Ալիևյան կլանը կրկին արտաքին թշնամու կերպարն է խաղացնում. Դավիթ Բաբայանը՝ սահմանային իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ: Այսօր ևս սահմանին լարված է եղել, և հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս առումով զրուցեցինք Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ, ով նշեց, որ սահմանին իրավիճակը եղել է միջին լարվածության:

«Միջին լարվածություն է, նորություն չէ: Սա մեզ համար ոչ տարօրինակ էր, ոչ էլ անսպասելի», – նշեց նա: Անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին` նա նշեց, որ հակառակորդը դիմել է ահաբեկչական գործողության:

«Ասեմ որ ամենակարևորը մենք չունենք ոչ մարդկային կորուստ, ոչ վիրավորներ: Չունենք նաև տեխնիկայի կորուստ: Այսինքն, մասնակի խոցվել է ոչ ռազմական նշանակություն ունեցող մի մեքենա, այդքան բան: Բայց սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանն իրականացնում է իր ահաբեկչական գործողությունը», – նշեց նա:

Բաբայանի խոսքով` սա պետք է ազդանշան լինի ողջ միջազգային հանրության համար: Նա ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը ևս ազդանշան համարեց միջազգային հանրության համար, և նշեց, որ պետք է ավելի ուշադիր լինել: «Ալիևյան կլանը փորձում է ամեն կերպ ճնշել ներքին դժգոհությունները: Եվ դրա հետ մեկտեղ կրկին արտաքին թշնամու կերպարն է խաղացնում, որպեսզի բնակչության ուշադրությունը շեղի», -հավելեց նա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս