Մարտի 14-ին Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպի գործով հարցաքննությունները շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, որը եւս իրավապահներին ասել է, թե բողոք չունի, ամեն ինչ կարգավորվել է, իրենք հաշտվել են:
Ինչպես հայտնի է՝ մարտի 12-ին Արմավիր մարզի Ջրառատ համայնքում ծեծկռտուք էր եղել համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Գալստյանի համակիրների եւ «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի անդամների միջեւ, որից հետո հիվանդանոց էր տեղափոխվել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը` Լեռնիկ Երանոսյանը: Այդ միջադեպն ունեցավ իր շարունակությունը. արդեն մարտի 14-ին գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանն այլ անձանց հետ երկաթե ձողերով ծեծի ենթարկեց Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկ Մելքոնյանին՝ արձակելով նաեւ կրակոցներ:
Կատարվածի արդյունքում հարուցված քրեական գործով գյուղապետի տեղեկալին՝ Տիգրան Սարգսյանին, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել), եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն իրացնելը, պահել): Վերջինս կալանավորվեց: Սակայն մարտի 16-ին դեպքերը զարգացան միանգամայն այլ ուղղությամբ, եւ հիվանդանոց տեղափոխված Հակոբ Մելքոնյանի հայրը` Մանվել Մելքոնյանը, հայտարարեց, թե ինքը հանդիպել է Լյովա Երանոսյանի հետ, խոսել են, հասկացել իրար եւ հաշտվել:
Ըստ էության, այն, ինչ հայտարարել էր Մանվել Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում, իրավապահների համար հիմք չէր կարող լինել, դրա համար էլ նրանք շարունակեցին հարցաքննությունների շարքը: «Ժողովուրդ»-ը գրեց, որ մարտի 24-ին ՀՀ քննչական կոմիտե էին հրավիրվել տուժող Հակոբ Մելքոնյանի հայրը` Մանվել Մելքոնյանը, եւ նրա կինը, որոնք ցուցմունք էին տվել, թե. «Մենք ոչ մի բողոք չունենք, բոլորս էլ կհաշտվենք: Մեռելատունն իրար հետ ենք, հարսանիքի տեղը իրար հետ ենք, թաղի մեջ իրար հետ ենք: Կա՛մ մեկս պետք է քոչի, այստեղից գնա, կա՛մ հաշտվենք: Այսպես ասեցինք, բողոք չունենք, մնացածը իրավապահները արդեն գիտեն, թե իրենց գործին ինչ ընթացք կտան»:
Բայց այդ ցուցմունքներով գործի քննությունը չավարտվեց: Իրավապահները շարունակում են իրենց հարցաքննությունների շարքը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները այցելել են Ջրառատ համայնք, որտեղ հարցաքննել են հիվանդանոց տեղափոխված եւ այժմ տնային պայմաններում բուժումը շարունակող Հակոբ Մելքոնյանին, Մելիք Մելքոնյանին եւ Արայիկ Մելքոնյանին: Մեզ հետ զրույցում տուժող Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանն ասաց, որ տղաները եւս իրավապահներին ասել են, որ բողոք չունեն որեւէ մեկի դեմ:
Եվ ահա տուժող կողմին լսելուց հետո իրավապահները նաեւ հարցաքննել են միջադեպին ներկա գտնված մյուս մասնակիցներին: Մեզ լուրեր հասան, որ հարցաքննվել է նաեւ ՀՀ փոխոստիկանապետի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, որը իրավապահներին ասել է, թե բողոք չունի, ամեն ինչ կարգավորվել է, եւ իրենք հաշտվել են:
Հարցաքննվել է Ջրառատ համայնքի ղեկավար ՀՀԿ-ական Սամվել Գալստյանը եւս, ով դարձյալ ասել է, թե բողոք չունի:
Ու թեեւ բոլոր կողմերը գրել են, թե բողոք չունեն միմյանց դեմ, սակայն գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը կշարունակի առայժմ մնալ կալանքի տակ, քանի որ նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքի մասով քննությունը դեռ շարունակվում է:
Ու մինչ իրավապահները իրենց քննությունը կիրականացնեն` նախընտրական ծեծկռտուքի եւ արյունահեղության գործը փակելու ուղղությամբ, «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ապրիլի 2-ին կայացած ընտրությունների օրը Ջրառատ համայնքում արձանագրված արդյունքները: Ակնհայտորեն այդ համայնքում մրցակցությունը եղել է երկու ուժերի միջեւ. գյուղի երկու ընտրատեղամասերում` 14/51 եւ 14/52-ում, Հանրապետական կուսակցությունը ընդհանուր թվով հավաքել է 426 ձայն, իսկ երկրորդ տեղում եղել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը` հավաքելով 178 ձայն: Ահա թե ինչու էին կրակում գյուղում:
Կրակոցների ու արյունահեղության արդյունքում իշխող ՀՀԿ-ի ձայներն ավելացան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՊՕՐԻՆԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Համերգներ տալու պատրվակով ՀՀ 34 քաղաքացիներին Ամերիկայի Միացյալ Նահանգներ ապօրինի տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը հասավ իր հանգուցալուծմանը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր ուղարկել աղմկահարույց մի քրեական գործ, որը բացահայտում է, թե ինչպես է քաղաքացի Աննա Գրիգորյանը տեղեկացել, որ ԱՄՆ-ում մշտական բնակվող Ստելլա Բոյաջյանը ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու համար Հայաստանից հավաքագրել է 34 քաղաքացիների:
Աննան եւս ցանկություն էր հայտնել մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում՝ փոխարենը խոստանալով, որ նշված խմբի անդամներին կօգնի ԱՄՆ հասնել: Այդպես մշակվել էր սցենար եւ որոշվել 34 քաղաքացիների ժողովրդական երգի եւ պարի խմբի անվան տակ դեսպանատուն մտցնել: Աննայի ծանոթ Արամ Հովսեփյանը, համաձայնության գալով «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանի հետ, պատրաստել էր «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» անդամ «Հայաստան» ժողովրդական երգի եւ պարի ստուդիայի ուսման՝ թվով 34 կեղծ վկայականներ: Այդ փաստաթղթերի հիման վրա խմբով մտել են դեսպանատուն, որպեսզի մեկնեն ԱՄՆ:
Սակայն «բռնվել» էին, եւ ԱԱԾ-ն 5 անձի մեղադրանք է առաջադրել՝ անօրինական միգրացիա կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդված), կաշառք ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդված), կաշառք տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդված) եւ կաշառքի միջնորդության (ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդված) համար:
Եվ ահա մինչ դատաքննություն սկսելը, ամբաստանյալներ Աննա Գրիգորյանը, Արամ Հովսեփյանը եւ Արտաշես Մեսրոպյանը միջնորդեցին գործը քննել արագացված կարգով` հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքներում իրենց լիովին մեղավոր են ճանաչում:
Այսպիսով՝ մարտի 28-ին հրապարակվեց այս գործով վճիռը, եւ Աննա Գրիգորյանը ազատազրկման դատապարտվեց 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց` սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Իսկ ահա Արամ Հովսեփյանի եւ «Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայի» նախագահ Արտաշես Մեսրոպյանի նկատմամբ նշանակվեց պատիժ` 400.000 դրամի չափով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԸՆԴԱՄԵՆԸ 9 ԳՈՐԾ
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 9 քրեական գործ, որոնց շրջանակներում 6 անձի առաջադրվել է մեղադրանք։ Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, 1-ի նկատմամբ՝ կալանավորում։ Քրեական գործերով իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ:
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը երեկ տեղեկություն է տարածել, թե իբր արցախյան ուժերը հակամարտ զորքերի շփման գծում, խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, 60 միլիմետրանոց ականանետից արկակոծել են Թերթերի շրջանի Ղափանլը գյուղը, ինչի արդյունքում վնասվել է մասնավոր տնտեսություն: Արցախի ՊՆ-ն, սակայն, հայտարարել է, որ ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ երեկ՝ ժամը 12:40-13:15-ի սահմաններում հակառակորդը Մարտակերտի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ 60 միլիմետրանոց ականանետից արձակել է 4 արկ:
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆՈՎ
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում հստակեցվել է այն ցուցակը, որով իշխող կուսակցությունը մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին: Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նրան կհաջորդեն Սմբատ Լպուտյանն ու Հովիկ Մուսայելյանը: «Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում Երեւան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, եւ լիահույս ենք, որ դրանք կշարունակվեն»,- նշել է նա:
ԱՍՈՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Հայաստանի ասորական «Աթուռ» միության ղեկավար Արսեն Միխայլովը Հայաստանում պաշտոնապես բնակվող մոտ 3,000 ասորիներին շնորհակալություն է հայտնել՝ իրեն վստահելու եւ ընտրելու համար: Միխայլովը մեկն է այն 4 պատգամավորներից, որոնք 6-րդ գումարման Ազգային ժողովում կհայտնվեն: «Պետք է ասեմ, որ շատ-շատ եվրոպական երկրներից մեր համայնքի ներկայացուցիչները եկել էին այստեղ, մեզ հետ միասին քարոզում էին, եւ նրանց համար էլ էր շատ կարեւոր, որ մենք ունենանք պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում»,- նշել է նա:
ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄՆԵՐ
Այս տարվա առաջին եռամսյակում պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային: 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ՝ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5 տոկոսով: Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6 տոկոս, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3 տոկոս: Խոշոր հարկ վճարողների հարկային մուտքերը 2016թ.-ի հունվար-մարտ ամիսների՝ 100,6 մլրդ դրամի համեմատ ավելացել են 13,9 մլրդ դրամով՝ 2017թ.-ին կազմելով 114,5 մլրդ դրամ, այսինքն՝ աճը կազմել է 13,8 տոկոս: ՀՀ հարկային մուտքերում խոշոր հարկ վճարողների ՀՏ կողմից հավաքագրված հարկային եկամուտները 2016թ.-ի հունվար-մարտ ամիսներին կազմել են 59,5 տոկոս, իսկ 2017թ.-ին՝ 60,6 տոկոս:
ԱՂՔԱՏԱՑՈՂ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Ռուսաստանում աղքատների թիվը անցած տարի հասել է 19.8 միլիոնի, որը վերջին տասնամյակում ամենաբարձր ցուցանիշն է: Համաձայն Ռուսաստանի պետական վիճակագրության ծառայության՝ «Ռոսստատի»՝ երեկ հրապարակած տվյալների՝ աղքատների թիվը 2016 թվականին աճել է շուրջ 300 հազարով: