Համաձայն ՀՀ կառավարության նոր որոշման` այսուհետ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր կարող է առաջադրվել գիտական աստիճան ու կոչում չունեցող (բավական է անգամ դոցենտի կոչումը) ցանկացած անձ, որն արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր արտիստի կոչումներին: «Ժողովուրդ»-ի երեկվա համարում մենք անդրադարձել ենք նման անհեռատես որոշման վտանգներին` տեղեկացնելով նաեւ, որ այդ որոշման միակ նպատակը գիտական որեւէ կոչում չունեցող բեմադրիչ Արմեն Մազմանյանին Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր դարձնելն է: Դեռ 2004-ին ՀԹԳՄ համագումարում Մազմանյանը պահանջ էր դնում ստեղծագործական միությունը մենեջերական կենտրոն դարձնել: Տեսնելով, որ աջակցություն չի գտնում, նա թատերային ընդգծված ցուցադրականությամբ (երանի թատերայնության զգացողությունը նա իր բեմադրություններում գերակա դարձնի) պատռեց միության անդամության տոմսն ու հեռացավ համագումարից: Հետո նույն այս գաղափարը թելադրելով մշակույթի նախարարին ու վարչապետին` գրեթե կործանման հասցրեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը` այդպես էլ չստանալով այդ թատրոնի տնօրենի պաշտոնը: Հիմա էլ այդ գաղափարը փոխանցել է իրեն սատարող երկրի նախագահին ու վարչապետին` այսպես կամենալով դառնալ ԵԹԿՊԻ-ի ռեկտոր: Ոչ ոք չի խանգարում Արմեն Մազմանյանին իր թատրոնի հենքի վրա ձեւավորել բուհ-թատրոն համալիր` համապատասխան մենեջերական կենտրոնով, արտ-մենեջմենթի հայեցադրույթների կիրառմամբ մշակել կրթության այլընտրանքային եղանակներ ու ձեւեր` այսպես հաստատելու համար իր թեզի կենսունակությունն ու գործնականությունը: Մինչդեռ նրա գլխավորած թատրոնը տեւական ժամանակ չի կարողանում ներկայացումներ խաղալ հենց գործնական մենեջմենթի բացակայության, ճշմարիտ ու համակողմանի art-PR-ի չգոյության պատճառով:Ոչ ոք չի ժխտում, որ Թատրոնի եւ կինոյի ինստիտուտը կրթական բարեփոխումների անհրաժեշտությունն ունի, որ մեր երկրում տակավին չեն մշակված արվեստի կրթության առանձնատիպություններից բխող հայեցակարգերը, որ մասնաճյուղերի պրոֆեսորադասախոսական անձնակազմերն օտարված են համաբուհական ամբիոններում ընթացող ծրագրային, գիտահետազոտական աշխատանքներից: Այդ ամենի դեմ այժմ պայքարում է բուհ-ի ղեկավարությունը` նաեւ ինքնուրույն մշակելով արվեստի կրթության սկզբունքներն ու հայեցադրույթները` ձգտելով կատարյալ դարձնել կրթական գործընթացները: Իսկ եթե կրթության եւ գիտության նախարարությունը կամենում է բուհ-երում զարկ տալ մենեջերական գործունեությունը, խնդիր չկա. բուհ-երի տնտեսական հարցերով պրոռեկտորների գործառույթները պետք է ընդլայնել, աշխատանքի ընդունել անգամ գիտության ու կրթության հետ կապ չունեցող, սակայն մենեջերական կամ պրոդյուսերական համապատասխան կրթությամբ մարդկանց, նպաստել բուհ-երի արտաբյուջետային միջոցների ընդլայնմանը, ֆինանսատնտեսական գործունեության արդյունավետացմանը: Ուշագրավ մի դիտարկում. այժմ երկրում անց են կացվում դպրոցների տնօրենների քննություններ, կարեւորվում է այն հանգամանքը, որ դպրոցները պետք է ղեկավարեն կրթական եւ գիտական որոշակի հմտություններ, կառավարման սկզբունքներ ունեցող մարդիկ: Եվ ի՞նչ է ստացվում. դպրոցի տնօրենը պետք է իր կրթական մակարդակով բարձր կանգնած լինի մանկավարժական հանրույթից, իսկ արվեստի բուհ-ի ռեկտորը պարզապես մենեջե՞ր լինի… Այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ առաջին հերթին կառավարությունը որոշում է կայացրել Մազմանյանի համար, այլապես այդ որոշումը կվերաբերեր ՀՀ բոլոր բուհ-երին` Երեւանի պետական համալսարանին, ՀՊՃՀ-ին, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանին… Բայց հազիվ թե այս որոշման հեղինակները հանդգնեին նման պահանջ ներկայացնել վերոհիշյալ մյուս բուհ-երին. այդ բուհ-երի գիտնականներն ու դասախոսները, ուսանողությունը միանգամից դուրս կշպրտեին որոշումը բերող բանագնացներին ու դուրս կգային հրապարակներ: Մինչդեռ թատրոնի եւ կինոյի ինստիտուտի դեպքում իշխանությունների ցինիզմը հասել է իր բարձրակետին. բուհ-ական մտավորականությանն ու արվեստի գործիչներին դատապարտելով աղքատության ու չնչին վարձատրության` հիմա էլ հեղինակազրկում են արվեստի բարձրագույն կրթությունը` չհասկանալով մի բան, որ արվեստի մարդիկ չեն կարող տեւական ժամանակ տանել ստորացումներն ու արհամարհանքը, չեն կարող իշխանությունների ձեռքին վերածվել խամաճիկների: ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՎԵՐՈՒՄ` ՀԱՆՈՒՆ ԽՄԲԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ-2
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ