100-ամյակի միջոցառումներից հետո արդյոք Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվել են քայլեր՝ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի նախօրեին՝ երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկել է «Խոստում» ֆիլմի պրեմիերան: Նախօրեից այն ցուցադրվում է ԱՄՆ 50 նահանգների ավելի քան 2000 կինոթատրոններում: Եվ, բնականաբար, թուրքական հակաքարոզչությունը սկսել է գործել իր ողջ թափով՝ ամիսներ ի վեր համացանցաին թրոլլինգից անցնելով արդեն կոնկրետ գործողությունների: Թե ինչպիսին կլինի 100 միլիոն դոլար բյուջեով այս ֆիլմի միջազգային ցուցադրության ընթացքը, պարզ կդառնա արդեն առաջիկա օրերին, սակայն նկատենք, որ այս ֆիլմն արդեն իսկ հասցրել է բավականին մեծ աղմուկ բարձրացնել:

Դրան արձագանքել են մի շարք համաշխարհային մեծության աստղեր՝ այս կամ այն կերպ իրենց աջակցությունը հայտնելով ֆիլմի հիմնական՝ ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման գաղափարին:
Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից զատ՝ սա ամենամասշտաբային նախագիծն է, որը իրականություն դարձավ հայազգի բարերար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կամոք, ով իր վախճանից առաջ, այնուամենայնիվ, արեց վերջին մեծ գործը՝ ֆիլմի ստեղծման համար հատկացնելով 100 միլիոն դոլար:

Իսկ ինչ է անում Հայաստանը՝ որպես պետություն: 100-ամյակի միջոցառումներից հետո արդյոք Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվել են քայլեր՝ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Նկատենք, որ այս հարցի հետ կապված իշխանական որոշ շրջանակներ անցած տարի Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձեւից հետո իրենց համար գտան բավականին հարմար մի դիրքորոշում՝ ասելով, թե Հռոմի պապի եւ Գերմանիայի Բունդեսթագի ճանաչումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարելի է այլեւս փակված համարել:

Թե որքանով է նման դիրքորոշումը դիմանում քննադատության՝ հաշվի առնելով, որ Թուրքիան չի ճանաչել Ցեղասպանութունը, թղնում ենք իրավագետներին եւ պատմաբաններին: Սակայն չենք կարող չհիշեցնել, որ ճանաչման գործընթացը ավարտված համարող իշխանությունները 2015թ հունվարին համայն հայության անունից ընդունեցին մի հռչակագիր, որի 6-րդ կետով պատվիրակվում էր մշակել իրավական պահանջների թղթածրար՝ դիտելով այն անհատական, համայնքային եւ համազգային իրավունքների եւ օրինական շահերի վերականգնման գործընթացի մեկնարկ: Այդ թղթածրարի մասին հանրությունը մեկ էլ լսեց 10 ամիս անց, երբ եղավ համառոտ տեղեկատվություն, թե այն մշակվել է եւ փոխանցվել Սերժ Սարգսյանին: Իսկ թե դրանից հետո ինչ եղավ այդ թղթածրարը, ինչ քայլեր արվեցին իրավական պահանջատիրության ուղղությամբ, այդպես էլ ոչինչ հայտնի չէ:




Լրահոս