ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դեռ անցած տարվա վերջին մեծ ոգեւորությամբ հայտարարում էր, որ հայկական ավիաշուկա մուտք գործող «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը ՀՀ քաղաքացիներին առաջարկելու է էժան` 10 հազար դրամից սկսած ավիատոմսեր: Սակայն ընկերությունը կարծես թե չի պահում իր խոստումը: Ավելին՝ առաջիկա ամիսներին ընկերությունն առաջարկում է ոչ թե 10 հազար, այլ 30 հազար դրամից սկսած ավիատոմս:
Հիշեցնենք, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը անցած տարվա նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան: Ինչպես հայտնի է՝ «Պոբեդա» ավիաընկերությունը պատկանում է «Աէրոֆլոտ» խմբին, ստեղծվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին «Դոբրոլյոտ» բյուջետային փոխադրողի փոխարեն, որը նույն տարվա աշնանը դադարեցրել էր թռիչքները Եվրամիության պատժամիջոցների ցուցակում հայտնվելուց հետո (պատճառը դեպի Ղրիմ ուղիղ թռիչքների իրականացումն էր):
«Պոբեդա»-ն «Աէրոֆլոտ»-ի լոու-քոստերն է՝ էժան թռիչքներ իրականացող կամ բյուջետային ավիաընկերությունը: Իսկ լոու-քոստերները սովորական ավիաընկերություններից տարբերվում են տոմսերի ցածր գներով, սակայն զգալի սահմանափակումներով եւ ցածրորակ սպասարկմամբ: Սովորաբար լոու-քոստերները փորձում են հնարավորինս քիչ ժամանակ կանգնել, վայրէջք են կատարում, վերցնում նոր ուղեւորների եւ անմիջապես օդ բարձրանում: Բացի այդ` եթե ճանապարհորդեք ձեր ընտանիքի անդամի հետ, ապա իրար կողք նստելու համար պետք է վճարեք: Իսկ «Պոբեդա»-ի դեպքում դրա նվազագույն վճարը կազմում է մոտ 1000 դրամ: Ի տարբերություն մյուս ավիաընկերությունների՝ «Պոբեդան» սնունդ չի առաջարկում ուղեւորության ժամանակ՝ ո՛չ անվճար, ո՛չ վճարովի, քանի որ սրահը մաքրելը ժամանակ է խլում եւ ծախսատար է: «Պոբեդան» եւս մեկ անհարմարություն ունի. անմաքս խանութներից (duty-free) գնված ապրանքն ինքնաթիռի սրահ մտցնելու համար պետք է վճարել:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն անցկացրեց ընկերության պաշտոնական կայքէջում եւ պարզեց, որ ապրիլի 22-ին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան ավիատոմսի արժեքը կազմում է 8100 ռուսական ռուբլիին համարժեք 68 հազար 850 դրամ: Ապրիլի 25-ին ընկերությունը մի փոքր էժան է առաջարկում ավիատոմսը՝ 5100 ռուբլի` 43 հազար 350 դրամ, ապրիլի 27-ին՝ 36 հազար 210 դրամ՝ 4260 ռուբլի, ապրիլի 29-ին՝ նույնքան: Մայիսի 2-ին այն կրկին կէժանանա՝ դառնալով 3840 ռուբլի` 32.640 դրամ: Նշված գինը պահպանվում է մայիսի 4-ին ու մայիսի 6-ին:
Իսկ ահա մայիսի 2-ին Երեւան-Մոսկվա ուղղության ավիատոմսը «Սիբիրավիա» ընկերությունը առաջարկում է 35 հազար 190 դրամով: Նշենք, որ ավիատոմսի արժեքի մեջ ներառված են նաեւ 10 կգ ձեռքի բեռն ու 23 կգ ուղեբեռը: Իսկ մայիսի 4-ին ու 6-ին նույն ընկերությունը առաջարկում է 22 հազար 440 դրամով ավիատոմս՝ կրկին նույն պայմաններով: Նկատենք, որ «Աէրոֆլոտ» ընկերությունը մայիսի 2-ին առաջարկում է 63 հազար 750 դրամով ավիատոմս: Իհարկե, «Պոբեդա»-ն, որը պատկանում է «Աէրոֆլոտին», առաջարկում է ավելի էժան ավիատոմս, բայց ընդունենք, որ կան այլ ընկերություններ, որտեղից հնարավոր է ավելի հարմար գնով եւ լավ պայմաններով ավիատոմս ձեռք բերել:
Ավելին՝ ընկերությունը Գյումրի-Մոսկվա ավիատոմսը մայիսի 9-ին կրկնակի թանկ գնով կառաջարկի: Ընկերությունը նշված օրը ավիատոմսը առաջարկում է 6780 ռուբլիով՝ 57 հազար 630 դրամով: Ինչը մայիսի 11-ին եւ 13-ին կրկին էժանանում է՝ դառնալով 3840 ռուբլի՝ 32.640 դրամ, բայց ոչ մի դեպքում 10 հազար կամ 20 հազար դրամ:
Թվում է, թե լոու-քոստերը ամռան ամիսներին ավելի մատչելի գնով կառաջարկի ավիատոմսերը, սակայն այդպես չէ: Օրինակ՝ հունիսի 8-ին ընկերությունը առաջարկում է 5100 ռուբլի՝ 43 հազար 350 դրամ արժեք ունեցող ավիատոմս: Նույն արժեքն ունի նաեւ հունիսի 13-ին առաջարկվող ավիատոմսը: Հունիսի 29-ին այն կրկին թանկանում է՝ դառնալով 6780 ռուբլի՝ 57 հազար 630 դրամ: Նույն բարձր գները պահպանվում են նաեւ հուլիս ամսին, երբ մարդիկ ավելի շատ են նախընտրում հանգստի մեկնել: Ստացվում է, որ ընկերությունը, առիթից օգտվելով, թանկացնում է ավիատոմսերի սակագները: Մինչդեռ նույն ընկերությունը հայկական ավիաշուկա մտնելիս խոստանում էր, որ առաջարկելու է 10 հազար դրամից սկսվող ավիատոմսեր:
Ավելին՝ նկատենք, որ նույն ընկերությունը ամռան երրորդ ամսին ավելի բարձր գնով է առաջարկում ավիատոմսերը: Օրինակ՝ օգոստոսի 19-ին Գյումրիից Մոսկվա ուղղությունը 8100 ռուբլիով՝ 68 հազար 850 դրամով: Ի դեպ, ողջ օգոստոսին ավիատոմսերը վաճառվելու են բարձր գներով: Իսկ ահա «Սիբիրավիա» ընկերությունը նշված օրը առաջարկում է 66 հազար 300 դրամով ավիատոմս՝ 2550 դրամով էժան:
«Ժողովուրդ»-ը ընկերության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ ավիաընկերությունը առաջարկում է 3 սակագին՝ ստանդարտ, պլյուս եւ պրեմիում: Ստանդարտ սակագինը ենթադրում է, որ մեկ ուղեւորի համար թռիչքի գինը ներառում է մինչեւ 10 կիլոգրամ ուղեբեռ՝ առնվազն 150 սմ, որպես ձեռքի ուղեբեռ անվճար թույլատրվում է կանացի պայուսակ՝ առնվազն 75 սմ, տղամարդկանց դեպքում՝ գործնական տեսքի պայուսակ՝ նախատեսված ուսերին գցելու համար, առնվազն 75 սմ, ինչպես նաեւ՝ անձրեւանոց, ծաղկեփունջ: Պլյուս սակագնի մեջ, բացի անվճար նորմայից, պահպանվում է մինչեւ 10 կգ ուղեբեռը՝ առնվազն 150 սմ, ինչպես նաեւ տեղերի ընտրություն՝ բացառությամբ 1-ին, 2-րդ, 15-րդ եւ 16-րդ տեղերի: Ստանդարտ եւ պլյուս սակագները անվերադարձ են, իսկ ինքնակամ հրաժարվելու դեպքում գումարը չի վերադարձվում: Պրեմիում սակագնի մեջ պահպանվում է անվճար նորման, ինքնաթիռի սալոնում մինչեւ 10 կգ ուղեբեռը՝ նշված չափանիշներով, ինչպես նաեւ տեղ բեռնախցիկում մինչեւ 20 կգ՝ առնվազն 23 սմ, ինչպես նաեւ տեղերի ընտրություն, չվերթից ինքնակամ հրաժարում՝ 2000 ռուբլիի չափով, օրվա կամ ժամի փոփոխություն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում՝ ըստ ժամանակացույցի:
Հայտնի փաստ է, որ ռուսական ավիաընկերությունները գերիշխում են Հայաստանի երկնքում եւ թալանում հայաստանցիներին` իշխանությունների կողմից վարվող «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում: Ստացվում է, որ ռուսական մի քանի ընկերություններ մոնոպոլիզացրել են ՀՀ ավիափոխադրումների ռուսաստանյան ուղղությունները: Սովորաբար ռուսաստանյան ուղղությունները բաշխվում եւ վերաբաշխվում են մի քանի հիմնական խոշոր խաղացողների կողմից: Դրանք են՝ «Աէրոֆլոտը», «S7»-ը եւ «Ուրալյան ավիաուղիները»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ