ՀԱՐՑ. Նկատել եմ, որ թեմի առաջնորդների գավազանի վրա պատկերված են երկու օձեր: Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ խորհուրդ ունի դա: Եվ, առհասարակ, գավազան ունենալու իրավունք ո՞ր հոգեւորականներն ունեն:
Օֆելյա Մխիթարյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Օ. Մխիթարյանի հարցին ի պատասպան՝ հայտնում ենք, որ եկեղեցու առաջնորդը Վեհափառից հետո հոգեւոր հովիվն է: Նա պատասխանատու է մի շրջանի կամ երկրի եկեղեցիների եւ հոգեւոր կյանքի համար: Հովվական ասան (ցուպը) կրում են կաթողիկոսները, պատրիարքները եւ հոգեւոր առաջնորդները:
Երկգլխանի օձագլուխ գավազան ունեն նաեւ վարդապետները, որոնց, ըստ մեր եկեղեցու ավանդության, քարոզելու եւ Ս. Գիրքը մեկնաբանելու իրավունք է տրված: Գավազանի վրա պատկերված օձերն իմաստություն եւ խոհականություն են խորհրդանշում՝ ըստ Քրիստոսի պատվերի. «…Այսուհետեւ խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ` աղավնիների նման» (Մատթ. 10:16): Խորագետ բառն այստեղ պետք է հասկանալ ոչ թե հնարամիտ, այլ խոհուն իմաստով:
Օրհնությամբ` Տ. Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ գավազանը եկեղեցում պաշտոնի եւ աստիճանի նշան է, կուսակրոն հոգեւորականների պատվի նշան: Այն հոգեւոր իշխանության, հովվության եւ առաջնորդության խորհրդանիշն է, որը տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ եւ աղոթքով: Եպիսկոպոսական կամ հովվական գավազանները կրում են ե՛ւ եպիսկոպոսները, ե՛ւ կաթողիկոսները:
Ի դեպ, կաթողիկոսի օգտագործած գավազանը համեմատաբար ավելի շքեղ է պատրաստված եւ վերեւի մասում ունի ամրացված արծվի պատկերով, ոսկեթել, գեղեցիկ մի ասեղնագործություն՝ դաստառակ: