ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մերձավոր Արեւելքում աշխարհաքաղաքական իրավիճակն աննախադեպ լարվել է, եւ, ըստ էության, հայտնվել ենք համաշխարհային երրորդ պատերազմի նախաշեմին: Սիրիական ճգնաժամի այս վեց տարիների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին. ԱՄՆ-ը ռմբակոծել է Սիրիայի ավիաբազաներից մեկը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե թիրախավորվել է այն ավիաբազան, որը Սիրիայի իշխանությունը օգտագործել է Իդլիբ նահանգին քիմիական զենքով հարվածելու համար:
ԱՄՆ այս գործողությունները հարուցել են ՌԴ-ի քննադատությունը, քանի որ, ինչպես հայտնի է, ՌԴ-ն պաշտպանում է Ասադի իշխանությանը: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ քայլը որակել է ագրեսիա ինքնիշխան պետության դեմ եւ միջազգային օրենքի նորմերի խախտում: Չնայած, նկատենք, որ ըստ ԱՄՆ պենտագոնի խոսնակի՝ իրենք Սիրիայի նկատմամբ ծրագրված հարվածների մասին նախօրոք տեղեկացրել էին ռուսական ուժերին:
Հատկանշական է փաստը, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համարվում էր ռուսական ազդեցության տակ գտնվող գործիչ, որին մեղադրում էին ռուսական հատուկ ծառայությունների օժանդակությամբ ընտրվելու մեջ: Այնինչ՝ հիմա Թրամփը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին իր քայլերով փչացնում է ՌԴ-ի հետ հարաբերությունները՝ սրելով լարվածությունը:
Տեղի ունեցածը, բնականաբար, իր ազդեցությունը կունենա նաեւ ԼՂ խնդրի վրա. ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին Ռուսաստանը զբաղված էր Արցախյան հիմնահարցի լուծմամբ՝ իր ձեռքը վերցնելով նախաձեռնությունը, եւ հիմա ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծումն առժամանակ շեղում է ՌԴ-ի ուշադրությունն Արցախյան հիմնախնդրից՝ ստիպելով կենտրոնանալ թեժ կետերի վրա:
Իհարկե, սա կրելու է ժամանակավոր բնույթ, եւ անկախ ամեն ինչից՝ ԼՂ խնդրի լուծումը շարունակելու է մնալ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների առաջնահերթությունների շրջանակներում, որպեսզի եւս մեկ թեժ կետ չբացվի:

 

 

 
ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»: Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը եւ միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկյա դեսպանատները, անգամ ՀՀԿ-ական որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսի կիրառումը: Սակայն Դավիթ Հարությունյանը փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, թե միշտ էլ լինում են բացասական երեւույթներ. «Ես չեմ կարող դա ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Ես կարող եմ հասկանալ, որ լինում են բացասական երեւույթներ, ինչը խիստ քննադատելի է, ավելին՝ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից քաղաքական գործընթացի պետք է իր կողմից ջանքեր գործադրի, որպեսզի նման թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլեւ պատժվեն մինչեւ վերջ»:

 

 

 
Ապրիլի 9-ին լրանում է Երեւանի ավագանու ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետը, սակայն առայժմ 2 ուժ է հստակ հայտարարել այդ ընտրություններին մասնակցելու մասին. ՀՀԿ-ն, որի ցուցակը կգլխավորի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, եւ «Ելք» դաշինքը, որը ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը: Ու չնայած այս ընտրություններին հնարավոր է՝ մասնակցեն նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն /ԱԺ ընտրություններին մասնակից մյուս ուժերը, որ չանցան խորհրդարան, այս ընտրություններին այլեւս չեն ցանկանում մասնակցել/, սակայն հիմնական պայքարն ընթանալու է հենց ՀՀԿ-ի ու «Ելք»-ի միջեւ: Իսկ մինչ այդ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս օրերին ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն փնտրում են հասարակության կողմից ընկալելի, սիրված մարդկանց ու համոզում են, որ իրենց ընտրացուցակում տեղ զբաղեցնեն, մեկ ձայն ավելի բերեն. բանը հասել է նրան, որ պատրաստ են մեծ տեղ տալ անկուսակցականներին, միայն թե այդ մարդիկ լինեն ձայն բերողներ:

 

 

 
ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ է քննվում ԱԺ ընտրություններում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձի առթիվ: Այդ գործերով 6 հոգու մեղադրանք է առաջադրվել, իսկ մեկն էլ կալանավորվել է: Ընտրակեղծարարության փորձ արած անձանցից Սյունիքի մարզի բնակիչ Արարատ Կարախանյանը, որ ցանկացել է երկրորդ անգամ քվեարկել 34/67 ընտրատեղամասում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ խոստովանություն է արել. պարզվում է՝ այդ քայլին գնացել է հանուն վարչապետ Կարեն Կարապետյանի, որպեսզի երկրորդ անգամ եւս ձայնը տա ՀՀԿ-ին: «Գիտեք, մի քիչ խմած էի, ու վարչապետի խոսքերից շատ էի ոգեւորվել: Ասեցի՝ լավ մարդ է, ու էլի գնացի, ձայնս տամ ՀՀԿ-ին, այն էլ չեղավ, գնացի, ձեռքս տվեցի, մեկ էլ սարքի ձենը միացավ»,- պատմել է նա, եւ վերջում մեր թղթակցին հարցրել. «Հիմա բան հարցնեմ, ինձ կնստացնե՞ն, ես ուղղակի չգիտեի, որ սենց կլինի: Էլ նման բան չեմ անի»: Ի դեպ, ինչ վերաբերում է կալանավորված ընտրակեղծարարին, ապա նա Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Կաղզվանցյանն է, որը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նախորդ բոլոր ընտրություններում միշտ աշխատել է ՀՀԿ օգտին:

 

 

 
ԱԺ ՊԱՏԵՐԻՑ ԴՈՒՐՍ
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից միայն «Ելք» դաշինքն է անցել խորհրդարան /«Ծառուկյան» դաշինքը ընկալվում է որպես ոչ իշխանական, բայց եւ ոչ ընդդիմադիր ուժ/, հնչեցին թերահավատ հարցադրումներ, թե ինչ կարող է անել Ազգային ժողովում ընդամենը 9 մանդատ ստացած ընդդիմությունը: Շատ փորձագետներ նկատեցիին, որ նման իրավիճակ, երբ Ազգային ժողովում ընդդիմությունն այդքան քիչ ներկայացվածություն ունի, եղել է մեկ էլ 2007 թվականին: Այդ ժամանակ «Ելք»-ի կարգավիճակում էր մեկ այլ նորաստեղծ քաղաքական ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը:
Սակայն 2007-ի խորհրդարանական ընտրություններից ամիսներ անց ակնհայտ դարձավ, որ երկրում ընդդիմադիր քաղաքական օրակարգը թելադրվում է ոչ թե Ազգային ժողովում, այլ դրա պատերից դուրս՝ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքներում: Անշուշտ, «Ժառանություն» կուսակցության այն ժամանակվա անդամները, ի պատիվ իրենց, ակտիվորեն ներկայացված էին նաեւ փողոցային ընդդիմության պայքարում: Սակայն փաստ է, որ նրանք առանց փողոցային ընդդիմության չէին կարողանա նշանակալի դերակատարություն ունենալ Ազգային ժողովում:
Այս անգամ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ ինչ-ինչ պատճառներով դուրս մնացին ընտրապայքարից. Պարույր Հայրիկյան, Արամ Գ. Սարգսյան, Լյուդմիլա Սարգսյան, Զարուհի Փոստանջյան եւ, ի վերջո, Վիկտոր Դալլաքյան: Ի հավելումն՝ ընտրությունների արդյունքում էլ խորհրդարանից դուրս մնացին մեծ թվով քաղաքական ուժեր՝ իրենց առաջնորդներով՝ ՀԱԿ, ՀԺԿ, ՀՎԿ, ՕՐՕ: Եվ հիմա հարց է՝ ինչ է լինելու այս ողջ քաղաքական ռեսուրսի հետ, ինչ են անելու այս քաղաքական գործիչներն ու կուսակցությունները: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք ինչ-որ ձեւով դրսեւորվելու են եւ իսպառ չեն հեռանալու քաղաքական թատերաբեմից:
Եվ ահա հենց այստեղ է հարցը, թե նրանցից քանիսը եւ որքանով կստանձնեն փողոցային պայքարի միջոցով ընդդիմադիր օրակարգ ձեւավորելու գործառույթը: Անկախ այն հանգամանքից, որ այսուհետ էլ չեն լինելու նախագահական ընտրություններ, եւ հաջորդ քաղաքական ստուգատեսը այդ ուժերի համար սպասվում է հինգ տարի հետո միայն, ակնհայտ է, որ խորհրդարան չմտած քաղաքական ուժերը մինչ այդ չկազմաքանդվելու եւ իրենց քաղաքական կապիտալը գոնե ինչ-որ չափով պահպանելու համար պիտի այդ ընթացքում ներգրավված լինեն քաղաքական կյանքում: Կլինի դա, թե ոչ, պարզ կդառնա արդեն առաջիկա ամիսներին: Մի բան, սակայն, ակնհայտ է՝ նոր ԱԺ-ում ընդդիմադիր հատվածի սակավաթիվ եւ ոչ բազմազան ներկայությունը բավականին լավ հնարավորություն է տալիս արտախորհրդարանական ընդդիմությանը՝ ընդդիմադիր օրակարգի ձեւավորումն իր ձեռքը վերցնելու եւ առաջ տանելու համար:




Լրահոս