Լիտվայի պետական սահմանի հսկողության ծառայությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ սահմանին՝ Կալինինգրադի շրջանում, պաշտպանական պատի կառուցման մասին, տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
«Կալինինգրադի շրջանի հետ պետական սահմանի հատվածում կկանգնեցվի 44,6 կիլոմետր երկարությամբ, երկու մետր բարձրությամբ մետաղական ցանկապատ:
Այնտեղ կտեղադրվեն լրացուցիչ սարքավորումներ: Այն կտեղադրվի երեք պետությունների՝ Լիտվայի, Լեհաստանի և Ռուսաստանի սահմանների հատման կետից սկսվող հատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Աշխատանքների արժեքը գնահատվում է 1 միլիոն 335 հազար եվրո: Նշենք, որ այդ գումարները հատկացվել են Լիտվայի բյուջեից:
Ի դեպ, պայմանագրում նախատեսված բոլոր աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2017 թվականի դեկտեմբերի 20-ը: