ԿՐԿԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու: Բանն այն է, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու, եւ նշանակվելիք նախարարները պաշտոնավարելու են ընդամենը մեկ տարի: Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ներսում մեկ տարի անց պաշտոնների համար կրկին մրցավազք է սկսվելու:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, որ առաջիկայում ձեւավորվելիք կառավարությունը կպաշտոնավարի մինչեւ հաջորդ տարվա ապրիլ, երբ լրանան նախագահական իր լիազորությունները, ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն ու երկիրը վերջնական անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի: Միայն դրանից հետո կձեւավորվի հիմնական կառավարությունը` քաղաքական նոր կառավարման համակարգի տրամաբանությանը համապատասխան: Այս փաստը, բնականաբար, ՀՀԿ-ականների մի մասն ուրախությամբ է ընդունել, քանի որ հույս ունի մեկ տարվա ընթացքում այնպես անել, որ պաշտոն ստանա, իսկ ոմանք էլ տխրել են, քանի որ կասկածում են կրկին կառավարության կազմում լինելու հեռանկարին:
Ի դեպ, այս ամենով պայմանավորված՝ հավանական է, որ մեկ տարվա կյանք ունենա նաեւ ՀՀԿ-ՀՅԴ ձեւավորվելիք կոալիցիան, եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հիմա ՀՅԴ-ն բանակցություններ է վարում, որպեսզի փաստաթղթավորված երաշխիքներ ստանա առաջիկա հինգ տարում կոալիցիայի կազմում լինելու մասին:

 

 

 
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի 17/21 ընտրական տեղամասում գրանցված ընտրողների ուղղորդումների եւ այլ խախտումների մասով ոչ միայն քրեական գործ է հարուցվել, այլեւ ընտրությունների արդյունքներն են անվավեր ճանաչվել: Ըստ շրջանառվող լուրերի՝ ուղղորդողները եղել են նախկինում ԲՀԿ-ական, իսկ այս ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները: Մինչդեռ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Առաքելյանը շտապեց հերքել ուղղորդման փաստը. «Դա իմ գյուղն ա, ես միշտ էլ շատ ձայներ եմ հավաքել»: Նկատենք, որ այս ընտրություններում ԲՀԿ-ն լքած եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակներով առաջադրված պատգամավորները պարտվեցին, մանդատ չստացան: Առաքելյանն այս կապակցությամբ հայտարարեց, թե ինքը շատ հարգում է ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ՀՀԿ-ին` զայրանալով, թե. «Այլ հարց չտաք»:

 

 

 
Ինչպես հայտնի է` ապրիլի 21-ին տեղի էր ունեցել դատավորների միության ընդհանուր ժողովը, սակայն նախագահի ընտրությունները չէին կայացել. երկու թեկնածուներից ոչ մեկը` ո՛չ միության գործող նախագահ Հրաչիկ Սարգսյանը, ո՛չ վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանը, անհրաժեշտ թվով ձայն չէին հավաքել, ու նշանակվել են նոր ընտրություններ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դատարանի նախագահ Արման Մկրտումյանը միանձնյա որոշում է կայացրել նշանակել դատավորների նախագահի ժողով, միության նախագահի պաշտոնի համար ներկայացրել է նոր թեկնածուի` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահ, իր հավատարիմ Երվանդ Խունդկարյանին, որի օգտին էլ հիմա լոբբինգ է անում: Այս փաստը դուր չի եկել միության անդամներին, ու հիմա ներքին լարվածություն է առաջացել:

 

 

 
Ռուսաստանում օրենսդրական հերթական փոփոխությունը լուրջ խնդիրներ է ստեղծել արտագնա աշխատանքի մեկնողների համար: «Ժողովուրդ» օրաթերթը ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներից դժգոհություն ստացավ առ այն, որ երթեւեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից, եւ օտարերկրյա, այդ թվում` ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք ստիպված են Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար որակավորում ստանալ` Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով: Հայտնի է, որ արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների մի մասն էլ զբաղվում է տաքսի կամ հասարակական տրանսպորտ վարելով, ասել է, թե նրանց համար լրացուցիչ խոչընդոտներ են առաջ գալիս: Մինչդեռ ԵՏՄ անդամագրվելիս շարունակ խոսվում էր ինչ-ինչ գործընթացների ու ինտեգրացիայի դյուրինության մասին:

 

 

 
ԽՈՒՍԱՓԵԼՈՎ
Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը երեկ, հերթական անգամ ստիպված լինելով պատասխանել ընդդիմադիր թեկնածուների հետ բանավեճից հրաժարվելու մասին հարցին, լրագրողներին ասել է. «Մեր կատարած աշխատանքը, մեր ծրագրերը, մենք մեր ժողովրդին ենք ներկայացնում, բանավեճով չենք ներկայացնում: Բանավեճն ինձ համար… Ես զարմանում եմ, որ անընդհատ նույն հարցն եք տալիս»: Նկատենք, որ հանրության համար էլ խիստ զարմանալի է այն հետեւողական մերժողականությունը, որ ՀՀԿ-ականները դրսեւորում են հրապարակային բանավեճի յուրաքանչյուր հրավերի կապակցությամբ: Հիշեցնենք, որ նույն պատկերն էր վերջին խորհրդարանական ընտրությունների շրջանում, երբ ՀՀԿ-ական կարկառուն դեմքերն այդպես էլ որեւէ հրապարակային դեբատի չմասնակցեցին՝ դրա համար ներկայացնելով տարատեսակ պատճառաբանություններ: Անշուշտ, հենց այսօր Սահմանադրական դատարանում ներկայացվող բազմաթիվ ընտրախախտումների վերաբերյալ փաստերը ցույց են տալիս, որ իշխանությունները կանխավ արդեն վստահ էին իրենց հաղթանակում, եւ հանրության համակրանքը նաեւ բանավեճերի միջոցով շահելու կարիք առանձնապես չէին տեսնում: Առավել եւս, որ կար շատ մեծ ռիսկ, որ հրապարակային դեբատների մասնակցելու դեպքում կարող էր ստացվել լրիվ հակառակ պատկերը:
ՀՀ-ում, իհարկե, դեբատների մշակույթն առհասարակ կայացած չէ, եւ անկախության 25 տարիների ընթացքում հիշարժան բանավեճերը՝ երկրի կարեւոր դերակատարների մասնակցությամբ, մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել: Ընդ որում, փաստ չէ, որ դրանց արդյունքում իշխանությունը հայտնվել է նվազ շահեկան դերում: Սակայն մտահոգիչն այն է, որ տարիների ընթացքում այս հարցում արձանագրվեց ոչ թե առաջընթաց, այլ կտրուկ հետընթաց, երբ բանավեճի հրավերների մերժումները հետզհետե սկսեցին ավելի ու ավելի ցինիկ եւ ոչ քաղաքական ձեւակերպումներ ստանալ:
Հիմա էլ հասկանալի չէ, թե ինչ է նշանակում՝ մենք մեր քարոզարշավն այսպես ենք կառուցել եւ վերջ: Իրականում շատ հեշտ է կանգնել հրահանգով նախընտրական հանդիպման բերված քաղաքացիների առջեւ եւ ամպագոռգոռ ճառեր ասել՝ վստահ լինելով, որ այդ մարդկանցից որեւէ մեկը չի համարձակվի անցանկալի հարցեր տալ կամ էլ անցած տարիներին արածի ու չարածի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացմամբ «նեղը գցել»: Այս օրերին ՀՀԿ ներկայացուցիչները տարբեր առիթներով նշում են, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս երկու ուժերի ներկայացրած ծրագրերը պոպուլիստական են եւ անիրագործելի, մինչդեռ իրենց թեկնածուն եւ իրենց թիմն այս տարիներին արել են հնարավոր առավելագույնը: Եթե Տ. Մարգարյանը այդքան վստահ է, որ անցած 4 տարիներին իր կատարած աշխատանքը բավարար է, եւ առավել եւս՝ առաջիկայի ծրագրերն էլ՝ հիմնավոր, պիտի որ չխուսափի նախընտրական դեբատի մասնակցելուց եւ իր ընդդիմախոսների անիրատեսական խոստումների եւ «պոպուլիզմի դիմակը» պատռելուց:




Լրահոս