջացնելու գործատուների համար։
Փաստացի, աշխատողը կաշխատի ավելի քիչ ժամ, սակայն կստանա նույն աշխատավարձը։ Սա հատկապես զգայուն կարող է լինել փոքր և միջին բիզնեսի համար, որտեղ յուրաքանչյուր աշխատաժամի կորուստ անմիջական ազդեցություն ունի արտադրողականության վրա։
Երբ կգործի նոր կարգավորումը
Եթե Ազգային ժողովը հավանություն տա նախագծին, օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Այսպիսով, կառավարությունը փորձում է օրենսդրորեն ամրապնդել աշխատանքի և ընտանեկան կյանքի համատեղման նոր մեխանիզմ, սակայն հարցը մնում է բաց՝ «ծնողական ժամը» կդառնա՞ ընտանիքներին աջակցող արդյունավետ գործիք, թե՞ գործատուների և աշխատողների միջև նոր վեճերի աղբյուր։
Ա․ Վարդանյան
























































































