Իջևանի բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի վարիչ Էդվարդ Ֆրանգուլյանը չի մեկնաբանում նախօրեին ծննդատանը մահացած նորածնի դեպքը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց բաժանմունքի վարիչը, խնդրելով սպասել, մինչև որ կստացվեն նշանակված փորձաքննությունների պատասխանները.
«Կնոջ առաջին ծննդաբերությունն է եղել, պտուղը եղել է աղջիկ երեխա»,-ասաց տնօրենը, հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել:
Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարածած հաղորդագրության համաձայն՝ 2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է:
Դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Բժշկական կենտրոնից առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը և նորածնի մահվան ու քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:
Էդվարդ Արզումանյան
Լոռի