Ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները, որոնք խորհրդարանական կառավարման համակարգի անցնող մեր երկրի համար պիտի ունենային առանցքային կարեւորություն, եւ որոնք, ըստ իշխանությունների, աննախադեպ էին լինելու իրենց քաղաքական եւ որակական նշանակությամբ, իրականում եղան այդպիսին:
Եթե 1995թ-ից ի վեր կեղծվող բոլոր համապետական ընտրություններից հետո գործընթացները քիչ թե շատ քաղաքական բնույթի էին լինում, ապա այս ընտրություններից հետո ամեն ինչ այնքան ճղճիմ է եւ գաղափարականությունից հեռու, որ անգամ կառուսելներով եւ քվեատուփերի գողությամբ ուղեկցվող նախկին ընտրություններին կարելի է կարոտել: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո կարծես թե մինչ այս պարսավելի բոլոր երեւույթներն այլեւս դարձել են սովորական, եւ դրանց, ըստ էության, ընդդիմացող էլ չկա:
Այսպես՝ եթե մինչ այս ընտրակաշառքների բաժանման հետ կապված ամեն ահազանգից հետո իշխանությունները գոնե հարկ էին համարում հայտարարել, որ իրենք դատապարտում են ընտրակաշառքի բաժանումը, ապա հիմա շատ հանգիստ արդարանում են. իսկ ի՞նչ է՝ միայն ՀՀԿ-ի բաժանա՞ծն եք տեսնում, մեզանից բացի՝ մյուսներ էլ են բաժանում: Եվ կամ՝ տնօրենների հայտնի ձայնագրությունների հետ կապված՝ ՀՀԿ ղեկավարներից նեղսրտում են, թե ինչու են միայն ՀՀԿ-ական տնօրենների իրականացրած ցուցակագրումները ներկայացվում, իսկ մյուս կուսակցությունների ներկայացուցիչների դեպքում դա չի արվում:
Մեկ այլ խայտառակ երեւույթ. եթե ժամանակին ընտրություններին մասնակցող թեկնածուներից կանխավ ինքնաբացարկի դիմումներ պահանջելը համարվում էր չլսված ստորություն, ապա հիմա արդեն դա ընկալվում է որպես ընդունված պրակտիկա: Օրինակ՝ եթե մի քանի տարի առաջ լիներ Նապոլեոն Ազիզյանի հետ կապված պատմությունը, դա ուղղակի մեծ սկանդալ կդառնար եւ կցնցեր լրատվական դաշտը: Այսօր, սակայն, նման խայտառակությունը կորում է լրահոսում՝ շատ ավելի խայտառակ տեղեկությունների հորձանուտում:
Ընդ որում, վերջին օրերին այդքան քննարկվող «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրությունների թեման եւս կպարպվի-կանցնի, ու չի բացառվում, որ առաջիկայում նմանատիպ մի քանի այլ ձայնագրությունների հրապարակումից հետո արդեն այսպիսի դրսեւորումներն էլ դիտվեն որպես սովորական երեւույթ:
Եթե նախկինում այս ամենի շուրջ հանրային ընդվզումը կդրսեւորվեր, օրինակ, ինքնաբուխ մի հավաքով՝ թեկուզ ՍԱՍ սուպերմարկետներից մեկի առջեւ, ապա հիմա ակտիվ մասսան լիցքաթափվում է՝ ՍԱՍանելու, ՍԱՍտելու կամ ՍԱՍանյանների մասին Ֆեյսբուքում բառախաղեր անելով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: