Որ համայնքներն առաջիկայում կխոշորացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. փետրվարի 14-ին Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում տեղի ունեցած խոշորացումից հետո Թումանյան համայնքին միացան թվով 7 գյուղական համայնքներ: Արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ այս տարի եւս Լոռու մարզում խոշորացումներ կլինեն: Մասնավորապես ընտրություններ տեղի կունենան Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջաններում: Չնայած նախագիծը դեռս քննարկման փուլում է, եւ որեւէ հստակ պատասխան չկա, թե քանի համայնք է միանալու Ստեփանավանին եւ Տաշիրին, սակայն մի բան պարզ է՝ խոշորացում միանշանակ լինելու է:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը «Ժողովուրդ» օրաթեթրի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին աշխատանքային քննարկումներ են տարվում միայն. «Համայնքի ղեկավարների հետ խորհրդակցություններ են արվում, իրենց առաջարկներն ենք լսում, որից հետո կներկայացնենք տարածքային կառավարման նախարարություն, որն էլ արդեն կտանի կառավարություն ու ազգային ժողով»,-ասաց նա:

Մեզ հայտնի դարձավ, որ Ստեփանավանի տարածաշրջանում կլինի 2 խոշորացված համայնք՝ Ստեփանավան եւ Գյուլագարակ, մյուսները կմիանան նշված համայնքներին: Չի բացառվում սակայն, որ փոփոխություններ լինեն նախագծում:
Իսկ ահա Տաշիրում կլինի 2-3 համայնք: Բոլոր գյուղերը կմիանան Տաշիր քաղաքին, ինչպես նաեւ Մեծավան եւ Սարչապետ գյուղերին: Սա եւս վերջնական չէ ու դեռեւս քննարկման փուլում է:

Գուգարքի տարածաշրջանում, որն ընդգրկում է Վանաձոր քաղաքն ու հարակից գյուղական համայնքները, եւս նախատեսվում է համայնքների խոշորացում իրականացնել, սակայն ընտրությունները տեղի կունենան ոչ այս տարի: Մարզկենտրոն Վանաձորին նախատեսվում է միացնել Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքները: Խոսվում է նաեւ Բազում գյուղը Վանաձորին միացնելու մասին:

Ավելացնենք, որ Ստեփանավանի տարածաշրջանի կազմի մեջ է մտնում Ստեփանավան քաղաքն ու 18 գյուղական՝ Ագարակ, Ամրակից, Բովաձոր, Գարգառ, Գյուլագարակ, Լեջան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր, Կողես, Կուրթան, Հոբարձի, Հովնանաձոր, Յաղդան, Պուշկինո, Սվերդլով, Վարդաբլուր, Ուրասար, Ուռուտ համայնքները, իսկ Տաշիրի տարածաշրջանում Տաշիր քաղաքն ու 19 գյուղական՝ Ապավեն, Արծնի, Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Ձյունաշող, Ձորմուտ, Մեդովկա, Մեծավան, Մեղվահովիտ, Միխայլովկա, Նովոսելցովո, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե, Սարատովկա, Սարչապետ համայնքները:
Առաջիկայում կներկայացնենք խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքների ղեկավարների կարծիքները` սպասվող ընտրությունների հետ կապված:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս