Այսօր լրագրողների հետ է հանդիպել ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ով հիշեցրեց, որ արդեն կայացել է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը։
Նրա խոսքով, նախատեսվող համաձայնագրով ՀՀ-ն կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն: «Մեր գործընկերների հետ ունեցել ենք շատ պրոդուկտիվ և դինամիկ բանակցություններ, ընդգծել ենք այն կետերը, որտեղ ունենք որոշակի հարցեր, որոնք երկկողմանի ճշգրտման կարիք ունեն։ Նախանշվել են այն անելիքները, որոնք առաջիկայում պետք է անենք»,- հավելեց նա:
Ավետիսյանը ընդգծեց, որ այդ պայմանագիրը շատ կարևոր է. «Ըստ էության, մենք լիբերալիզացնում և ազատականացնում ենք դաշտը ԵՄ անդամ բոլոր պետությունների հետ, մեր օրենսդրության մեջ մտցնում ենք այն իրավական կարգավորումները, որոնք կստեղծեն իրավական հիմք և բազա, որ ավիաընկերություններն ավելի ապահով և ավելի կանխատեսելի զգան», – եզրափակեց նա:։