ԱՄՆ-ն փորձում է խուսափել ավելորդ ակտիվությունից այնտեղ, որտեղ կարող է զայրացնել Ռուսաստանին: Այս մասին Trend-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ եվրոպական և եվրասիական հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:
Խոսելով անցած շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման մասին՝ փորձագետն այդ հանդիպումը «մոսկովյան գործընթաց» է անվանել: «Դա Մոսկվայի հետևողական ջանքերի շարունակությունն է՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դրական փոփոխություններ մտցնելու համար»,-ասել է Բրայզան՝ հիշեցնելով անցած տարի մայիսին նման ֆորմատով հանդիպման մասին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս հստակ քաղաքականություն չի մշակել Հարավային Կովկասի համար, իսկ նման ակտիվությունից խուսափելու միտումը ստեղծվել էր դեռևս Բարաք Օբամայի ադմինիստրացիայի կողմից, իսկ Թրամփն այն պարզապես շարունակում է:
«Օբամայի կարծիքով՝ ԱՄՆ-ն չափազանց ակտիվ քաղաքականություն է վարել աշխարհում, և Օբաման որոշեց ամերիկյան քաղաքականությունն առավել հանգիստ հունով տանել»,-ասել է Բրայզան: