Վանաձորում վթարային շենքի տանիքը փլուզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի Տպագրիչների 7 շենքի 2-րդ շքամուտքում օրերս փլվել է տանիքի մի հատվածը: Շենքը վթարայնության 4-րդ կարգ ունի եւ հակառակ այն բանի, որ շենքում բնակվելը վտանգավոր է ու անթույլատրելի, այնուամենայնիվ շենքի 12 տներից 4-ում դեռեւս մարդիկ են ապրում: Նշված շքամուտքի առաջին հարկի բնակիչ Հեղինե Մելքոնյանի խոսքով՝ փլուզումը տեղի է ունեցել գիշերով, ինչի շնորհիվ էլ բարեբախտաբար տուժածներ չեն եղել, սակայն տանիքի մյուս հատվածն էլ ամեն պահի կարող է փլուզվել:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ Սուրեն Աբովյանի խոսքով՝ շենքը երկրաշարժի ժամանակ քիչ է տուժել: Քաղաքի գլխավոր ճարտարապետը որպես շենքի ներկայիս վատ վիճակի հիմնական մեղավոր նշում է բնակիչներին, ովքեր ըստ նրա՝ նորմալ չեն պահպանել շենքը:
Նշված եւ համեմատաբար բարվոք վիճակում գտնվող Տպագրիչների 5 շենքի տանիքի նորոգման համար անհրաժեշտ է 7-8 միլիոն դրամ գումար, իսկ ամրացումը նույն ծախսը կպահանջի, ինչ-որ նոր շենք կառուցելը:

Բայց արի ու տես, որ այսօր ո՛չ նոր շենք կառուցելու մասին է խոսվում, ո՛չ էլ վթարային շենքը նորոգելու.«Շենքի միայն տանիքը նորոգելը տեխնիկապես հնարավոր չէ ու նպատակահարմար էլ չէ: Պետք է լուրջ աշխատանքներ արվեն, որն այսօր հնարավոր չէ»,-ասաց Սուրեն Աբովյանը:
Մելքոնյանների ընտանիքը շենքում բնակվում է 1960 թվականից: Նրանց խոսքով, սակայն, մինչ օրս շենքում որեւէ աշխատանք չի կատարվել:

2001 թվականից շենքի վթարայնության աստիճանը վերափոխվել է ու դարձել երրորդ կարգ, որպեսզի բնակիչները կարողանան շարունակել բնակվել իրենց տներում: Բնակիչները տարիներ առաջ մերժել են նաեւ Լինսի հիմնադամի կիողմից այլ բնակարանի տրամադրման առաջարկը: Արդյունքում շենքի վիճակը վատթարացել է՝ հասնելով փլուզման աստիճանի:

Վանաձորի քաղաքապետարանը շենքի բնակիչներին հորդորում է լքել բնակարանները, սակայն բնակիչներից շատերը, այդ թվում եւ Մելքոնյանները, վստահեցնում են` գնալու տեղ չունեն:
Համատիրությունների, ճարտարապետական ու կոմունալ տնտեսության բաժինների ղեկավարների մասնակցությամբ շենքի հետագա ճակատագիրը դեռ կքննարկվի, իսկ մինչ այդ քաղաքապետարանի եւ փրկարար ծառայության կողմից կատարվում է իրավիճակի գնահատում:
Վանաձորում 88-ի երկրաշարժից մինչ օրս առկա է թվով 84 երրորդ կարգի վթարայնություն ունեցող շենք, որոնց բնակիչները ամեն օր լուսացնում են վախը սրտներում:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս