Ամբողջությամբ այրվել է ներսում եղած ողջ գումարն ու փաստաթղթերը. մանրամասներ Մեծ Սարիարի գյուղապետարանի հրդեհից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղապետարանի փայտե շենքն ամբողջությամբ այրվել է երեկվա ուժգին կայծակի արդյունքում: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց Մեծ Սարիարի գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը: «Ուժեղ քամի էր, կայծակ… բայց իրական պատճառը փորձաքննությունը կպարզի: Կայծակը զարկեց, բոցն առաջացավ»,- ներկայացրեց գյուղապետը` ընդգծելով, որ գյուղապետարանի շենքի ներսում ոչ ոք չի եղել:

Իսկ գյուղապետարանի փայտե շենքն այրվել է երեկ կեսգիշերն անց: Գյուղապետը մեզ հետ զրույցում ափսոսանքով նկատեց, որ այրվել են գյուղապետարանում առկա բոլոր կարեւոր փաստաթղթերը, նույնիսկ` գումարները:

«Գյուղապետարանում կար 82 հազար դրամ, որն այրվել է, փաստաթղթերը նույնպես այրվել են»,- հավելեց Մեծ Սարիարի գյուղապետ Բաբիկ Ավետիսյանը:

ArmLur.am-ը զրուցակցից հետաքրքրվեց, թե համայնքի ավագանու նիստերը որտեղ են անցկացվելու: Հարցին ի պատասխան` գյուղապետն ասաց. «Հավանաբար, գյուղի դպրոցի շենքում մի սենյակ կվերցնենք, այնտեղ կանցկացնենք ավագանու նիստերը: Կամ էլ`գյուղում մարդիկ կան, որոնք տարիներով այստեղ չեն, հանրապետությունից դուրս են գտնվում, նրանցից մեկի տանը կաշխատենք»:




Լրահոս