Շաբաթ օրը նրան տարել են բաժին, հետո բաց են թողել. Կրթության տեսչության պետը՝ աշխատակցի ձերբակալման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Hraparak.am-ն այսօր գրել էր, որ իրենց տեղեկություններով քիչ առաջ ձերբակալվել է Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը։ Պարզաբանումներ ստանալու նպատակով ArmLur.am-ը զրուցեց Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանի հետ:

-Պարո′ն Կարապետյան, կպարզաբանեք տեղի ունեցածը: Ինչո՞ւ է բաժնի պետը ձերբակալվել:

– Այս գործողությունն այնքանով է առնչվում տեսչության հետ, որ նա ընդամենը մեզ մոտ է աշխատում: Այն արարքը, որի մեջ նա կասկածվում է, իր պաշտոնական անձնագրի հետ ոչ մի կապ չունի: Մարդ է՝  կարող է գնացել գողություն է արել, կամ այլ հանցագործություն է կատարել, որը դեռ ապացուցելի է: Ոչ ոք չգիտի՝  ինչ է եղել: Ես տեղյակ եմ, որ ինքը կասկածվում ինչ-որ կեղծ փաստաթղթի ձևակերպման մեջ:

– Բայց արդյոք դա հենց աշխատանքի հետ կապված չէ:

– Բացարձակապես, իհարկե ոչ: Մենք փաստաթուղթ չենք տալիս: Ինքը փաստորեն իր պաշտոնական գործողությունների արդյունքում դա չի արել:

– Ինքն այսօր աշխատանքի եկե՞լ էր: 

– Ոչ, նա երկուշաբթի օրվանից արձակուրդում է գտնվում և մեկնել է անհայտ ուղղությամբ: Նրան ոչ ոք չի կարողանում գտնել: Համենայնդեպս, մեր բոլոր ջանքերը և ցանկությունները, որ կանչեինք, բերեինք, հասկանայինք՝  ինչ է եղել, չստացվեց, հաջողություն չունեցավ:

– Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապվե՞լ են Ձեզ հետ:

– Իրավապահ մարմիններն ինձ շաբաթ օրը տեղյակ պահեցին, որ պետք է աշխատասեղանը նայեն: Եկա իրենց հետ այստեղ, ինքն էլ ներկա էր: Հետո միասին գնացինք, ես հետո իմացա, որ իրեն բաց են թողել: Բայց այսօր ես Ձեզանից եմ լսում, որ նա ձերբակալվել է:

– Նրա արձակուրդ գնալը պարզապես համընկնո՞ւմ էր: 

– Շաբաթ օրվանից հետո երկուշաբթի օրը ինքն էլեկտրոնային եղանակով դիմում էր ուղարկել, որ իր հաշվին արձակուրդ գնա: Մի անգամ եկան իրավապահները, գնացին բաժին, հետո իրեն հաստատ բաց են թողել:

– Իր հետ էլ ոչ մի կերպ չե՞ք կարողանում կապ հաստատել:

– Իրեն գտնել հնարավոր չէ: Ոչ զանգերին է պատասխանում, ոչ երեխաները գիտեն, թե որտեղ է: Չափահաս երեխաներ ունի, բանակ գնացած-եկացած: Նախկինում երակար տարիներ նա քննիչ է աշխատել, հին աշխատող է: Տա Աստված, որ հերքվի այդ կասկածները:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս